Հայաստանում նշում են Սուրբծննդյան ճրագալույցը (վիդեո)

Հայ Առաքելական եկեղեցին այսօր՝ հունվարի 5-ին, երեկոյան Սուրբ Զատկի ճրագալույցին կմատուցի Սուրբ Պատարագ:

Եկեղեցու հինգ տաղավար տոներից երկուսի՝ Սուրբ Ծնունդի եւ Սուրբ Զատկի նախորդ օրերը կոչվում է ճրագալույց: «Ճրագալույց» անունը ծագել է «ճրագ լուցանել» արտահայտությունից, որ նշանակում է ճրագ վառել, մոմ վառել: Հայ եկեղեցին տարվա մեջ երկու անգամ է երեկոյան Սուրբ Պատարագ մատուցում՝ Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկի ճրագալույցներին:

Ըստ Գրիգոր Տաթեւացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ ճրագալույցի, եւ հունվարի 6-ի առավոտյան՝ տերունական, որովհետեւ Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ըստ այսմ՝ ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:

Եկեղեցական կյանքում նվիրագործված ավանդության համաձայն՝ նոր օրն սկսվում է տվյալ օրվա երեկոյից (սկսած ժամը 18.00-ից): Ահա այս պատճառով, համաձայն Հայոց եկեղեցու հնավանդ կանոնների, տաղավար տոներից Սուրբ Ծննդյան եւ Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան իսկ՝ ճարագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում, եկեղեցին ավետում է բարի լուրերը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:

Սուրբ Ծննդյան նախորդ օրը՝ հունվարի 5-ին, Հայ եկեղեցում կատարվում է ճրագալույցի հանդիսավոր արարողությունը: Հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով եւ «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Երեկոյան ժամերգությունից հետո ընթերցում են Սուրբ Գրքից հատվածներ: Ընթերցվում է Հիսուսի ծնունդն ավետող դրվագը Ղուկասի ավետարանից, ինչպես նաեւ հատվածներ Ղուկասի եւ Մատթեոսի ավետարաններից: Բեմը նախապես վարագույրով ծածկված է լինում: Ապա պատարագիչը բարձրանում է խորան եւ զգեստավորվում: Այս ընթացքում ատյանում ընթերցվում են Տիրոջ գալուստը վկայող մարգարեությունները: Երեկոյան կատարվող այս ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Եվ հինը խառնելով նորի հետ՝ տոնախմբում ենք գալիք օրվա հիշատակը: Ապա ընթերցվում է Դանիելի մարգարեությունից հատվածներ, բացվում է Սուրբ Խորանի վարագույրը եւ սկսվում է Սուրբ Պատարագի արարողությունը:

Ավարտից հետո կատարվում է հաջորդ օրվա տոնի նախատոնակը, որով սկիզբն է դրվում Սուրբ Ծննդյան տոնի հիշատակը: Այն Սուրբ Ծննդյան տոնի նախապատրաստությունն է: Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Եվ ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:

Ճրագալույցի Պատարագի ավարտին հավատացյալները եկեղեցու կանթեղներից մոմ կամ ճրագ են վառում եւ տանում իրենց տները լուսավորելու: Այն խորհրդանշում է Աստվածային լույսը, եկեղեցու օրհնությունը, Բեթղեհեմյան աստղի լույսը, որը առավել էր, քան արեգակը, որովհետեւ ցերեկով էլ էր երեւում, եւ որը մոգերին առաջնորդեց դեպի ճշմարիտ Լույսը՝ դեպի Մանուկ Հիսուսը: Հնավանդ ժողովրդական սովորության համաձայն՝ ճրագալույցի երեկոյան մարդիկ այցելում են միմյանց՝ տոնի ավետիսը փոխանցելու:

Ճրագալույցի երեկոն կոչվում է նաեւ խթում, այն ուտիքի նախատոնակն է: Նախընտրելի է այդ օրվա ընթրիքը պատրաստված լինի ձկնեղենից, կաթնեղենից ու բանջարեղենից, բայց առանց մսի

Ճրագալույցի Սուրբ Պատարագից հետո մինչեւ հունվարի 13-ը կատարվում է նաեւ Սուրբ Ծննդյան տնօրհնեք:

դիտվել է 1 անգամ
loading...
Լրահոս
Գ. Ծառուկյանի աջակցությամբ՝ «Մուլտի Արմյանե» թիմը կմասնակցի «Լիգա սմեխա» հումորային փառատոնին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ նյութերը դեռևս չեն ուղարկվել Վերաքննիչ դատարան. պաշտպանական խումբՀովիկ Աբրահամյան. «Մատնանշված տարածքում հողակտոր չունեմ» Չարորակ հիվանդությունների վիրահատման ամբողջ գումարը կվճարի պետությունըԿա Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ տեղեկատվության սղություն, որոշակի չակերտներ պետք է բացվենՎանեցյանը ժամանել է Բագրատաշենի մաքսատուն. ցուցարարները բացել են ճանապարհը2018-ի վերջին պետական պարտքը կազմել է 6,923 մլրդ դոլար. աճը՝ 148 մլն դոլար. մանրամասներԳագիկ Ծառուկյանը մշտապես հայտարարել է՝ այն մարդիկ, որոնք կապ ունեն մարտի 1-ի դեպքերի հետ, պետք է խստագույնս պատժվեն. Իվետա Տոնոյան Կարեն Մաթևոսյանը՝ Երևանի առողջապահության վարչության պե՞տ Միհրան Հարությունյանի խոստովանությունը Ռուբեն Թաթուլյանին
Ամենաընթերցված