Արսեն Հարությունյանը թուրք մրցակցի նկատմամբ տպավորիչ հաղթանակով հռչակվեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 61 կգ քաշայինների եզրափակիչում Հայաստանի առաջատար ըմբիշ Արսեն Հարությունյանը գոտեմարտեց Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր, թուրք Սուլեյման Ալթիի հետ եւ տպավորիչ հաղթանակ տարավ 15:3 հաշվով:
Գոտեմարտն ավարտվեց երկրորդ մրցափուլի մեկնարկից 49 վայրկյան անց:
Արսեն Հարությունյանը չեմպիոնական շրջանը եռագույնով կատարեց իր անձնական մարզիչի հետ:
Արսեն Հարությունյանը պայքարը սկսել էր քառորդ եզրափակիչից, որտեղ տուշեով հաղթել էր մակեդոնացի Բեսիր Ալիլիին: Գոտեմարտը տեւել էր 2 րոպե 19 վայրկյան: Կիսաեզրափակիչում առաջին մրցափուլում 0:6 պարտվելիս 13:8 հաշվով կամային հաղթանակ էր տարել 2021 թվականի Եվրոպայի բրոնզե մեդալակիր, Լեհաստանի ներկայացուցիչ Էդուարդ Գրիգորեւի նկատմամբ: Աշխարհի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաի խաղարկության արծաթե մեդալակիր, Մ23 աշխարհի չեմպիոն, երիտասարդների Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը առաջին անգամ Եվրոպայի չեմիոն էր դարձել 2019 թվականին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում: