Չավին՝ «Բարսելոնայի» փրկություն
«Բարսելոնան» վերջին շրջանում խորը անկում է ապրում։ Դա է վկայում ակումբի գրանցած անհաջողությունների շարքը։ Լա Լիգայի այս մրցաշրջանում «Բարսելոնան» անցկացրել է 13 հանդիպում, որից 5-ում հաղթել է, 3 խաղում պարտություն կրել, իսկ 5 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։ Մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը, առաջատար Սևիլյայից հետ է մնում 8 միավորով։ Չեմպիոնների լիգայում դրությունը նույնպես հուսադրող չէ, 4 տուրից հետո «Բարսելոնան» հաղթել է 2 մրցակցի և երկու հանդիպում ավարտել պարտությամբ։ Խմբում կապտանռնագույնները զբաղեցնում են 2-րդ հորիզոնականը՝ ունենալով իր ակտիվում 6 միավոր։ Նրանց հետապնդում են «Բենֆիկան»՝ 4 միավորով, և խմբի հետնապահը՝ Կիևի «Դինամոն»՝ 1 միավորով։ Գալիք տուրում «Բարսելոնան» կմրցի «Բենֆիկայի» հետ։ Այս հանդիպումը վճռորոշ կլինի երկու թիմերի համար էլ՝ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ դուրս գալու համար պայքարում։ Հաղթանակի դեպքում «Բարսելոնան» կամրապնդվի 2-րդ հորիզոնականում և անկախ 6-րդ տուրի արդյունքներից՝ դուրս կգա 1/8-րդ եզրափակիչ։ Ցանկացած այլ արդյունք այդ դիմակայությունում կարող է հարվածի տակ դնել «Բարսելոնայի» ապագան Չեմպիոնների Լիգայում։ Եթե նույնիսկ թիմերը գրանցեն ոչ-ոքի արդյունք՝ ապա 6-րդ տուրում Բարսային չափազանց դժվար կլինի պահպանել 2-րդ հորիզոնականը, քանի որ մրցակիցը լինելու է խմբի առաջատար «Բավարիան», իսկ «Բենֆիկան» հանդիպելու է «Դինամո» Կիևին և ամենայն հավանականությամբ պորտուգալական գրանդը իր 3 միավորը կվաստակի այդ խաղում։ Այս ամենը անհույս կթվար, եթե կատալոնացիների ղեկավարությունը չգտներ հույսի նշույլ՝ ակումբի կենդանի լեգենդ Չավիի վերադարձը։ 6 տարի անց «Բարսելոնայի» լեգենդար կիսապաշտպանը վերադառնում է տուն՝ այս անգամ որպես գլխավոր մարզիչ։ Կստացվի՞ նրան դուրս բերել «Բարսելոնային» ճահճից, թե ոչ, կարելի է միայն ենթադրություններ անել։ Մեր աչքի առաջ ունենք նմանօրինակ դեպք, երբ թիմի նախկին ֆուտբոլիստը վերադառնում է արդեն որպես գլխավոր մարզիչ և թիմի հետ հասնում մեծ հաջողությունների։ Դե իհարկե, խոսքը՝ Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ և նախկին գլխավոր մարզիչ, լեգենդար Զինեդին Զիդանի մասին է։ Ֆրանսիացի մասնագետը կարճ ժամանակահատվածում անհավանական հաջողությունների հասավ մադրիդյան ակումբի հետ՝ հաղթելով 11 տիտղոս։ Զիդանը երեք տարի անընդմեջ նվաճեց Չեմպիոնների Լիգայի տիտղոսը, ինչը չափազանց մեծ նվաճում է երիտասարդ մասնագետի համար։ Կկարողանա՞ Չավին կրկնել, կամ գոնե մոտենալ ֆրանսիացու հաջողություններին, դժվար է ասել։