Երազանքս էր անձնական բրենդ ունենալը. Ալբերտ Ներսիսյանը՝ հայկական արտադրության «Խալուլի» գինու հեղինակ
«Արարում են Հայաստանում» խորագրի ներքո «Հայկական ժամանակ»-ն այս անգամ զրուցել է հայկական արտադրության «Խալուլի» գինիների հիմնադիր Ալբերտ Ներսիսյանի հետ։
15 տարի գտնվելով գինեգործության ոլորտում՝ Ներսիսյանի գլխավոր նպատակը սեփական գինու արտադրություն ունենալն էր. ասում է՝ գինեգործը պետք է անպայման գտնի իր ձեռագիրը․ «15 տարի է՝ գինու ոլորտում եմ, որից 12 տարին Պռոշյանի կոնյակի գործարանի գլխավոր մասնագետն եմ։ Իմ երազանքն էր անձնական բրենդը՝ գինին ունենալը, և 2021 թվականին հասա երազանքիս»:
Գինու անվան ընտրությունը ևս հետաքրքիր պատմություն ունի․ «Խալուլին» կրում է հին հայկական ավանդական գինեգործության պատմությունը։
«Կարմիր բլուրի պեղումների ժամանակ պատահական սեպագիր արձանագրություններ գտանք, որոնց մեջ խաղողը, դրանից ստացված խմիչքը, հյութը 6000 տարի առաջ արձանագրված էին որպես «Խալուլի»։ Դա ուրարտերենից էր։ Ոգևորվեցի և որոշեցի իմ բիզնեսն էլ այդպես կոչել»։
Ըստ նրա՝ գինին ստեղծելու աշխատանքները երկար են տևել. 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո հիասթափություն է ունեցել, սակայն առաջ գնալ էր պետք։ Գինեգործը ուժ է հավաքել և հասկացել, որ երկիրն այդ վիճակից հանելու ճանապարհներից մեկն էլ պետության մեջ արտադրության զարգացումն է։
«Խալուլի» գինին դեռևս արտադրամաս չունի։ Այն արտադրվում է Պռոշյանի կոնյակի գործարանում։ Երեք տեսակ է և պատրաստվում է Հայաստանի տարբեր վայրերում աճեցված խաղողից։ «Հիմա իմ այգիներն եմ սկսել հիմնել Արմավիրի մարզում։ Նպատակ ունեմ հենց այգիների մեջ ունենալ փոքր արտադրամաս ու գինիների համտեսի սրահ։ Երեք տեսակներից «Խալուլի» սպիտակը պատրաստվում է Ոսկեհատ խաղողից, որն աճեցվում է Եղեգնաձորում, հաջորդը վարդագույնն է՝ Արենիի խաղողից, կարմիր «Խալուլին» պատրաստվում է արենի և խնդողլիի խաղողներից»,- ասում է Ներսիսյանը։
Գինիների մեջ առաջնայինը կարմիրն է, քանի որ հայ ժողովուրդն ավելի շատ կարմիր գինի է նախընտրում, ասում է գինեգործը։ Այդ գինու հումքը՝ խնդողլի խաղողը, աճում է հիմնականում Արցախում: Հիմա փորձ է արվում այն աճեցնել նաև Հայաստանում։
«Խալուլի» գինին հիմնականում վաճառվում է գինիների մասնագիտացված խանութներում, ռեստորաններում, իսկ սուպերմարկետներում՝ չկա, ասում է գինեգործը։ Գինիների վաճառք նախատեսվում է նաև Ռուսաստանում․ արդեն պայմանավորվածություններ կան։
Դրանք համտեսել են նաև զբոսաշրջիկները, և նրանց դրական կարծիքից ելնելով՝ նախատեսվում է գինիների վաճառքի սրահ ունենալ օդանավակայանում էլ. «Խալուլի գինին վերջերս ներկայացրինք Արևելյան Եվրոպայի և Ռուսաստանի ամենախոշոր ու հեղինակավոր «ՊրոդԷքսպո 2022» սննդամթերքի և ըմպելիքների միջազգային փառատոնին։ Շատ դրական կարծիքներ լսեցինք, պայմանավորվածություններ ձեռք բերվեցին, որպեսզի «Խալուլին» վաճառվի նաև Ռուսաստանի գինիների մասնագիտացված խանութներում։ Ընդհանրապես, գինիների առաջին վաճառքից միշտ դրական կարծիքներ ենք լսում։ Վաճառքն էլ էր դա ցույց տալիս․ մարդիկ հավանել էին մեր գինիները»,- հավաստիացնում է Ներսիսյանը։
«Խալուլի» գինիներն ունեն նաև իրենց լոգոտիպտը։ Գինեգործն ասում է՝ լոգոտիպն ասոցացնում է իր հետ․ մի ձեռքում՝ գինու բաժակ, մյուսում՝ խաղողի վազ։ Այդպես ցույց է տրվում, որ գինեգործն իր գինին է պատրաստում։
Ալբերտ Ներսիսյանի խոսքով՝ գինիների արտադրությունն իր համար հոբբի է, այն իրեն մեծ սեր է տալիս։ Հիմա փորձում է ամենուր ներկայացնել արտադրած գինիները, որպեսզի բոլորը ծանոթանան դրանց։
«Խալուլի» գինիների հեղինակի խոսքով՝ յուրաքանչյուր գինեգործ գինու արտադրության մեջ պետք է թողնի իր ձեռագիրն ու ստեղծի իրենը։