Եթե նախկինում իրականացված ծրագրերն իրականացվեն, գյուղատնտեսությունը չի տուժի. Գեղամ Գեւորգյան

Եթե գյուղատնտեսության ոլորտի նույն ծրագրերը իրականացվեն, գյուղատնտեսության նախարարության կրճատումը էական ազդեցություն չի ունենա ոլորտի վրա։ Այս մասին այսօր՝ հունվարի 31-ին, լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գեղամ Գեւորգյանը՝ պատասխանելով հարցին, թե Տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության հետ միավորման արդյունքում գյուղատնտեսությունը չի տուժի արդյոք։

«Եթե գյուղատնտության ոլորտը նույն առաջնահերթությունների մեջ է մտնում, նույն ծրագրերն իրականացվելու են, կարծում եմ նախարարության անվանումը չպետք է էական ազդեցություն ունենա, կապրենք, կտեսնենք»,–նշեց նա։

Գեղամ Գեւորգյանը, այնուամենայնիվ, լիահույս է, որ գյուղատնտեսության ոլորտը լինելու է արդյունավետ եւ շարունակելու է զարգանալ։

Հարցին ՝ թե ինքն ի՞նչ կարգավիճակում է իրեն տեսնում առաջիկայում, նա նշեց, որ պատրաստ է աշխատել պետական կառավարման համակարգի ցանկացած պաշտոնում, որը թույլ կտա իր ներուժն ու կարողությունները։

Հիշեցնենք, որ շրջանառության մեջ դրված «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է մի քանի նախարարությունների կրճատում։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված