Ադրբեջանցիները սպառնում են հաշվեհարդար տեսնել երգչի նկատմամբ` Բաքվին վիրավորելու համար
Ադրբեջանցիները Բաքվի մասին խոսքերի համար սպառնացել են հաշվեհարդար տեսնել երգիչ Նավայ Բակիրովի նկատմամբ։ Հիշեցնենք, որ Բակիրովը ծագումով ադրբեջանցի է և հայտնիություն է ձեռք բերել որպես ռուսական HammAli & Navai ռեփ դուետի անդամ։ Այժմ Բակիրովին այլեւս չեն ցանկանում տանը տեսնել։
Ըստ Super պորտալի՝ դրա պատճառն է Divas կարաոկե բարի բացումից հետո կազմակերպված երեկույթի ձայնագրությունը։ Այնտեղ Բակիրովը, ով մի քիչ չարաշահել էր ալկոհոլը, ընկերոջ՝ Էմին Աղալարովի հետ երգում էր «Փախնենք Բաքու» երգը։ Սակայն «Բաքու»-ի փոխարեն երգիչն ադրբեջաներեն բառ է բղավել, որը կարելի է թարգմանել որպես «անառակատուն», միայն թե անպարկեշտ ձևով
Երգչի ադրբեջանցի երկրպագուները, տեսնելով այս տեսանյութը համացանցում, իրենց վրդովմունքն են հայտնել, քանի որ Բակիրովը Բաքուն համեմատել է հասարակաց տան հետ։ Դրանից հետո կատարողի հասցեին սկսել են սպառնալից հաղորդագրություններ ուղարկել։ Հաղորդագրություններից մեկում հնչել է նաեւ սպառնալիք երգչի ընտանիքի հասցեին, ասվել է, որ բոլորը ճանաչում են նրա մորն ու հարազատներին։
Ավելի ուշ Բակիրովը ներողություն է խնդրել կատարվածի համար և բացատրել, որ երգել է ընկերների համար՝ հրավիրելով նրանց գնալ կարաոկեի դիմաց գտնվող «տղամարդկանց ակումբ»։ Նա ընդգծել է, որ ափսոսում է, որ ոմանք կարծում են, թե դա վերաբերում է Բաքվին, և վստահեցնում է, որ երբեք իր հայրենիքն այդ բառով չէր անվանի։