Ինչո՞ւ իշխանությունն այլևս չի վախենում հակահեղափոխությունից

Չնայած նախընտրական քարոզարշավը պաշտոնապես դեռ չի մեկնարկել, բայց ոչ պաշտոնապես այն կարելի է համարել մեկնարկած դեռ վաղուց: Ընդհանրապես, վերջին շրջանում Հայաստանը գտնվում է պերմանենտ նախընտրական ելևէջների մեջ, որոնց գլխավոր ազդակը քաղաքական համակարգի վերափոխման գործընթացն է. ընտրություններն այս գործընթացում կրում են առավելապես ֆորմալ բնույթ: Այսքանով հանդերձ հետաքրքիր է, թե ինչպիսի քարոզարշավ է մեզ սպասվում: Քարոզարշավն, իհարկե, մեծ հաշվով չի որոշելու ընտրության հաղթողին, քանի որ հաղթողը արդեն որոշված է, ու որոշված է այլ հանգամանքների բերումով: Բայց քարոզարշավի բնույթը կարող է թույլ տալ մոտավորապես պատկերացնել այն քաղաքական համակարգը, որն ունենալու ենք առաջիկայում, այն հիմնական ուղղությունները, որոնցով հիմնական դերակատարները իրացնելու են իրենց գործունեությունը:

Այս իմաստով հատկապես կարևոր է հասկանալ՝ արդյո՞ք առաջիկա քարոզարշավը լինելու է նախորդ քարոզարշավների, հատկապես Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի նման կոշտ, հագեցած սև– սպիտակի, հակահեղափոխության վտանգների մասին շեշտադրումներով: Առաջին հայացքից իշխանությունները առաջիկա ընտրություններին գնում են այլ, Երևանի ավագանու քարոզարշավային տրամաբանությունից տարբերվող հռետորաբանությամբ: Մի կողմից սա, իհարկե, կարելի է բացատրել ընտրություններում միանշանակորեն հաղթելու նրանց գիտակցումով: Մյուս կողմից, սակայն, անկախ հաղթելու երաշխիքներից, կան այլ հանգամանքներ ևս:

Ամենակարևոր հանգամանքը, թերևս, հակահեղափոխություն կոչվող ուժերի դիմադրության հնարավորությունների սակավությունն է: Չնայած այն հանգամանքին, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանմամբ ՀՀԿ–ն շանս է ստանում ներկայացված լինել գալիք խորհրդարանում, լուրջ դիմադրություն ո՛չ ընտրությունների ընթացքում, ո՛չ էլ դրանից հետո նրանցից սպասել հնարավոր չէ: Սուր, կոշտ քննադատություն միգուցե, բայց այնպիսի դիմադրություն, որը կարող է փոխել քաղաքական իրավիճակը հիմնովին, այս պահին լինել չի կարող: Խնդիրն առավելապես ոչ թե ՀՀԿ–ի դիմադրության ռեսուրսի մեջ է, այլ այն համակարգող անձանց տարբերության: Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը համընկավ Ռոբերտ Քոչարյանի ակտիվացման, նրա շուրջ նախկին վերնախավի կոնսոլիդացիայի նշանների, ինչպես նաև հայտնի սկանդալային ձայնագրության հետ: Այս բոլոր հանգամանքները հեղափոխության համար ամբողջացան որպես հակահեղափոխության ռեալ, գործուն վտանգ, որը ուներ իրավիճակն ապակայունացնելու հնարավորություն:

Չնայած ՀՀԿ–ն ինչպես նախկինում, այդպես էլ հիմա շարունակում է մնալ հեղափոխության քննադատության հռետորաբանության շրջանակներում, սակայն, ակնհայտ է, որ այն ժամանակ և հիմա կան տարբեր թիրախներ. պլան մաքսիմումից ՀՀԿ–ն՝ որպես նախկին վերնախավի առաջամարտիկ, անցել է պլան մինիմումի՝ պարզապես հայտնվել խորհրդարանում: Թերևս այստեղ մեծ դերակատարություն է ստանձնել այն հանգամանքը, որ Քոչարյանի շուրջ կոնսոլիդացվելու նշաններ ցույց տալուց հետո ՀՀԿ–ն կրկին վերադարձավ Սերժ Սարգսյանի վերահսկողության դաշտ: Իսկ սա էականորեն փոխում է թե՛ ՀՀԿ–ի ֆունկցիոնալությունը առաջիկա պրոցեսներում, թե՛ այդ ֆունկցիոնալության հանդեպ իշխանության արձագանքը: Ակնհայտ է, որ իշխանությունները, ի դեմս ՀՀԿ–ի, այլևս լուրջ վտանգ չեն տեսնում: Ավելին՝ ի դեմս ՀՀԿ–ի, որը համակարգվում է Սերժ Սարգսյանի կողմից, իշխանությունը տեսնում է որոշակի պատնեշ Քոչարյանի ու նախկին վերնախավի՝ նրա շուրջ պոտենցիալ կոնսոլիդացիայի ճանապարհին:

Իհարկե, թե՛ ՀՀԿ–ն, թե՛ իշխանությունը քարոզարշավի շրջանակներում հատվելու են, միմյանց հանդեպ լինելու են սուր և կոշտ: Սակայն ակնհայտ է, որ մի կողմից ՀՀԿ–ն է հրաժարվել իրավիճակը հետ շրջելու գայթակղությունից, մյուս կողմից իշխանություններն այլևս չեն տեսնում այդ վտանգը:

Քարոզարշավի բովանդակությունն ու ռիթմը, ըստ այդմ, սպասվում է, որ կլինի առավել հանդարտ: Այդ ռիթմի թելադրողն իշխանությունն է, ու առաջին ազդակներն առայժմ հուշում են այդ հանդարտության մասին: Այն թերևս նկատելի է ուժերի մեծամասնության մոտ: ՀՀԿ–ն, իհարկե, նոր կարգավիճակից ելնելով փորձելու է սադրել իշխանությանը՝ նրանց քննարկումների մեջ ներքաշելով: Բայց դա արվելու է հընթացս, որպես քարոզչական առանձին, ոչ թե հիմնական ուղղություն: Հիմնական ուղղության կրողը՝ Վիգեն Սարգսյանը, կարծես թե դիրքավորվում է առավել կառուցողական քննադատության շրջանակներում:

Առայժմ հանդարտ ռիթմից դուրս է մնում «Լուսավոր Հայաստանը»: Վերջինիս ղեկավար Էդմոն Մարուքյանի վերջին շրջանի հրապարակային ելույթներում նկատվում են հակահեղափոխության մասին հիշատակումներ, չնայած ինքը՝ պարոն Մարուքյանը, Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ պնդում էր, որ որևէ հակահեղափոխություն չկա: Ակնհայտ է, որ Երևանի ավագանու ընտրություններին իշխանության բանեցրած քարոզչական մարտավարությունը դուր է եկել պարոն Մարուքյանին և վերջինս պատրաստվում է բացառապես հակաքարոզչության այդ տրամաբանությունը կիրառել արդեն խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

դիտվել է 5 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված