Թեկնածու առաջադրելու անհրաժեշտություն չկա, իսկ խորհրդարանը կշարունակի աշխատել

ՀՀ վարչապետի հրաժարականի և ԱԺ–ն արձակելու շուրջ քննարկումները շարունակվում են: Մի մասը փորձում է հասկանալ, թե իրավական տեսանկյունից որ ճանապարհով գնալն է ճիշտ, մի մասն էլ փորձում է անկատար օրենքների տողատակերում ականներ ման գալ, որպեսզի հետագայում հնարավոր չլինի (կամ՝ լինի) ասել, թե գործընթացը խախտումներով է իրականացվել

Այս համատեքստում առաջադրված վարկածներից մեկի համաձայն, վարչապետի հրաժարականից հետո գումարվող ԱԺ առաջին նիստի ժամանակ, այնուամենայնիվ, պետք է առաջադրվի թեկնածու՝ չընտրվելու կանխավարկածով: Մյուս մասն էլ պնդում է, որ իրավունքը պարտականություն չի ենթադրում և կարելի է անգամ վարչապետի թեկնածու չառաջադրել:

Հարցին, ի դեպ, անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ դա զուտ իրավական հարց է, բայց ինքը չի ցանկանում, որ իրավական որևէ նրբերանգ անտեսվի: Վարչապետի պաշտոնակատարը, անդրադառնալով մասնագիտական այս վեճին, նշել էր նաև, որ թեև այն խիստ մասնագիտական է, սակայն վերջում, այնուամենայնիվ, կայացվելու է քաղաքական որոշում, չնայած որ այն քաղաքական ենթատեքստ չունի:

Հարցի մասին պարզաբանում ստանալու համար oratert.am-ը զրուցեց իրավաբան, ՀՀ վարչապետի խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

– Պարոն Բաղդասարյան, այս հարցի շուրջ թեև իրավաբանների կածիքները բաժանվել են երկու մասի, սակայն, Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, պե՞տք է վարչապետի թեկնածու առաջադրել, թե՞ դրա անհրաժեշտությունը չկա:

– ՀՀ Սահմանադրության համաձայն, հնարավորություն է տրվում երկու անգամ վարչապետ ընտրել: Առաջին նիստի ժամանակ վարչապետ չառաջադրվելու դեպքում հնարավորություն է տրվում ԱԺ–ի 1/3–ի կողմից վարչապետ առաջադրել: Այսինքն, ԱԺ տարբեր խմբակցություններ կոնսենսուսի գալով՝ իրավունք ունեն վարչապետի նոր թեկնածու առաջադրել: Պայմանական իրավիճակներ ներկայացնեմ, որպեսզի ասվածն ավելի ընկալելի լինի: Առաջին իրավիճակի դեպքում՝ առաջին փուլում կուսակցություններից որևէ մեկի կողմից վարչապետ չի առաջադրվում, քանի որ նա ձայներ չի կարող ստանալ: Երկրորդ իրավիճակ՝ խմբակցություններից որևէ մեկի կողմից վարչապետի թեկնածու է առաջադրվում, բայց ԱԺ նիստն անցկացնելու քվորում չի լինում, երրորդ տարբերակը, որ քվորում լինում է, բայց առաջադրված վարչապետի թեկնածուն բավարար ձայներ չի ստանում: Այս երեք սցենարների պարագայում երկրորդ փուլ է հայտարարվում: Եթե երկրորդ անգամ պատգամավորների 1/3–ի կողմից վարչապետի թեկնածու չի առաջադրվում, կամ առաջադրվում է, բայց անհրաժեշտ ձայն չի հավաքում, այդ դեպքում Ազգային ժողովն արձակվում է, որպեսզի այդ պրոցեսն անվերջ չշարունակվի: Սահմանադրության մեջ ամրագրված նորմը թվարկածս հնարավորություններն է տալիս, բայց չի սահմանում, որ անվերջ պետք է վարչապետի թեկնածու առաջադրվի: Օրենքը ձևակեպվել է այսպես՝ խմբակցություններն իրավունքն ունեն առաջադրելու, բայց իրավունքը պարտականություն չէ: Անտրամաբանական կլիներ նաև, որ օրենքը մեկնաբանվեր այնպես, որ բոլոր կուսակցությունները պարտավոր են թեկնածու առաջադրել: Այդ դեպքում արդեն կստացվեր այնպես, որ քվեարկությունը նույնպես անտրամաբանական քայլ կդառնար: Օրինակ, Սերժ Սարգսյանի ընտրվելու ժամանակ «Ել ք» խմբակցությունը թեկնածու չէր առաջադրել և դա Սահմանադրության խախտում չէր: Այսինքն, որևէ մեկը չի կարող պարտավորեցնել, որ խմբակցությունները թեկնածու առաջադրեն: Մյուս կողմից՝ եթե խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, դա ամենևին չի նշանակում, որ այդ պրոցեսը պետք է անվերջ շարունակվի: Բացի այդ, եթե մինչև քվեարկության օրը որևէ թեկնածու չի առաջադրվում, ապա քվեարկության օրը այն տեղի չի ունենում, և եթե երկրորդ փուլի ժամանակ նույնպես թեկնածու չի առաջադրվում, ապա երկրորդ փուլից սկսած 6 օր հետո ժամը 00:00–ից ԱԺ–ն օրենքի ուժով համարվում է լուծարված:

– Իսկ դրանից հետո ԱԺ–ն արձակված համարելու մասին որոշումը վավերացվո՞ւմ է որևէ մարմնի կողմից, և եթե այո, ապա ի՞նչ կարգով:

ԱԺ արձակումը որևէ մեկի կողմից չի վավերացվում, քանի որ այն օրենքի ուժով համարվում է արձակված: Դրանից հետո կառավարության ժամանակավոր պաշտոնակատարները ձեռնամուխ են լինում կազմակերպել արտահերթ ընտրություններ: Կառավարությունը հայտարարում է ժամանակացույց, որից հետո սկսվում է արտահերթ ընտրություններ կազմակերպելու գործընթացը:

– Պարոն Բաղդասարյան, իսկ ԱԺ–ն արձակվելուց հետո մինչև նոր խորհրդարանի ձևավորումը արդյո՞ք նույնպես շարունակում է աշխատել:

– ԱԺ–ի արձակվելուց հետո բոլոր պատգամավորները շարունակում են պահպանել իրենց լիազորությունները մինչև ԱԺ նորընտիր պատգամավորների լիազորությունների ստանձնումը: Այսինքն, ինչպես գործադիր, այնպես էլ օրենսդիր մարմնի գործունեության ընդմիջում չի լինում: Եվ ինչպես կառավարության անդամներն են շարունակում մնալ որպես պաշտոնակատարներ, այնպես էլ ԱԺ–ն շարունակում է աշխատել, մինչև նոր խորհրդարանի ձևավորումը: Սա սահմանադրական նորմ է, որը նախատեսված է գրեթե բոլոր երկրների Սահմանադրություններում: Այսինքն, նախորդ ինստիտուտը շարունակում է աշխատել, մինչև նոր ինստիտուտների ձևավորվելը:

–ԱԺ–ն արձակելուց հետո մինչև նոր ԱԺ–ի ձևավորումը, եթե պատգամավորները, կառավարության անդամները շարունակում են պահպանել իրենց լիազորությունները, ապա իրավունք ունե՞ն արդյոք ԱԺ նիստ գումարել, օրենք ընդունել, թե՞ ոչ:

–Այդ ժամանակահատվածում այդ ինստիտուտները լիարժեքորեն կարող են իրենց լիազորություններն իրականացնել, բայց քաղաքական և տրամաբանական տեսանկյունից դժվար է պատկերացնել, որ այդ ընթացքում կարող են նիստեր գումարվել, քանի որ այդ ժամանակահատվածը համընկնում է նոր ընտրությունների քարոզարշավի հետ: Անշուշտ, լինում են հրատապ դեպքեր, երբ հարկ է լինում որոշում ընդունել, սակայն նախորդ բոլոր դեպքերն էլ վկայում են այն մասին, որ ընտրություններից առաջ մոտ 1,5 ամսվա ընթացքում ԱԺ–ն հերթական նիստեր չի գումարել: Ընդամենը գումարվել են արտահերթ նիստեր՝ անհետաձգելի օրենքներ քննարկելու համար:

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված