Պոպուլիզմից պրագմատիզմ՝ վարկանիշի հաշվին. ինչի՞ց պետք է զգուշանալ

Նիկոլ Փաշինյանի հայտնի հայտարարությունը 350 հազար «ճռռացողների» և նրանց հաշվին ապրող 800 հազարի մասին մի կողմից, Հայկ Մարությանի և Երևանի քաղաքապետարանի՝ ապօրինի շինարարության և փողոցային անօրինական առևտրի դեմ պայքարը՝ մեկ այլ կողմից, իշխանության գործելաոճի փոփոխության բավական հետաքրքիր ազդակներ են: Առավել հետաքրքրական է, որ այդ փոփոխությունը տեղի է ունենում նախընտրական շրջանում, այսինքն՝ այն ժամանակ, երբ վարկանիշի տատանումներն առավել զգայուն են հանրային տրամադրությունների կոնտեքստում: Այն հանգամանքը, որ թե՛ Փաշինյանը, թե՛ Մարությանը իրենց հայտարարություններում ու քայլերում փորձում են խախտել պոպուլիստական, ժողովրդահաճո գիծն ու անցնում են խնդիրների ցավոտ մատնանշմանը, ցույց է տալիս, որ առնվազն այս փուլում վարկանիշային որևէ խնդիր ծառացած չէ իշխանության առջև:

Առկա Ընտրական օրենսգրքով, անկախ այն հանգամանքից, թե 70 կամ, օրինակ, 80 տոկոս կհավաքի իշխանությունը, մեծամասնությանը տրվող առավելագույն տոկոսը 65–ն է: Գուցե այս հանգամանքն էականորեն ազդել է իշխանության գործելաոճի վրա ու վստահություն կա, որ անկախ վարկանիշային որևէ տատանումից կստացվի դառնալ մեծամասնություն խորհրդարանում, եթե ոչ 80, ապա 65 տոկոսով հաստատ:

Սակայն իշխանության ոճային տրանսֆորմացիան, որը կարելի է անվանել պոպուլիզմից, ժողովրդահաճո հռետորաբանությունից անցումն ավելի պրագմատիկ դաշտ, առավել հետաքրքրական է ոչ այնքան նախընտրական քարոզարշավի կոնտեքստում, որքան ընդհանրապես՝ հեղափոխական իշխանության փոփոխման դինամիկայի կոնտեքստում: Պարզից էլ պարզ է, որ համաժողովրդական էյֆորիայի, իշխանություն–հասարակություն սիրո և միասնականության էմոցիոնալ ֆոնը երկար տևել չի կարող: Իշխանությունը նախ ունի շատ կոնկրետ ու ընթացիկ հարցեր լուծելու: Երկրորդ՝ լինելով հեղափոխական իշխանություն՝ խնդիր կա ունենալ շոշափելի արդյունքներ: Եվ առանց նույն այդ հասարակության որոշակի հատվածների շահերը ցավեցնելու այդ արդյունքները հնարավոր չի լինելու ունենալ:

Այսինքն՝ կամ իշխանությունը դուրս է գալիս բացառապես ժողովրդահաճո գործելու տրամաբանությունից ու փորձում է սահմանված սպասելիքներն արդարացնելու պրագմատիկ ուղիներ գտնել, ինչը գուցե կարճաժամկետ իմաստով հանգեցնի որոշակի դժգոհության: Կամ էլ իշխանությունը, զգուշանալով դժգոհությունից, կարող է շարունակել մնալ նախկին տրամաբանության շրջանակներում՝ ունենալով կարճաժամկետ բարձր վարկանիշ, բայց երկարաժամկետ ռիսկեր: Իշխանության խնդիրը, հետևաբար, ոչ թե պարզապես պոպուլիզմից պրագմատիզմ անցումն է, ոչ թե պոտենցիալ դժգոհությունից վախենալը կամ դա անտեսելն է, այլ հստակ արձանագրելը, որ կարճաժամկետ դժգոհություններ լինելու են ամեն դեպքում, հետևաբար պետք է կենտրոնանալ երկարաժամկետ, համակարգված արդյունքներ ստեղծելու վրա: Եթե այդ արդյունքները ստեղծվեն, ապա դժգոհությունը կմնա հենց կարճաժամկետ մակարդակում, չի դառնա հիմնավոր ու հեռանկարային, քանի որ կլինեն դրանք մեղմող բուֆերները:

Այս իմաստով իշխանության վերջին շրջանի վարքը առնվազն սկզբնական մակարդակում ցույց է տալիս, որ կա պատրաստակամություն գնալ այդ տրանսֆորմացիային: Միաժամանակ, սակայն, անհասկանալի են հաջորդ քայլերը, չեն երևում, այսպես ասած, ախտորոշումից հետո անհրաժեշտ քայլերն ու այդ քայլերի ամբողջականությունը, կոնցեպտուալությունը: Շատ լավ էր, որ վարկանիշի հարցը իշխանությունները չեն դարձրել առաջնահերթ, հատկապես ընտրությունների նախօրեին: Բայց առնվազն առաջնահերթ պետք է դարձնել սպասվող ցավոտ ռեֆորմների ամբողջական ընթացքը: Այլապես ժողովրդահաճո գործելաոճից պրագմատիզմ դաշտ անցումն առանց համապատասխան տեսլականների կարող է հանգեցնել դժգոհության աճի՝ տեղային ու կարճաժամկետից դեպի ավելի երկարատև ու խորքային:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված