«Դժվար է լինելու, շատ դժվար»․ Մեսսիի հայրը՝ իր որդու ապագայի մասին․ L'Equipe
«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսիի հայր Խորխե Մեսսին ասել է, որ իր համար դժվար է պատկերացնել, որ որդին կարող է մնալ կատալոնական ֆուտբոլային ակումբում: Անցյալ շաբաթ հաղորդվեց, որ Մեսսին «Բարսելոնային» հայտնել է, որ ցանկանում է խզել պայմանագիրը, որն ավարտվում է 2021 թվականին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 33-ամյա հարձակվողը նաև հայտարարել է անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելու ցանկության մասին: Արգենտինացու տրանսֆերի մյուս հավակնորդներն են ֆրանսիական «Փարիզ Սեն Ժերմենը» և իտալական «Յուվենտուսը»: Իր որդու շահերը ներկայացնող Խորխե Մեսսին ծանր է գնահատել որդու՝ «Բարսելոնայից» այլ ակումբ տեղափոխության հետ կապված իրավիճակը։ Հարցին, թե ինչպիսին է նա տեսնում որդու ապագան «Բարսայում», Խորխեն պատասխանել է. «Դժվար է լինելու, շատ դժվար»: Բացի այդ, Խորխե Մեսսին ասել է, որ չգիտի` արդյո՞ք Մեսսին կհեռանա «Բարսայից»։