Էմիլ Օրդուխանյան. «Այսօր քաղաքական օրակարգերի ճշգրտման և հիմնավորման խնդիր կա»

Ցավոք, քաղաքականության մեջ մշտապես անձերն են կարևորվել, իսկ քաղաքագիտության պահանջն ինստիտուտների կարևորումն է: Այս համոզմանն է քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանը, որը, խոսելով անցած մեկ տարվա ընթացքում արձանագրված իրավիճակի մասին, շեշտեց ոչ թե անձերի, այլ համակարգի վրա կենտրոնանալու անհրաժեշտության մասին:

Է. Օրդուխանյանն ընդգծեց, որ իշխանության գործողություններն ու աշխատանքը պետք է գնահատել այն ժամանակահատվածից, երբ տեղի ուենցան ԱԺ ընտրությունները:

«Մեկ տարվա մեջ ունեցանք նոր խորհրդարան, որը լեգիտիմության առումով վայելում էր ժողովրդի մեծամասնության վստահությունը: Իհարկե, ակնհայտ է փորձառության պակասը, բայց խորհրդարանում կա ուժ, որն ԱԺ-ում մշտապես լինելով երկրորդ ուժը, շատ ավելի երկար հետագիծ է ունեցել: Այնպես որ, ԱԺ-ում ինչ-որ չափով կարող է բալանսավորում լինել, բայց պրոդուկտիվության արդյունավետության տեսանկյունից այս պահին ինչ-որ հիմնավոր բան ասելը դեռ վաղ է, որովհետև ԱԺ-ի կողմից դեռ չունենք կառավարության կառուցվածքի փոփոխության վերջնական հաստատումը: Դրանից հետո միայն հնարավոր կլիներ գնահատել նաև գործադիր իշխանության աշխատանքները, գործելաոճն ու արդյունքները: Այնպես որ, մեկ տարվա ամփոփման տեսանկյունից կարող ենք ասել, որ մեկ տարին հետհեղափոխական որոշ քայլերի բովանդակություն ուներ. մասնավորապես՝ նախկին ոչ լեգիտիմ ԱԺ-ի արձակում, առանց ընտրակեղծիքների նոր ԱԺ ընտրություններ և դրան հաջորդող գործադիր իշխանության կառուցվածքային փոփոխություն»,-Past.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետը՝ ընդգծելով, որ թեև սոցիալական և տնտեսական առումով որոշ փոքր քայլերով դրական տեղաշարժեր են եղել, բայց դրանք չեն համապատասխանում հասարակության ակնկալիքներին:

«Պատճառն այն է, որ հետհեղափոխական իրավիճակում հասարակության ակնկալիքները շատ ավելի մեծ են լինում, քան այն իրական քայլերը, որոնք կարող է իրականացնել որևէ իշխանություն: Այս պարագայում գուցեև ամբողջությամբ չեն արդարանում ակնկալիքները, և դա հնարավոր չէ, որովհետև հեղափոխության հետ ինչպես անձնական, այնպես էլ խմբային, սոցիալական առանձին շերտերին վերաբերող որևէ խնդրի առաջնահերթ լուծումներ էին կապել: Իսկ այդ խնդիրներն իրականում փուլային և ոլորտային լուծումներ են պահանջում»,-ասաց նա:

Անդրադառնալով քաղաքական օրակարգին և այն լցնելու անհրաժեշտությանը, Է. Օրդուխանյանը նշեց. «Այսօր քաղաքական օրակարգերի ճշգրտման և հիմնավորման խնդիր կա: Այդ օրակարգը ձևավորելու և ըստ այդ օրակարգի աշխատելու, դրանով առաջնորդվելու համար հարկավոր են հայեցակարգային մոտեցումներ: Պետք է հասկանալ՝ պետության քաղաքականությունը զարգացման ի՞նչ հեռանկար ունի և ի՞նչ միջոցներով կարելի է դրական արդյունք ապահովել այդ հեռանկարի առումով»:

Նա շեշտեց, որ հայեցակարգեր են պետք տարբեր ոլորտներում. «Օրինակ, տնտեսությունն ի՞նչ հայեցակարգով է զարգանալու: Կան կարևոր հայեցակարգային մոտեցումներ, որոնք կառավարությունը պետք է որդեգրի և ներառի օրակարգում: Նույնը վերաբերում է Ընտրական օրենսգրքին, անցումային արդարադատությանը, այսինքն, լուծում պահանջող այն խնդիրներին, որոնց մասին բարձրաձայնվում էր: Այդ ամենի մասին խոսվել է, բայց արդյոք մշակվո՞ւմ են դրանց հայեցակարգային հիմքերը, եթե այո, ապա ո՞ւմ կողմից և ինչպիսի՞ փորձագիտական հանրություն է ընդգրկված: Օրակարգ ձևավորելու համար մենք պետք է կարողանանք աշխատեցնել ինստիտուտները, և այդ ամենը չթողնել անձերի վրա. եթե քաղաքական համակարգը չի ինստիտուցիոնալացվում, որքան էլ անձերը բարձր լեգիտիմության ունենան, միայնակ չեն կարող պետություն արդիականացնել: Պետության արդիականացման համար ինստիտուցիոնալացում է հարկավոր»:

Քաղաքագետի հետ զրույցում անդրադարձանք նաև Արցախ-Հայաստան հարաբերություններին, ինչպես նաև «Արցախ-Հայաստան ռազմավարական դաշինք» ֆորումի մեկնարկին:

«Իհարկե, աներկբա է, որ Հայաստան-Արցախը մեկ ռազմավարական համակարգի մեջ են դիտարկվում, Հայաստանը մշտապես դե ֆակտո հանդիսացել է Արցախի անվտանգության համար մեկ երաշխավորը: Սա հենց այդ ռազմավարական բովանդակությունն է, որը կա Արցախ-Հայաստան հարաբերություններում: Սրան զուգահեռ և այս տրամաբանությունից դուրս ցանկացած այլ քայլ, որը կնսպատի այդ բովանդակության համալրմանը և դրա՝ ավելի լիարժեք դառնալուն, միայն դրական է: Սակայն վերոնշյալ պլատֆորմի առումով կա հարցադրում. այս ձևաչափն ի՞նչ քաղաքական ուժեր են առաջարկում և ինչպիսի՞ քաղաքական իրավիճակում: Նախաձեռնությունը այն քաղաքական ուժերինն է, որոնք նախկինում իշխանություն ունեին, և հարց է նաև, թե ինչո՞ւ դա չէր արվում նախկինում: Այսինքն, այդ պլատֆորմի անհրաժեշտությունն այսօ՞ր է ձևավորվել, թե՞ մշտապես եղել է, բայց ուղղակի անդրադարձ չի եղել»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության օրակարգին՝ Արցախի մասով, նա հավելեց. «Այսօր Հայաստանի կողմից շատ հստակ առաջարկ է արվում Արցախը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու առումով: Սա դրական է, որովհետև գոնե որպես առաջարկ այն Արցախին իրավասուբյեկտության հեռանկար է հաղորդում: Իսկ ներքաղաքական օրակարգում Արցախի հետ մեր ունեցած հարաբերություններում ռազմավարական հարաբերություններն ինչպիսին եղել են, այնպես էլ շարունակվում են: Պարզապես Արցախում որոշ քաղաքական օղակներ, պայմանավորված նախագահական ընտրություններով, փորձում են Արցախը որպես առանձին տարր դիտարկել Հայաստանից: Այս ամենը դիտարկվում է զուտ նախընտրական շրջանում տակտիկական մոտեցումների տրամաբանության մեջ՝ Արցախում կայանալիք ընտրություններում երևի ինչ-որ դիվիդենտներ հավաքելու նպատակի համատեքստում: Բայց, մեծ հաշվով, Հայաստան-Արցախ հարաբերություններում ոչ մի վատթարացում չկա»:

Աննա Բադալյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Երկրի համով դեմք»-ը «Բարի Սամարացի» ընկերության հիմնադիր տնօրեն Հովհաննես Հովակիմյանն է ԹԵՍՏ. Նրանցից ո՞վ է տարիքով ավելի փոքր՝ ըստ ձեզ. Ձեր ընտրությունը ցույց կտա, թե ինչ մտածողության տեր եք «Վա­րորդ­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյան զգա­ցու­մը ցածր է, պատ­ժա­մի­ջոց­ներն էլ չեն գոր­ծում». ի՞նչ անել եր­թև­ե­կու­թյու­նը կար­գա­վո­րե­լու հա­մար. «Փաստ» Նախիջեւանի հետ սահմանին հակառակորդի կրակոցի հետեւանքով հրդեհ է բռնկվել (վիդեո) Ան­ցանք «դե­մոգ­րա­ֆի­ա­կան» հե­ղա­փո­խու­թյա՞նը. «Փաստ» «Երիտասարդական հիմնադրամը պայմանագիր չի ներկայացրել». Գիտության կոմիտեի արձագանքը. «Փաստ» Նի­կոլ Փա­շի­նյա­նը մե­սիջ­ներ է հղում Սամ­վել Բա­բա­յա­նին. «Փաստ» Համաստեղության նշաններ, որոնք հիասքանչ են անկողնում«Ինչի՞դ ա նախարարը, ես պակա՞ս նախարար եմ». Սասուն Միքայելյանի հորդորով ցուցարարները բացեցին Երեւան–Սեւան ճանապարհը Դանակահարված տղամարդը մահացել է «Արմենիա» ԲԿ-ում
Ամենաընթերցված