Ուկրաինայում դատարանը տղամարդուն տուգանել է «Օդնոկլասնիկի»-ում ԽՍՀՄ զինանշանի պատկերի տակ հավանում դնելու համար
Ուկրաինայի բնակիչը, որը ԽՍՀՄ զինանշանի պատկերի տակ հավանում է դրել և պատկերը տեղադրել «Օդնոկլասնիկի» սոցցանցի իր էջում, տուգանվել է 4250 գրիվնայով (11 600 ռուբլի), գրում է iz.ru-ն։
Նշվում է, որ մեղադրյալը, որը գազալցակայանի աշխատակից է, հավանումը դրել է 2020 թվականի մայիսի 30-ին՝ «քարոզչական բացիկի» տակ:
Հետաքննությունը նման գործողությունները որակել է որպես «սահմանադրական կարգը բռնի փոխելու կամ տապալելու կամ պետական իշխանությունը զավթելու նպատակով կանխամտածված գործողություններ կատարելու կոչով նյութերի տարածում»։
Մեղադրյալը, ինչպես ասվում է դատարանի նյութերում, «ամբողջությամբ և անվերապահորեն» ընդունել է իր մեղքը՝ բացատրելով, որ չէր պատրաստվում «որևէ մեկին նման գործողությունների դրդել»։ Դատարանը հաստատել է դատախազության և մեղադրյալի միջև կնքված համաձայնագիրը, ըստ որի՝ տղամարդը պետք է տուգանք վճարի։