Մբապե․ Եզրափակիչի օրը կատակում եմ, դիտում եմ ֆիլմեր, զանգում եմ ընկերներիս
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն պատմել է, թե ինչպես է անցկացնելու օրը նախքան Չեմպիոնների լիգայի եզրափակիչը։ Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը օգոստոսի 23-ին կմրցի Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» հետ։
«Եզրափակիչի օրն առանձնահատուկ ինչ-որ բան չեմ անում։ Սովորաբար կատակում եմ, դիտում եմ ֆիլմեր, զանգում եմ ընկերներիս։
Մինչեւ 19։30-ը կլինի սովորական օր, իսկ հետո մենք կսկսենք մտածել եզրափակիչի մասին»,- Մբապեի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
ՊՍԺ - «Բավարիա» եզրափակիչը Լիսաբոնում կմեկնարկի տեղի ժամանակով 20։00-ին, Երեւանի ժամանակով՝ 23։00-ին։
ՊՍԺ-ն առաջին անգամ հանդես կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչում, «Բավարիայի» համար կլինի 11-րդ եզրափակիչը։ Մյունխենյան ակումբը հնգակի տիտղոսակիր է։