Նեյմարը կարող է որակազրկվել 4-7 հանդիպումով․ RMC Sport
«Փարիզ Սեն Ժերմենի» հարձակվող Նեյմարը Ֆրանսիայի առաջնության «Մարսելի» դեմ խաղում իր պահվածքի համար կարող է որակազրկվել 4-7 հանդիպումով, հայտնում է RMC Sport-ը: Հանդիպման ավարտին, որը տեղի ունեցավ կիրակի օրը Փարիզում և ավարտվեց հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով, խաղադաշտում սկսվեց քաշքշուկ, որի արդյունքում մրցավարը կարմիր քարտեր ցույց տվեց ՊՍժ-ից Նեյմարին, Լևան Կուրզավային և Լեանդրո Պարեդեսին, իսկ «Մարսելից»՝ Դարիո Բենեդետոյին և Ջորդան Ամավիին: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ հանդիպման ընթացքում Նեյմարը մի քանի անգամ դիմել է մրցավարին «ոչ մի ռասիզմ» բառերով՝ մատնացույց անելով Ալվարո Գոնսալեսին: Երկրորդ խաղակեսին ավելացված ժամանակում ֆուտբոլիստները բախում ունեցան, որից հետո Նեյմարը հարվածեց իսպանացու գլխի հետնամասին, ինչի համար հետագայում ստացավ կարմիր քարտ: Ըստ RMC Sport-ի՝ Ֆրանսիական պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի կարգապահական կոմիտեն այս գործը քննելու համար հիմնվելու է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի (FFF) կանոնակարգի վրա, որը նախատեսում է որակազրկել մինչև 7 հանդիպմումով նման վարքի համար: Գործի քննությունը տեղի կունենա չորեքշաբթի օրը: