«Այն նե­ո­լի­բե­րալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, որը շա­րու­նա­կում է այս կա­բի­նե­տը, թե­րևս մեծ խնդիր­նե­րի առաջ է կանգ­նեց­նե­լու»

Օտարերկրյա ուղղակի ներդրումներն այս տարվա առաջին եռամսյակում Կենտրոնական բանկի տվյալներով՝ կազմել են 34,4 մլն դոլար, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում դրանք կազմել են 94,4 մլն դոլար։ Խոսելով այս ցուցանիշներից ու դիտարկելով նաև աննախադեպ ներդրումների վերաբերյալ իշխանության հայտարարությունները՝ տնտեսագետ Ատոմ Մարգարյանը «Փաստի» հետ զրույցում առանձնացրեց մի քանի գործոններ:

«Իհարկե, երեք ամիսը կարճ ժամկետ է, որպեսզի հնարավոր լինի դատել որևէ ներդրումային ցիկլի կամ խոստումների մասին: Պետք է նաև համեմատել այն թվերի հետ, որոնց մասին այսօր հայտարարում է կառավարությունը, բայց, իհարկե, թվերը ինչ-որ բան ասում են: Նախ՝ չպետք է մոռանալ, որ ուղղակի ներդրումների զգալի մասը նախկինում իրականացվել է օֆշորային գոտիներից, կրիմինալ ծագումնաբանության կապիտալի աղբյուրներից: Կապիտալները, որոնք թալանվել են, յուրացվել են ատկատների, կաշառքների, գնային խարդախությունների մեխանիզմներով, Հայաստան են բերվել որպես օտարերկրյա ուղղակի ներդրումներ: Այժմ այդ բաղադրիչը կրճատվել է:

Բայց, մյուս կողմից, լուրջ ներդրողները, որոնք երկարաժամկետ ծրագրեր են կառուցում ու ինչ-որ ակնկալիքներ ունեն Հայաստանի հետ, այս պահի դրությամբ բավականին մեծ անորոշությունների առաջ են կանգնած: Խոսքը քաղաքականության հստակեցումների անհրաժեշտության մասին է: Թե՛ օրենսդրությունը, թե՛ քաղաքականության գործիքակազմերը դեռևս տրանսֆորմացիայի և կայացման փուլում են, իսկ կարգավորումների դաշտը դեռ հստակ չէ: Սրանք լրացուցիչ ռիսկեր են ստեղծում, ինչով էլ բացատրվում է ներդրողների վարքագիծը»,-ասաց տնտեսագետը՝ շեշտելով, որ այս պարագայում խոսքն այն ներդրողների մասին է, որոնք նորմալ ծագումնաբանություն ունեցող կապիտալի սեփականատերեր են:

«Իսկ ինչ վերաբերում է մյուս խմբին, նրանք ընդհանրապես ձեռնպահ վարքագիծ են դրսևորում, որովհետև կա շրջանառության մեջ դրված նախաձեռնություն, ինչը հետ է պահում ակտիվ ներդրումային քայլերից: Խոսքն այս դեպքում առանց դատավճռի ակտիվների բռնագանձման մասին է:

Այն մարդիկ, որոնք իրենց կապիտալները կուտակել են ոչ օրինական ճանապարհներով, բնականաբար, այս փուլում ոչ թե կապիտալը բերելու և դրանք այստեղ ներդնելու, այլ ճիշտ հակառակը՝ կապիտալը դուրս հանելու վարքագիծ են դրսևորում: Այնպես որ, չպետք է զարմանալ թվերից: Այս իրավիճակը առաջիկայում ևս կշարունակվի: Սպասել, որ այդ մարդիկ կներկայանան մեղայականով, կբացեն քսակները և երկարաժամկետ նախագծեր կիրականացնեն, լուրջ չէ:

Հաշվի առնելով սա՝ իշխանությունը պետք է իրականացնի կապիտալի, ունեցվածքի, գույքի և անօրինական եկամուտների համաներում, բայց առայժմ այդ ուղղությամբ քայլեր չենք տեսնում: Ընդհակառակը՝ տեսնում ենք հետապնդումների որոշակի գործողություններ:

Մեծ հաշվով, առայժմ պետք է հոռետեսորեն մոտենալ այն հեռանկարին, թե եռանիշ, քառանիշ միլիոններով ներդրումային լուրջ ծրագրեր կիրականացվեն: Առայժմ դա իրատեսական չէ: Այդուհանդերձ, դա օդի ու ջրի նման անհրաժեշտ է Հայաստանին՝ հաշվի առնելով բոլոր այն ռիսկերը, որոնց բախվում է երկիրն արդեն տասնամյակներ շարունակ: Իսկ այն նեոլիբերալ քաղաքականությունը, որը շարունակում է այս կաբինետը, թերևս մեծ խնդիրների առաջ է կանգնեցնելու»,ընդգծեց Ա. Մարգարյանը:

Նա մի քանի հարցադրումներ արեց՝ կապված իշխանության անելիքների հետ:

«Պետք է հասկանալ, թե կառավարությունը, իշխող քաղաքական ուժը ի՞նչ է ուզում: Երկարաժամկետ ռազմավարություն արդյոք ունի՞: Կամ՝ ունի՞ առաջնահերթություններ ոչ թե հինգ, այլ առնվազն 15-20 տարվա կտրվածքով: Կա՞ն ռազմավարական երկարաժամկետ որոշ վեկտորներ, որոնք ձգտում է իրականացնել այս կառավարությունը: Հստակեցվե՞լ է, թե ինչպիսին պետք է լինի մեր տնտեսության տեխնոլոգիական կառուցվածքը՝ մինչև 2030-2035 թվականները:

Ո՞ր ոլորտները կարող են գերակա լինել, դրանց վերաբերյալ տարվող քաղաքականությունները թիրախավորվա՞ծ են: Մենք այս ամենն այս պահին չենք տեսնում: Ընդհակառակը՝ տեսնում ենք, որ ցանկացած ընկերություն, որն ինչ-որ մի խելամիտ ծրագիր է բերում, ստանում է հարկային արտոնություններ: Իսկ թե ո՞ր կառուցվածքի, սահմանված ո՞ր գերակա ոլորտի առաջնահերթության հիմքով, պարզ չէ: Մենք հստակություն չենք տեսնում»,-ընդգծեց մեր զրուցակիցը

Տրամաբանական քայլերի կարևորության համատեքստում տնտեսագետը մատնանշում է ռեսուրսների հասանելիության առումով ավելի բարենպաստ միջավայր ստեղծելու անհրաժեշտությունը. «Դա կբերի նրան, որ բոլոր տեսակի՝ թե՛ նյութական, թե՛ էներգակիրների, թե՛ ֆինանսական, վարկային ռեսուրսներն ավելի հասանելի կդառնան: Այսինքն՝ կնպաստի էժանացմանը:

Միլիոնավոր դոլարների, կոռուպցիայի, թալանի մասին հայտարարություններ էին արվում, այդ ամենը թանկացնում էր ռեսուրսները, բայց եթե այդ կոռուպցիան չկա, ինչո՞ւ չեն էժանանում, օրինակ, նույն գազը, ջուրը, տարբեր ֆինանսական ինստիտուտների ծառայությունները: Օրինակ՝ ինչո՞ւ տոկոսադրույքների իջեցում չի լինում: Մարդկանց ակնկալիքները հենց այս ամենի հետ էին կապված, որոնք պետք է իրականացվեին:

Պետք է հետևողական լինել՝ նաև հնարավոր որոշակի ցավոտ միջամտություններով: Այդ ժամանակ ներդրողները կտեսնեն, որ երկիրը հարաբերական մրցակցային առավելություններ ունի ներդրումների ոլորտում, ինչի շնորհիվ նաև ներդրումներ կանեն, եկամտաբեր աշխատատեղեր կստեղծեն:

Ցավոք, այս առումով լուրջ տեղաշարժեր մենք այսօր դեռ չենք տեսնում»:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված