Ամերիկացին 4 մլն դոլար է շահել վիճակախաղով՝ օգտվելով «հաջողության թխվածքաբլիթի» հուշումներից
ԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգի բնակիչը 4 մլն դոլար է շահել տեղի Mega Millions վիճակախաղով՝ օգտվելով «հաջողության թխվածխաբլիթում» գտած հուշումներից:
Ինչպես հայտնում է Insider-ը, 60-ամյա վետերան Գաբրիել Ֆիեռոն կանխատեսումներով թխվածքաբլիթը ստացել է, երբ կնոջ հետ հերթական անգամ այցելել է տեղի ռեստորաններից մեկը:
Ֆիեռոն նշել է, որ որոշել է ռիսկի գնալ և խաղալ թխվածքաբլիթում տեղադրված թղթի վրա առկա թվերով: 32 տարի բանակում ծառայած զինվորականը վիճակախաղի տոմսը ձեռք է բերել 2 դոլարով առցանց եղանակով և խաղացել է 1 դոլարի Megaplier-ով, որը հնարավորություն է տալիս խաղացողներին բազմապատկել շահումը:
Նրա նշած թվերը համընկել են բոլոր հինգ գնդակի թվերի հետ, ինչի արդյունքում նա 1 մլն դոլար է շահել, այնուհետև շահումը քառապատկվել է, երբ նա շահել է 4X Megaplier-ով:
Ֆիեռոն բավականին զարմացել է իմանալով, որ իսկապես շահել է: Նա որոշել է շահումի մեծ մասով ներդրում կատարել: