Սադրանք, որ կարող է քանդել ՀԱՊԿ–ը. շանս հայ–ռուսական հարաբերությունների համար

ՀԱՊԿ–ից Յուրի Խաչատուրովի հետկանչն անշուշտ չէր կարող լինել հարթ գործընթաց՝ հաշվի առնելով թե՛ ներհայաստանյան գործընթացների առանձնահատկությունները, թե՛ այդ կառույցում առկա խորքային խնդիրները: Մի կողմից, իհարկե, հայաստանյան նոր իշխանությունների դիվանագիտական անփորձությունը, մյուս կողմից այդ կառույցի բուտաֆորիկ բնույթն ու ներքին հարաբերություններում առկա շահերի հակադրությունը, մեկնարկը դարձան բավական ինտրիգային գործընթացի: Եվ եթե սկզբում գործընթացն ուղեկցվում էր բացառապես հայ–ռուսական հարաբերություններում նկատվող լարվածությամբ, ապա այժմ այն թևակոխել է ավելի ծավալուն հուն՝ խաղի մեջ են մտել Բելառուսն ու Ղազախստանը՝ իրենց ներհապկյան շահերով ու պրոադրբեջանական լոբբինգով: Անցնող շաբաթվա վերջում միմյանց հասցեին հնչած փոխադարձ կոշտ հայտարարություններով փոխանակվելուց հետո Հայաստանն ու Բելառուսը, ըստ էության, ՀԱՊԿ– ում առկա ներքին խնդիրներին տվեցին դրսևորման այլ ընթացք, այլ ընդգրկունություն: Դժվար է ասել՝ արդյո՞ք կստացվի ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը լուծել՝ աղ չլցնելով ՀԱՊԿ–ում առկա խորքային «վերքերին», թե՞ ամեն դեպքում առանձին վերցրած հարցը կդառնա այդ կառույցում լուրջ տեղաշարժերի առիթ:

Ակնհայտ է, որ նոր քարտուղարի ընտրության հարցում Հայաստանն ու Ռուսաստանը դաշնակիցներ են: Հենց սրանով է բացատրվում Ռուսաստանի դժգոհությունը Խաչատուրովի հետկանչի կապակցությամբ. ի սկզբանե պարզ էր, որ նոր քարտուղարի ընտրության հարցը դառնալու էր ՀԱՊԿ–ում ղազախա–բելառուսական տանդեմի և նրանց ադրբեջանական լոբբինգի թիրախը: Ամեն դեպքում եղածը եղած է, ու հիմա կարիք կա թույլ չտալ, որպեսզի այդ շահերը դրսևորվեն այնպես, որ կարողանան վճռել կառույցի գլխավոր քարտուղարի ընտրության հարցը:

Պատահական չէ, որ Բելառուսի նախագահին կոշտ հակադարձելուն զուգահեռ Փաշինյանը շեշտեց, որ զրուցել է նաև Վլադիմիր Պուտինի հետ: Սա հստակ ազդակ է առ այն, որ իր կոշտ ձևակերպումներում Հայաստանն առնվազն միայնակ չէ: Մեծ հաշվով, իհարկե, գլխավոր քարտուղարի մանդատ ունենալը Հայաստանի համար ոչինչ չի նշանակում: Միակ բանը, որ այն կարող է նշանակել՝ Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունների հիման վրա, այդ կառույցում հենց Ռուսաստանի երկրորդ համարի դերում խաղալն է: Առանց աշխարհաքաղաքական հստակ շահերի, բացառապես ռուսական կայսերապաշտական ամբիցիաների վրա ստեղծված այդ կառույցն այժմ ի ցույց է դնում իր ներսում առկա խորքային խնդիրները: Ակնհայտ է, որ ռուսական շահերից զատ կառույցի ներսում կա մեկ այլ ուղղություն, որը պայմանական կարող ենք կոչել եվրասիական կամ ասիական, որը փորձում է կառույցն իրենով անել: Հենց այս կոնտեքստում է, որ Հայաստանը ստանում է այլ դերակատարության շանս, ավելին քան պարզապես ռուսական կողմի փոխանորդ կամ կցորդ լինելը: Հայաստանը դառնում է ՀԱՊԿ–ում ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերի փոխզսպման գործոն:

ՀԱՊԿ–ում խորքային խնդիրներ կան վաղուց: Ռուսական շահերին հակադիր ձևավորվող շահերը իրենց մասին խոսել տվել են դեռ այն ժամանակ, երբ Խաչատուրովը գլխավոր քարտուղար չէր: Խաչատուրովի հետկանչն, իհարկե, սադրեց կառույցի ներսում խորքային հակասությունների ի հայտ գալը: Բայց մեծ հաշվով Խաչատուրովի հետկանչը չէ, որ այդ հակասությունների պատճառն է, այն պարզապես դարձավ դրանց արտահայտման ազդակ: Հայաստանյան իշխանությունների դիվանագիտական անփութությունն, ըստ այդմ, կարող է հակառակ էֆեկտ ունենալ՝ սադրելով կառույցի ներսում առկա խնդիրների դրսևորումը, Հայաստանը շանս է ստանում այս ճգնաժամային իրավիճակում Ռուսաստանին ներկայանալ որպես ոչ թե փոխանորդ, այլ ռեալ գործոն, ոչ թե որպես շահերի սպասարկող, այլ ինքնուրույն սուբյեկտ: Ամեն ինչ կախված է այն հանգամանքից, թե ինչպես հայաստանյան ղեկավարությունը կփաթեթավորի ու «կվաճառի» այդ գործոն լինելու հանգամանքը: Հուսանք՝ Հայաստանի ազդեցությունը չի սահմանափակվի միայն Պուտինի հետ հեռախոսազրույցներին հաջորդող կոշտ հայտարարություններով՝ ուղղված Բելառուսին կամ Ղազախստանին: Ի վերջո, այս պատահական սադրանքը կարելի է վերածել հայ–ռուսական հարաբերությունների խորքային վերանայման հնարավորության:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված