Պետական ապարտում կունենա՞նք կոլափս

Վերջին շրջանում հանրության շրջանում ամենից շատ քննարկվող հարցը, որը մարդկանց մոտ անհանգստությունների առիթ տվեց պետական ապարատի օպտիմալացման թեման է: Օրերս կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Կառավարության կառուցվածքի ու գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ անելու նախագիծը, որով առաջարկում է կրճատել նախարարությունների թիվը՝ 17-ից հասցնելով 12-ի։

Այլևս չենք ունենա առաջին փոխվարչապետ, լինելու է երկու փոխվարչապետ։ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, պետական գույքի կառավարման կոմիտեն, ջրային կոմիտեն միավորվում են էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությանը, իսկ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը վերանվանվում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: Մշակույթի, կրթության և գիտության, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունների միավորումից էլ ստեղծվելու է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Գյուղատնտեսության նախարարությունը միավորվում է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությանը և կոչվելու է տնտեսական զարգացման և գյուղատնտեսության նախարարություն: Ռազմարդյունաբերական կոմիտեն միավորվում է տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությանը և կոչվելու է բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերական նախարարություն: Այլևս չենք ունենա Սփյուռքի նախարարություն:

Օրենքը, ընդունվելու դեպքում, ուժի մեջ է մտնելու 2019-ի հունվարի 1-ից։ Նախագիծը կքննարկվի հունվարի 14-ին կայանալիք 7-րդ գումարման ԱԺ առաջին նիստում։

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ընտրություններից առաջ ինքը տեղեկացրել է սպասվելիք փոփոխությունների մասին ու ստացել ժողովրդի համաձայնությունը մանդատի տեսքով: Ընդգծեմ, որ նա այս դեպքում մի քիչ խորամանկում է` մանդատը ստացել է` առանց մանրամասնելու` ինչ փոփոխություններ նկատի ուներ: Ու հիմա հենց նա է փաստի առաջ կանգնեցրել հասարակությանը:

Առաջին հայացքից թվում է` խոսքը վերաբերում է միայն պետական կառավարման համակարգի աշխատակիցներինմ բայց դա սխալ տպավորություն է: Խոսքը վերաբերում է բոլորիս ու ամբողջ պետությանը: Կառավարության նոր կառուցվածքի հայտնիանալուց հետո առաջին պլան մղվեցին կրճատվողները` այն պետծառայողները, որ այլևս պետք չեն պետությանը: Մոտավոր հաշվարկներով` 50-55000:

Պետությունը նրանց մի հրամանով բախտի քմահաճույքին նետելու իրավունք չունի, նույնիսկ երբ հաշվարկվում է, թե քանի միլիարդ դրամի խնայողություն է արվում: Աշխատաշուկայում նրանք հայտնվելու են նույնքան ավելորդի դերում, որքան իրենց նախարարություններում, որ միացվում են իրար կամ վերանում են: Իսկ դա պետության վրա շատ ավելի թանկ է նստելու, քան խնայված միլիարդները: Պետական համակարգի ուռճացվածության մեղքը նրանցը չէ, համակարգը պետք է ձերբազատվի ֆունկցիաների կրկնություններից ու անկառավարելիությունից` սա չի վիճարկվում, բայց աշխատանից ազատվողների համար պետք է ունենալ ծրագիր` կամ վերապատրաստման, կամ` այլ աշխատանքի առաջարկների տեսքով: Մասնավոր սեկտորում ինքնուրույն աշխատանք գտնելու վրա հույս դնելը ապարդյուն է: Հայաստանում սովորաբար նման հարցերը լուծվում են արտագաղթով` հաշվի առե՞լ է այդ հեռանկարը Նիկոլ Փաշինյանը:

Կա առավել վտանգավորը` փաստացի միմյանց են միացվում մի քանի նախարարություններ ու ստեղծվում է կառավարման աջափսանդալ և շատ մեծ հարց է` մեխանիկական միացումների հետևանքով ընդհանրապես կառավարումը հնարավո՞ր է: Ներկայացված օրինագծում խոսք չկա փոխնախարարների մասին: Միայն ենթադրելի է, որ միացվող նախարարությունները ունենալու են փոխնախարար, որ զբաղվելու է, ասենք, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի հարցերով առանձին-առանձին: Կամ` տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում` պետական գույքի կառավարումով, ջրային խնդիրներով, էներգետիկայով ու բնական պաշարներով: Կամ` բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը` տրանսպորտով, կապով, բարձր տեխնոլոգիաներով և ռազմարդյունաբերությամբ: Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը զբաղվելու է նաև գյուղատնտեսությամբ:

Փաստացի` Հայաստանը ոչ թե հրաժարվում է սուպերվարչապետ ունենալուց, այլ գնում է սուպերնախարարություններ ստեղծելու ճանապարհով: Առաջարկվող կառուցվածքով ուժային կառույցները (ոստիկանություն և ԱԱԾ) մնում են վարչապետի ենթակայության տակ, հարկային և մաքսային մարմինները միավորող պետական եկամուտների կոմիտեն մնում է կառավարության ենթակայության տակ: Սռացվում է, որ ՀՀ-ում միայն նախագահի պաշտոնի անունը դրեցինք վարչապետ ու խորհրդարանական հանրապետությունում ԱԺ-ն չունի վերահսկողության դաշտ: Հաշվի առնելով հնարավոր կադրային նշանակումների մասնագիտական որակներն ու մարդկային հատկանիշները, փորձի բացակայությունն ու ամբիցիաները` մնում է հաշվել, թե ե՞րբ կհասնենք կոլապսին` կե՞ս, թե՞ մեկ տարում:

դիտվել է 1 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված