«Նման անորոշության պարագայում միայն կարող ենք հուսալ, որ լավ կլինի, որովհետև սրանից վատ պարզապես չի կարող լինել»

Ամփոփելով 2018 թվականը` ևս մեկ անգամ արձանագրենք, որ այն Հայաստանի համար բավականին բուռն իրադարձություններով լի տարի էր: Եվ չնայած դրան, թեև առաջընթաց այդպես էլ չեղավ, բայց ուրախալի է, որ կարծես թե քաղաքական իրադարձությունների պատճառով երկրի տնտեսությունն առանձնապես ծանր ցնցումների չենթարկվեց: Ու թեև ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ցանկացած երկրում իշխանափոխություն իրականացնելուց հետո առնվազն արտարժույթի կտրուկ տատանումներ են լինում, սակայն, բարեբախտաբար, նման տատանումներ նույնպես չեղան, ինչն արդեն դրական սպասումներ է առաջացնում:

Տնտեսագետները հավաստիացնում են, որ կապիտալի շուկայում նման ցնցումներից Հայաստանը զերծ մնաց բանկային կայացած համակարգի շնորհիվ: Ինչ վերաբերում է այլ ոլորտներին, ո՛չ տնտեսական երկնիշ աճ արձանագրվեց, ո՛չ էլ նախորդ իշխանությունների խոստումների արդյունքները տեսանելի դարձան:

Տնտեսագիտության դոկտոր Վարդան Բոստանջյանի կարծիքով, քաղաքական իրադարձությունները մեծ հաշվով չէին կարող էական տնտեսական փոփոխությունների ենթարկել Հայաստանի տնտեսությունը մի քանի պատճառներով:

«Նախ պետք է արձանագրել, որ 2018 թվականի ընթացքում ինչպես բյուջեն, այնպես էլ տնտեսական հարաբերություններն իներցիոն բնույթ կրեցին և ունեցանք այն, ինչ ունեինք: Ուշագրավն այն էր, որ սպասվում էր նախորդ կառավարության կողմից խոստացված ներդրումների անկում, որն, ըստ խոստացածի, պետք է կազմեր մոտ 900 մլն դոլար: Բայց, ինչպես տեսանք, խոստումներն այդպես էլ չիրականացան, և ըստ էության հիմնական բոլոր ուղղություններով, հատկապես սոցիալական առումով ցուցանիշները մնացին անփոփոխ»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Սպառման շուկայում տարվա ընթացքում ապրանքների գների բարձրացում, ըստ տնտեսագետի, թեև տեղի ունեցավ, սակայն այն ամենաշատն ազդեց անապահով խավի վրա, ինչն ամենևին էլ ցանկալի չէր:

«Անցնող տարվա ընթացքում տեղի ունեցած քաղաքական իրադարձությունների պատճառով մենք կարող էինք ավելի ծանր վիճակում հայտնվել, ինչը, բարեբախտաբար, տեղի չունեցավ: Իմ կարծիքով, դա արդեն կարելի է դրական համարել»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Անդրադառնալով խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձևավորվելիք կառավարության առաջիկա խնդիրներին՝ տնտեսագետը նշեց, որ այս պահին դժվար է կանխատեսել, թե ինչ կլինի, սակայն կարճ ժամանակում պարզ կլինի, թե ուր է լողում հայկական տնտեսական նավը:

«Շատ կարճ ժամանակ հետո արդեն տեսանելի կլինի, թե մենք արդյոք ի զորո՞ւ ենք տնտեսության աճով պայմանավորված հաջողություններ գրանցել, թե՞ ոչ: Կենսաթոշակի, նվազագույն աշխատավարձի ցուցանիշի, աղքատության մակարդակի կրճատման առումով նոր իշխանությունները դեռևս որևէ խոստում չեն տվել: Եվ ինչպես վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն արձանագրեց, 2019 թվականի բյուջեն իներցիոն բնույթ է ունենալու: Բացի այդ, որևէ տնտեսական զարգացման տեսլական նույնպես ներկայացված չէ նոր իշխանությունների կողմից: Կարելի է մտածել, որ գուցե ժամանակը չբավարարեց, բայց պետք է հուսանք, որ այնուամենայնիվ տնտեսական ծրագիր կներկայացվի, և այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի առաձին–առանձին դրան անդրադառնալ»,– ասաց Վ. Բոստանջյանը:

Ամփոփելով տնտեսագետի խոսքն արձանագրենք, որ այս պահին հնարավոր չէ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական կանխատեսում անել, քանի որ ամեն ինչ դեռ անորոշությունների դաշտում է: Եվ նման պարագայում ցանկացած կանխատեսում կարող է արջի ծառայություն կամ անշնորհակալ աշխատանքի վերածվել: Անդրադառնալով նախարարությունների միավորման, ինչպես նաև սփյուռքի նախարարության լուծարման որոշմանը՝ Վ. Բոստանջյանը նշեց, որ այն դժվար է դրական քայլ համարել:

«Բազմամիլիոնանոց սփյուռք ունենք, և այս պարագայում սփյուռքի նախարարությունը լուծարելը կարելի՞ է դրական քայլ համարել: Հայ ժողովուրդն իր հազարամյակների պատմության ընթացքում իր մշակույթով է առանձնացել, բայց հիմա պարզվում է, որ մենք այլևս մշակույթի նախարարություն չպետք է ունենանք: Անկեղծ ասած, սեփական երկրի լավը ցանկացող յուրաքանչյուր քաղաքացի չի ուզենա, որ նման փոփոխությունները բացասաբար ազդեն երկրի տնտեսության վրա, բայց ամեն դեպքում համաձակություն էլ չենք կարող ունենալ ասելու, որ նման փոփոխությունները դրական ազդեցություն կունենան: Այսինքն, նման անորոշության պարագայում միայն կարող ենք հուսալ, որ լավ կլինի, որովհետև սրանից վատ պարզապես չի կարող լինել»,– ասաց տնտեսագետը:

Ավարտելով խոսքը, Վ. Բոստանջյանը ողջ հայ ժողովրդին մաղթեց խաղաղություն, հաջողություն, առաջընթաց, բարեկեցության բարձրացում, աշխատանք, արժանավայել եկամուտ, և հույս հայտնեց, որ, այնուամենայնիվ, ցանկացած նախաձեռնություն դրական ընթացք կունենա, քանի որ հային բնորոշ չէ նման վիճակում ապրելը, իսկ մեր ժողովուրդը պետք է արժանապատիվ ապրելու հնարավորություն ունենա, քանի որ դրա բոլոր նախադրյալներն ու պոտենցիալ հնարավորություններն ունի:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շիլ աչքով այս նիհար երեխան մեծացել և դարձել է աշխարհի ամենագեղեցիկ տղամարդը. Նրա կյանքին հետևում է ավելի քան 3 մլն կին… Հասմիկ Խոջյանի մուտքը «Անհասցե ծնվածները» սերիալ եւ ուրախության պատճառը Ձեր քթի ձևը շատ բան կարող է պատմել ձեր մասին…զարմանալի համընկնում Որ ծաղիկն է ձեզ համապատասխանում՝ ըստ ծննդյան ամսի, և ինչ է այն ասում ձեր մասին Շոկային կադրեր. ինչպես են կանանց գաղութում տանջում բանտարկյալներին. ՏԵՍԱՆՅՈՒԹՕրական ընդամենը 2 բանանը, չեք էլ պատկերացնում, թե ինչ կարող է անել ձեր օրգանիզմի հետ. անհավատալի է Ինչպես է Իննա Խոջամիրյանը շնորհավորել Սիսիան Սեփանյանի ծննդյան տարեդարձը (լուսանկար) Էս չե՞ս արա...հայտնի դերասանը Նիկոլի հասցեին. խայտառակ բացահայտում Գևորգ Գրիգորյանի մասինDisney-ի աստղին քննադատել են առանց ներքնազգեստի լուսանկարի համար. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԱհա, թե ինչպիսինն էին «Էլենի օրագիր» սերիալի սիրված դերասաններ Իննա Խոջամիրյանն ու Հասմիկ Խոջյանը դպրոցական տարիներին. Նրանք անհավատալիորեն փոխվել են. ՖՈՏՈ
Ամենաընթերցված