Հայրը, որդին ու պապը. պատերազմն ու սերը երեք սերունդների աչքերով (տեսանյութ)
Մարտի 1-ին մեծ էկրան կբարձրանա ռեժիսոր Ռոման Մուշեղյանի «Գարուն ա» ֆիլմը։ Սա պատմություն է պատերազմի, սիրո, մեր օրերի նվիրյալների մասին՝ երեք սերունդների աչքերով:
Ֆիլմի գլխավոր հերոսները երեքն են՝ պապ, որդի, թոռ։ Երեք սերունդ, երեք տարբեր բնավորությունների տեր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրն արտացոլում է մերօրյա հասարակության մտածելակերպը։
Անսպասելի պատերազմը Հայաստանում խառնում է երեք սերունդների անդորրը։ Ֆիլմի ընթացքում մենք ականատես ենք լինում մի ամբողջ ազգի ողբերգությանը մի ընտանիքի պատմության միջոցով:
Ֆիլմում զբաղվածություն ունեն դերասաններ Ալեքսանդր Խաչատրյանը, Լևոն Հախվերդյանը, Արմեն Մարգարյանը, Մարջան Ավետիսյանը, Եվա Զոհրաբյանը, Շանթ Հովհանիսյանը, Ալիս Կապլանջյանը, Վահագն Մարտիրոսյանը, Սաթենիկ Հազարյանը, Նարինե Պետրոսյանը, Թումաջ Դանեշ Բեհզադին եւ այլք:
Ֆիլմի գլխավոր պրոդյուսերն Ալեքսանդր Խաչատրյանն է, պրոդյուսերը՝ Դիանա Ավետիսյանը։ Սցենարի հեղինակն է Հարություն Ղուկասյանը, օպերատորը՝ Սուրեն Թադևոսյանը, իսկ կոմպոզիտորը՝ Արման Էլբերտը։ Մոնտաժը Միքայել Թորգոմյանն է, իսկ նկարիչը՝ Տիգրան Ասատուրով:
«Ֆիլմի ստեղծման գաղափարն առաջացել է Ալեքսանդր Խաչատրյանի մոտ վեց տարի առաջ՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունների ընթացքում։ Այդ ժամանակ բոլորս առաջին անգամ ականատես եղանք, թե ինչպես է ամբողջ ազգը ոտքի կանգնում և համախմբվում բարդ իրավիճակներում։ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները մեզ ստիպեցին անդրադառնալ այս թեմային։ Ֆիլմում կոչ է արվում լրջորեն խորհել պետական մտածողության, պետության պահպանման, ազգային գաղափարախոսության ստեղծման մասին, որում յուրաքանչյուրի դերը առավել քան կարևոր է»,- նշել է ֆիլմի հեղինակը՝ առանձնահատուկ շեշտելով, որ ֆիլմը շատ արդիական ու կարևոր է մեր օրերի համար, քանի որ մեր իրականության արտացոլումն է:
Ֆիլմը Aratta Production-ի, Vision Studio-ի, Phoenix Art Foundation-ի համատեղ արտադրությունն է։ Այն նկարահանվել է ՀՀ պաշտպանության նախարարության և ArLeAM-ի աջակցությամբ: