Արցախի շուրջ շահարկումների ցիկլը պետք է փակել

«ՀՀ–ում կան քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, որոնք օրումեջ ասում են՝ հեղափոխությունը դավադրություն է Արցախի դեմ, մեր կառավարությունը դավադրություն է պատրաստում Արցախի դեմ, մեր կառավարությունը նենգ մտադրություններ ունի Արցախի հարցում: Ի՞նչը կարող է դրդել այդ մարդկանց անել հայտարարություններ, որոնց սուտ լինելու մասին գիտեն հենց իրենք: Մտածում եմ՝ լավ, էս մարդիկ ինչի՞ են սենց բաներ ասում: Որևէ տրամաբանական բացատրություն չեմ գտնում, բացի նրանից, որ որոշ քաղաքական ուժեր հասկացել են, որ այս ընտրությունները լինելու են իրենց քաղաքական մահվան արձանագրումը: Ու էդ մարդիկ իրենց մոտալուտ քաղաքական մահն արձանագրելով՝ որոշել են սադրիչ հայտարարություններով դավադիր պատերազմի հրձիգ դառնալ՝ հուսալով, որ կկարողանան հրահրել դավադիր պատերազմ ու այդ համատեքստում լուծել իրենց նեղ խմբային ու անձնային շահերը: Կարծում եմ՝ այդ հայտարարություններով պետք է զբաղվեն նաև ԱԱԾ–ն ու ռազմական հետախուզությունը, որովհետև ոմանք վստահ քայլերով շարժվում են դեպի պետական դավաճանություն», – նախօրեին քարոզարշավային հանրահավաքներից մեկի ժամանակ նման հայտարարություն է արել Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանի այս հայտարարությունը լայն արձագանք է գտել, հատկապես, եթե հաշվի առնենք, թե ովքեր են նրա այս հայտարարության թիրախում: Մի կողմից կա տեսակետ, որ եթե Փաշինյանը ունի նման կասկածներ, ապա դրանք պետք է մնան ոչ թե քաղաքական հայտարարությունների մակարդակում, այլ իսկապես դառնան պատկան մարմինների համար հանձնարարական: Վերջապես կա մտայնություն, որ այս հայտարարությունները արվում են քաղաքական ընդդիմախոսներին լռեցնելու նպատակով: Հուսանք՝ նմանատիպ հայտարարությունները, ընդհանրապես Հայաստանի անվտանգությանն առնչվող հայտարարությունները, անկախ դրանց հեղինակներից, ի վերջո դուրս կգան բացառապես քարոզարշավային կոնտեքստից ու կգան փաստարկների դաշտ, որպեսզի վերջապես բացառվի այս փխրուն թեմաներով շահարկումների հնարավորությունը:

Ընդհանրապես, Արցախի, Հայաստանի անվտանգության, հող հանձնելու մասին քննարկումները տարիներ շարունակ դարձել են առանցքային Հայաստանի քաղաքական կյանքում, հատկապես քարոզարշավների ընթացքում նկատվում է թեմայի ակտիվ արծարծում: Սկսած Լևոն Տեր–Պետրոսյանի հրաժարականից, այդ հրաժարականի հիմնավորումներից, վերջացրած ներկայիս պրոցեսներով: Տեր–Պետրոսյանը, որպես իր հրաժարականի հիմնավորում՝ ներկայացնում էր պատերազմի կուսակցության հաղթանակը և նշում, որ Արցախի հարցը այստեղ ընդամենը շահարկման առիթ էր: Նրա ընդդիմախոսներն էլ պնդում են, որ Տեր–Պետրոսյանն ունեցել է Արցախի ազատագրված տարածքները հանձնելու դավադիր պլան, հետևաբար հեռացվել է իշխանությունից:

Մոտավորապես նույն քննարկումներն էին Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին: Ղարաբաղյան հիմնախնդրով ցանկացած բանակցություն ներկայացվում էր որպես հող հանձնելու փորձ: Ավելին, ապրիլյան պատերազմի օրերին ներկայիս «Սասնա ծռեր» կուսակցության անդամները ակտիվորեն զբաղված էին տեղի ունեցածը որպես պարտություն, դավաճանություն ներկայացնելով: Շահարկվող թիրախներից մեկն էլ 800 հեկտարի հայտնի պատմությունն էր:

Սրան զուգահեռ տարբեր տարիներին իշխանությունն էլ իր հերթին էր շահարկում Հայաստանի անվտանգության խնդիրները՝ կոչ անելով, օրինակ, ընդդիմադիրներին չխաթարել երկրի ներքին կայունությունը, հանրահավաքներ չանել, իշխանափոխություն չպահանջել:

Այս երկուստեք շահարկումները հիմա էլ են դարձել մոդայիկ: Փաշինյանի մրցակիցները նրան մեղադրում են Արցախի հարցում դավադիր պլան ունենալու մեջ, Փաշինյանն էլ մեղադրողներին կասկածում է այլ երկրների շահերին ծառայելու և պատերազմ հրահրելու փորձի մեջ: Փաստացի, տարիներ ի վեր Արցախյան խնդիրը դառնում է բացառապես շահարկումների առարկա: Ինչու ենք ասում շահարկում, որովհետև ոչ ընդդիմությունը, ոչ էլ իշխանությունը տարիներ շարունակ մյուս կողմի հասցեին հնչեցնելով նման մասշտաբի մեղադրանքներ՝ այդպես էլ չի գնացել ասվածը փաստարկներով ապացուցելու ճանապարհով: Երկրի ներսում քաղաքական ուժերը իրար մեղադրել են պետական դավաճանության մեջ, բայց շարունակել են ապրել կողք կողքի, նստել կողք կողքի խորհրդարանում, Բրյուսելներում ու ստրասբուրգներում կողք կողքի ելույթ ունենալ, նույն հյուրանոցում հանգրվանել:

Այս իմաստով կենսական է, որ Փաշինյանի հնչեցրած հայտարարությունները ստանան որևէ ընթացք, որևէ իրավական ընթացք: Բնական է, որ կլինի հակառակ կողմի շահարկումն առ այն, որ իրենց հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում: Հաշվի առնելով այս հանգամանքը՝ ցանկացած իրավական ընթացք պիտի ունենա թափանցիկության բաղադրիչ ու կասկածի տեղիք չթողնի հասարակության և աշխարհի համար: Այլապես այս խիստ կարևորագույն, փխրուն հարցով շահարկումները դառնում են քաղաքական սովորական ժանր, դառնում են անպատասխանատու հայտարարություններ՝ առանց հետևանքների: Սա իր հերթին մսխում է Հայաստանի անվտանգային իմունիտետը: Մի կողմից արտաքին հայացքը տեսնում է, որ Հայաստանի համար կարևորագույն այս խնդրով արվում են բացառապես պահի նպատակահարմարությունից բխող շահարկումներ, մյուս կողմից հասարակությունը սկսում է նման շահարկումներին վերաբերվել նորմալ, որպես քարոզարշավներին բնորոշ երևույթ, ինչն իր հերթին բերում է նման կարևորության ու բարդության խնդրին անլուրջ վերաբերմունք:

Շահարկումների ցիկլը պետք փակել մեկընդմիշտ՝ կա՛մ այլևս չշահարկելով թեման, կա՛մ էլ ինչ–որ պահից իրավական ընթացք տալով:

Հեղինակ՝ Լևոն Մարգարյան

դիտվել է 0 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված