Ինչո՞ւ է վարչական ռեսուրսը դեռևս ակտուալ

Նոր իշխանությունների հռետորաբանության անբաժան մաս է կազմում ազատ և թափանցիկ ընտրությունների կարևորումը: Տարիներ շարունակ լինելով ընդդիմություն, անցնելով ընտրական գործընթացների միջով, այդ գործընթացներում պարտվելով իշխանության կողմից բանեցվող գործիքակազմերին իշխանություն դարձած քաղաքական ուժը չէր կարող ընտրությունների որակի հարցն իր համար չդարձնել առաջնային՝ առնվազն հրապարակային խոսքի մակարդակում: Ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի գործոնները ընդդիմադիր դիսկուրսում դարձել էին հիմնաքարային, և պատահական չէր, որ իշխանության գալով՝ այդ դիսկուրսը սկսեց գեներացվել արդեն պաշտոնական մակարդակով: Հենց այս երկու գործոններն էին համարվում ընտրական պրոցեսի որակը խոչընդոտող և հետևաբար ենթադրվում էր, որ այս գործոնները չեղարկելու դեպքում ընտրությունների որակը հնարավոր կլինի միանգամից բարձրացնել:

Արդեն փորձարկված երկու ընտրությունները՝ Երևանում և Հայաստանի մի շարք համայնքներում, ցույց տվեցին, որ ընտրակաշառքի էջը, առնվազն այս ընթացքում, կարելի է համարել փակված: Սակայն վարչական ռեսուրսի գործոնը շարունակում է մնալ օրակարգում: Խոսքն այն մասին չէ, որ իշխանությունները դրժել են իրենց խոստումը, հայտարարել են մի բան, բայց անում են այլ բան:

Առավել ճիշտ կլինի ասել, որ վարչական ռեսուրս չկիրառելու մասին քաղաքական հայտարարությունները չեն նշանակում վարչական ռեսուրսի գործոնի ամբողջովին սնանկացում: Իհարկե, կան դեպքեր, այդ թվում և հիմա, երբ որոշ մարզպետներ փորձելու են փափուկ մեթոդներով բանեցնել իրենց վարչական դիրքը: Բայց խոսքն այս դեպքում առավելապես այն մասին է, որ վարչական ռեսուրսի կիրառությունը միայն միակողմանի պրոցես չէ ու միայն չի բացատրվում այս կամ այն իշխանության՝ այդ ռեսուրսին դիմել–չդիմելով:

Վարչական ռեսուրսի գործոն լինելը պայմանավորված է առավել խորքային, արժեհամակարգային պատճառներով: Իշխանության, այն կրողների հանդեպ չափազանցված վերաբերմունքը, հարգանքի ու քծնանքի բարակ սահմանը հաճախ խախտվում է, եթե նույնիսկ չկա վարչական ռեսուրսի արհեստական բանեցում: Այդ գործոնը կենսունակություն է ստանում նույնիսկ առանց այդ բանեցման՝ ներքևից եկող ինքնաառաջարկի հաշվին: Դժվար չէ նկատել, որ առ այսօր էլ պաշտոնյաներից շատերի հանդեպ առավել ցածր օղակներում, ինչպես նաև այս կամ այն շրջանակներում կան քծնանքի, արհեստականորեն ընդգծված լավ վերաբերմունքի դրսևորումներ: Եվ այդ վերաբերմունքը միշտ չէ, որ պայմանավորված է հեղափոխական իշխանության հանդեպ արդարացի համակրանքով:

Վարչական ռեսուրսն, ի տարբերություն ընտրակաշառքի, առավել բարդ գործոն է, առավել բազմաշերտ: Դրա կենսունակության դեմ անհնար է պայքարել ոստիկանության աչալուրջ աշխատանքով, քանի որ ոստիկանությունը չի կարող վերահսկել մի բան, որն առավելապես մտածողության ու արժեհամակարգի դաշտում է: Միաժամանակ, այն, որ արժեհամակարգային իմաստով կա խնդիր, չի նշանակում, թե լուծումը դաստիարակչական ու քարոզչական այն տրամաբանությունն է, որը վերջերս հաճախ սկսել է կիրառել նույն Փաշինյանը:

Իշխանավորների հանդեպ քծնանքը, վախը, զգուշավորությունը և այդ ամենից բխող չափազանցված համակրանքը պատճառն են մի իրավիճակի, երբ առանձին վերցրած յուրաքանչյուր քաղաքացի համարում էր, որ իր կյանքի որակը պայմանավորված է այս կամ այն պաշտոնյայի բարեգթությամբ, կապերով, հնարավորություններով: Վարչական ռեսուրսից կախվածություն նշանակում է քաղաքացու մոտ ինքնաբավության բացակայություն, վախ, որ, օրինակ, նա կարող է իր վերադասի կամ իր հետ առնչվող պաշտոնյայի պատճառով զրկվել աշխատանքից, չստանալ համապատասխան փաստաթուղթը և այլն:

Երբ Կապանում ՔՊ թեկնածուն պարտություն կրեց, Նիկոլ Փաշինյանը դա վերագրեց տնտեսական և քրեական էլիտաների դեմարշին: Իրականում, սակայն, ՔՊ թեկնածուն պարտվել էր, որովհետև Սյունիքում, հաշվի առնելով որոշակի տնտեսական ինքնաբավության առկայությունը, վարչական ռեսուրսի հանդեպ արհեստական ակնածանքը օրինաչափորեն ավելի քիչ էր, քան այն տեղերում, որտեղ, օրինակ, կային համայնքապետների ՔՊ–ական ժամանակավոր պաշտոնակատարներ: Ընդ որում նշենք, որ ՔՊ թեկնածուները մեծամասամբ հաղթեցին հենց այն տեղերում, որտեղ համայնքապետների ԺՊ–ները ՔՊ–ից էին: Բայց սա այլ թեմա է, որին կանդրադառնանք առաջիկայում: Իսկ այժմ միայն փաստենք, որ վարչական ռեսուրսի կենսունակությունն, ի թիվս այլ հարցերի, ունի առավել բարդ շերտեր, հետևաբար պահանջում է բարդ լուծումներ ու միայն քաղաքական հայտարարություններով հնարավոր չի լինելու ազատվել այդ գործոնի ազդեցությունից: Ընդհանրապես, հեղափոխությունն ու փոփոխությունը առանց մշակութային, արժեհամակարգային բաղադրիչների վտանգ ունի դառնալ սոսկ քաղաքական, նոմենկլատուրային իշխանափոխություն:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված