Հայ–ռուսական հարաբերություններն ինտենսիվանում են՝ ի հաշիվ Արևմուտքի.

Վաղը՝ դեկտեմբերի 27–ին, նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որի շրջանակներում նա կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ենթադրվում է, որ քննարկման առանցքում լինելու է գազի սակագնի հարցը՝ հաշվի առնելով, որ գործող պայմանագիրն ավարտվում է այս տարեվերջին: Հանդիպումն ընթանալու է գազի գնի շուրջ ստացվող հակասական ինֆորմացիայի ֆոնին:

Փաշինյան–Պուտին հանդիպումներն, ընդհանրապես, բավական պարբերական բնույթ են կրում, ընդ որում՝ թե՛ երկկողմ ֆորմատով, թե՛ ԵԱՏՄ–ի կամ ՀԱՊԿ–ի այլ հանդիպումների շրջանակներում նկատվում է երկու երկրների ղեկավարների միջև բավական հագեցած օրակարգ: Բնական է, որ Ռուսաստանը՝ լինելով Հայաստանի թիվ մեկ գործընկերը, կարիք ունի հայաստանյան նոր իշխանությունների հետ անընդհատ ռեժիմում քննարկումներ վարել: Մյուս կողմից էլ Հայաստանի նոր իշխանությունները խնդիր ունեն ցրել ռուսական կողմի սկեպտիցիզմը:

Այս իմաստով էլի են եղել դեպքեր, երբ հայ–ռուսական հարաբերություններում ի հայտ եկող այս կամ այն տարընթերցումները պարզաբանելու համար Փաշինյանը մեկնել է Մոսվկա և հանդիպել Պուտինին: Իհարկե, հասարակությունը լիահույս է, որ հերթական հանդիպման ընթացքում կստացվի առնվազն խուսափել գազի սակագնի հնարավոր թանկացումից:

Հատկանշական է, սակայն, որ հայ–ռուսական հարաբերությունները, փաստացի դառնում են Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգի մեխը, զբաղեցնում են այդ օրակարգի ահռելի մասը, ընդ որում, զբաղեցնում են ոչ միայն կիրառական, այլև ընկալումների, մեդիադաշտում այդ օրակարգի ներկայացվածության մասով: Եվ սա այն դեպքում, երբ Հայաստանը հիմա գտնվում է ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը հաջորդող բավական պատասխանատու փուլում: Այս իմաստով ԵՄ շրջանակային համաձայնագրի կոնտեքստում Եվրամիության հետ հարաբերությունների չափաբաժինն անհամեմատ քիչ է հայ–ռուսական հարաբերությունների օրակարգից: Հատկապես այդ համամասնության տարբերությունն աչքի է զարնում, երբ համեմատում ենք նախորդ իշխանության վարած քաղաքականության հետ:

Ստացվում է, որ կամ նախորդ իշխանությունները, որոնց քանիցս մեղադրում էին ռուսամետության ու ընդհուպ ռուսահպատակության մեջ, գոնե տեղեկատվական իմաստով փորձում էին հավասարակշռել տարբեր աշխարհաքաղաքական օրակարգերի ներկայությունը, իսկ արդեն լեգիտիմ, ինչպես շատ է ասվում, ինքնիշխան Հայաստանի իշխանությունները կշեռքի նժարը անթաքույց թեքում են դեպի բացառապես աշխարհաքաղաքական կողմերից մեկը:

Սա միտումնավոր է արվում, թե պարզապես հեղափոխությունն է ծնել այսպիսի իրավիճակ և անհրաժեշտություն՝ պարզաբանելու անընդհատ ծագող հարցեր, դժվար է ասել: Չի բացառվում, որ հեղափոխական Փաշինյանին չի գոհացնում Եվրամիության բյուրոկրատական մեքենայի ծանր և դանդաղ աշխատանքը, իսկ ինքը ցանկանում է հարցերին արագ և կոնկրետ լուծումներ տալ՝ հեղափոխական ռիթմին հարիր: Այս իմաստով, իհարկե, Պուտինը, թերևս, անկախ իր «բռնապետական» ընկալումներից, ավելի հարմարավետ գործընկեր է Փաշինյանի համար, որովհետև, ի տարբերություն ԵՄ–ի, Ռուսաստանում հարցերին կարելի է լուծում տալ մեկ–երկու զանգի միջոցով:

Տարին ամփոփելով՝ կարող ենք ասել, որ նոր իշխանություններին, իհարկե, հաջողվեց խուսափել տեսանելի լուրջ արտաքին քաղաքական ցնցումներից: Սակայն չենք կարող չարձանագրել, որ մի կողմից այդպես էլ արտաքին քաղաքական որևէ նոր ռազմավարություն չկա, ու կան միայն ընթացիկ հարցերին տրվող ընթացիկ լուծումներ, մյուս կողմից էլ կա հայ–ռուսական օրակարգի ու հարաբերությունների էական ինտենսիվացում՝ ի հաշիվ աշխարհաքաղաքական այլ կենտրոնների հետ հարաբերությունների: Լա՞վ է սա, թե՞ վատ, կյանքը ցույց կտա:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված