«Իմ երեխան մահմեդականություն չի ընդունել, սունեթ չի եղել»․ Արթուրին ընկերն է եթեր տարել ու նվերներ խոստացել

Օրերս տեղեկություններ տարածվեցին, թե հայ փոքրիկը՝ 13-ամյա Արթուր Ենգիբարյանը, Թուրքիայում մահմեդականություն է ընդունել և փոխել է անունը։ Թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուն իր վարած կրոնական հաղորդման ուղիղ եթերում Արթուրին հարցնում է՝ կցանկանա՞ր դառնալ մահմեդական, որին երեխան դրական պատասխան է տալիս, հարցին, թե ի՞նչ կցանկանար, որ լինի անունը՝ փոքրիկը փոքր-ինչ մտածելուց հետո հենց հաղորդավարի անունն է հնչեցնում։

Այս ամենը տեսնելուց հետո հայ հանրությունը սկսեց քարկոծել փոքրիկին ու առանց հետևանքների մասին մտածելու անարգանքի սյունին գամել։ Իրադարձությունների զարգացումից հուսահատված՝ ԼՈՒՐԵՐ․com-ի հետ կապ է հաստատել Արթուրի մայրիկը՝ Ալինա Ենգիբարյանը։ Նա նշեց, որ լուրերը, թե երեխան ընդունել է մահմեդականությունը չեն համապատասխանում իրականությանը և դա ընդամենը թյուրիմացություն է եղել։

Ալինա Ենգիբարյանը պատմեց, որ երեխային նրա սիրիացի ընկերն է տարել հաղորդմանը և վստահեցրեց, որ երեխան ոչ մահմեդական է դարձել, ոչ էլ թլպատվել է․ «Իմ երեխան մահմեդականություն չի ընդունել, մենք հայ ենք, քրիստոնյա։ Եթե ես տեղյակ լինեի, ինքս կգնայի երեխայիս մոտ, բայց չեմ իմացել։ Ես աշխատում եմ խանութում և հանկարծ ինձ նյութեր են ուղարկում, թե Արթուրն ուղիղ եթերում է ու նման հայտարարություններ է անում։ Իմ երեխան 13 տարեկան միամիտ երեխա է, ընկերն ասել է՝ արի գնանք եթերում կխոսենք, վերջում նվերներ են տալու մեզ, իրենց հետ էլ կնստենք, կճաշենք, երեխաս էլ միամտորեն գնացել է։ Հաղորդման ընթացքում էլ միայն ասում է՝ այո, ոչ, ուրիշ ոչինչ չի խոսում։ Երեխա է սխալվել է, ես հո չե՞մ կարող իմ երեխայի սպանել դրա համար։ Նա մուսուլման չի դարձել, սունեթ չի եղել»,- լացակումած ասաց Արթուրի մայրիկը։

Արթուրի մայրիկին վշտացրել է հայերի արձագանքը, որոնք հետևելով թուրքական լրատվամիջոցներին սկսել են բացասական ու վիրավորական մեկնաբանություններ գրել երեխայի հասցեին․ «Վերջապես բոլորս հայ ենք, եթե մենք իրար թիկունք չլինենք, ո՞վ կլինի։ Ես այստեղ աշխատում եմ, փորձում եմ իմ երեխաներին պահել, կարիքից դրդված եմ եկել, ինչի՞ համար են նման լուրեր տարածում ու մեղադրանքներ հնչեցնում առանց իրականությունն իմանալու։ Լուրեր են տարածվել, թե իբր գումար ենք վերցրել դրա համար, բայց երդվում եմ՝ չկա նման բան, դա զրպարտություն է։ Երեկ ինձ մի թուրք ասաց՝ եթե թուրքը քրիստոնեություն ընդունի, թուրքերը նման ձև չեն վարվի ինչպես ձեր մի փոքր ազգը, չէ՞ որ երեխան ընդամենը 13 տարեկան է։ Իմ տնօրենն էլ զարմացավ՝ ինչո՞ւ են նման ձևով արձագանքում, եթե քո երեխան սունեթ չի եղել»,- նշեց Ալինա Ենգիբարյանը։

Նա նշեց, որ իր մտահոգությունը հայտնել է նաև Թուրքիայի Ազգային ժողովի հայ պատգամավոր Գարո Փայլանին և քիչ անց պետք է հանդիպի նրան՝ ստեղծված իրավիճակից ելք գտնելու ակնկալիքով։

Նշենք, որ թուրքական մամուլն օգտվելով առիթից այս խայտառակ իրադարձությունը որպես թոփ լուր է ներկայացրել։ Իսկ հայկական լրատվական տիրույթում զայրույթ է առաջացրել Թուրքիայում շարունակվող բռնի կրոնափոխության փորձի դեպքը։ Ըստ որոշ հրապարակումների թուրք հոգևորական Նիհաթ Հաթիփօղլուն իր վարած կրոնական հաղորդման ժամանակ խախտել է Լոզանի պայմանագիրն ու ցեղասպանություն սահմանման կետերից մեկը, ըստ որի անընդունելի է համարվում երեխային բռնությամբ կրոնափոխ անել։

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ամենաընթերցված