«Մեկ անձից կատարվող գնումների գործընթացը շարունակում է խնդիր լինել». ի՞նչ կարող են անել տնտեսվարողները

Հակակոռուպցիոն պայքարի մասին վերջին մեկ տարվա ընթացքում արվել են բազմաթիվ հայտարարություններ, շատ հաճախ նաև շեշտվում է մեր երկրում համակարգային կոռուպցիայի վերացման մասին: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը չի շտապում այս առումով միանշանակ գնահատականներ հնչեցնել:

Նա առաջին հերթին ընդգծում է, որ վերոնշյալ ժամանակահատվածի համար միջազգային հայտնի կառույցների կողմից դեռևս չկան այն զեկույցները, որոնց հիման վրա էլ հնարավոր կլինի գնահատականներ հնչեցնել:

«Հայաստանում ևս չկան ուսումնասիրություններ, ընթացիկ ուսումնասիրություններ՝ ևս: Եթե զուտ սուբյեկտիվ առումով ենք դիտարկում, իհարկե, առաջընթաց կա: Վերևներում, կարծես թե, կոռուպցիան կրճատելու և այս համակարգային կոռուպցիայի արատավոր շղթայից դուրս գալու քաղաքական կամք կա: Այդուհանդերձ, այսօր շատ լուրջ խնդիրներ կան»,-Past.am-ի հետ զրույցում ասաց Վ. Հոկտանյանը՝ հավելելով, որ միայն վերոնշյալ ուսումնասիրություններից հետո կարելի է գնահատել, թե մեզ մոտ որքանո՞վ հաղթահարվել համակարգային կոռուպցիան:

«Քաղաքական կամքի շնորհիվ համակարգային կոռուցիայի արդյունքում առաջացած կոռուպցիոն բուրգն ամենավերևներում, կարծես թե, ընդհատված է, իսկ թե միջին և ստորին օղակներում այդ շղթան արդյոք կա՞, թե՞ ոչ, շատ դժվար է բացահայտել»,-ասաց մեր զրուցակիցը:

Խոսելով խնդիրների մասին՝ նա շեշտեց. «Այժմ չկան այնպիսի հստակ քայլեր, որոնք պետք է թելադրվեին հեղափոխությամբ: Խոսքն ինստիտուցիոնալ համակարգի ստեղծման, ռազմավարության հնարավորինս արագ մշակման, ինչպես նաև կանխարգելիչ գործունեության մասին է: Առայժմ գործընթացները միայն նախկին կոռուպցիոներների ունեցվածքների պարզման ուղղությամբ են: Փորձում են պարզել, թե որքանո՞վ են դրանք թալանի հետևանք հանդիսանում, և փորձ է արվում հետ բերել թալանվածը: Բացի միայն սա բավարար չէ, այլ քայլեր ևս պետք է արվեն»:

Վարուժան Հոկտանյանն ընդգծեց, որ շատ դեպքերում հույսը միայն լրատվամիջոցներն են, բայց ԶԼՄ-ների կողմից ստորին և միջին օղակները քիչ են ուշադրության արժանանում:

«Վերջին շրջանում վերևներում առկա էպիզոտիկ դեպքերի մասին հայտարարվեց՝ ՊՎԾ, առողջապահության փոխնախարար… Բայց ես հակված չեմ դրանք համակարգային կոռուպցիայի վերադարձ համարել: Հուսով ենք, որ դրանք նորմ չեն դառնա: Բայց, մեծ հաշվով, շատ կարևոր խնդիր կա: Առայժմ ապահոված չէ անշրջելիությունը: Այսինքն, լավ, վերևներում համակարգային կոռուպցիան վերանում է, բայց արդյոք դա անշրջելի կլինի: Ի դեպ՝ կան մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան, որ այլևս չլինենք այդ իրավիճակում: Այդ առումով կա Վրաստանի օրինակը: Բացի այդ, շատ կարևոր է հասկանալ համակարգային կոռուպցիայի հիմնական էությունը, այն է՝ համակարգը չի կարող առանց կոռուպցիայի գործել, ինչը չկայացած ինստիտուտների հետևանքն է: Այսինքն, հեղափոխությունից հետո ինստիտուտները հնարավորինս արագ պետք է կայացվեին: Այդ ուղղությամբ, սակայն, ես մեծ առաջընթաց չեմ տեսնում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ դրա հետևանքով շատ ոլորտներում հիմա մեկ այլ խնդիր է առաջացել:

Մեջբերելով այն տեսակետները, թե որոշ ոլորտներում կոռուպցիան նվազել է, Վ. Հոկտանյանը հավելեց. «Այդուհանդերձ, դրա փոխարեն առկա է մի գործընթաց, որը շատերն անվանում են սաբոտաժ: Առաջ ինչպե՞ս էր հարց լուծվում. կաշառքը վերցնում էին, ծառայությունը մատուցվում էր: Իսկ հիմա վախենում են վերցնել: Շատ ոլորտների մասին եմ լսել, որ չեն վերցնում, բայց ծառայություն էլ չեն մատուցում: Երբ մենք ունենանք այնպիսի համակարգ, երբ կաշառք չեն վերցնի ու դրա հետ մեկտեղ որակյալ ծառայություն կմատուցեն, այդ դեպքում կարող եմ ասել, որ համակարգային կոռուպցիան անդառնալի է հաղթահարված:

Վ. Հոկտանյանի հետ զրույցում անդրադարձանք նաև պետական գնումների ոլորտին, ռիսկերին ու այն կասկածելի մրցույթներին, որոնք արձանագրվում են նաև հետհեղափոխական Հայաստանում:

Մեր զրուցակիցը նշեց, որ այստեղ առկա են այն խնդիրները, որոնք կային նաև նախկինում:

«Մեկ անձից կատարվող գնման գործընթացը պարունակում է ամենալուրջ կոռուպցիոն ռիսկը: Իհարկե, սա չի նշանակում, որ մյուս գործընթացները մաքուր են ու կոռուպցիոն ռիսկեր չկան, բայց մեկ անձից կատարվող գնումների գործընթացը շարունակում է խնդիր լինել: Դժբախտաբար, առայժմ ականատես ենք լինում այդ երևույթին: Բայց մի կարևոր հանգամանք կա. ես կուզենայի, որ մրցույթներին մասնակցող կամ գնումների շուկա մուտք գործելու փորձ անող տնտեսվարողները ավելի համարձակ բարձրաձայնեն հնարավոր խնդրահարույց դեպքերի մասի: Պետք է փորձել հենց նույն մասնակիցների միջոցով առաջընթաց գրանցել: Դա շատ կարևոր ինդիկատոր կլինի: Շատ կոռուպցիոն դրսևորումներ հիմա հնարավոր է այնպես քողարկել, որ ոչ մի բան չերևա: Այդ երևույթի համաձայն, օրինակ, պայմանավորվում են, որ այս տենդերը նա կշահի, մյուսը՝ նա»,-շետեց Վարուժան Հոկտանյանը՝ նշելով, որ պետք է սպասել ու հասկանալ, թե նշված ոլորտում ի՞նչ ազդեցություն կունենան օրենքի փոփոխությունները, ինչի մասին արդեն հայտարարվել է:

Աննա Բադալյան

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Արդյոք Վենետիկի հանձնաժողովի հրապարակած զեկույցը գաղտնի էր․ մեկնաբանում է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Սիրանուշ Սահակյանը Երբեք մի օգտագործեք այս արտահայտությունները. Բառային էներգետիկա. Ահա թե որն է դա «Թե՛ դի­մորդ­նե­րի թվի նվա­զու­մը, թե՛ քննու­թյուն­նե­րի ար­դյունք­նե­րը լուրջ ազ­դան­շան պետք է լի­նեն». «Փաստ» Հովիկ Աբրահամյանը վերջին 10 տարում Մոնակոյում չի եղել. գրասենյակը հերքում է Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում. «Փաստ» ԲՀԿ պատգամավորների այցը սահմանամերձ Ճամբարակ, զորամաս և մարտական դիրքեր Կառավարության նիստի օրակարգում 28 հարց է, որից 22-ը՝ չզեկուցվող, մեկը՝ գաղտնի (ուղիղ) ՈՒՂԻՂ. Իրավիճակը Իջևանում շարունակում է լարված մնալ Կյանք կա՞ մահից հետո. կլինիկական մահ տարած անձինք պատմում են, թե ինչ է տեղի ունեցել իրենց հետ մահանալուց հետո. ապշեցուցիչ է Ինչ­պի­սի՞ն է մե­նաշ­նոր­հա­յին վի­ճա­կը Հա­յաս­տա­նում. «Փաստ»
Ամենաընթերցված