Փա­շի­նյա­նը ստիպ­ված է աշ­խա­տել ար­տա­կարգ իրա­վի­ճա­կում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվել է օպերատիվ աշխատանքային շտաբ՝ հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, աղետների ռիսկերը նվազեցնելու և հետևանքները վերացնելու համար:

11 հոգանոց շտաբը գլխավորելու է արտակարգ իրավիճակների նախարարը: Այս որոշումը արտաքուստ սոսկ աշխատանքային է, սակայն իրականում շատ խորհրդանշական է, քանի որ մեր երկրում հաճախ են տեղի ունենում արտակարգ և արտասովոր իրադարձություններ, որոնց իշխանությունը չի կարողանում համարժեք և արագ արձագանքել:

Սևանի խնդիրը էկոլոգիականից արդեն վերածվել է սոցիալ-քաղաքական լուրջ մարտահրավերի: Երբ մարդիկ լուսանկարներով և տեսանյութերով տեղեկացան, թե ինչպես է կապուտակ Սևանը դարձել ճահիճ, բնականաբար, հրաժարվեցին զբոսաշրջային այս սեզոնին այցելել այնտեղ: Շատերին թվում էր, թե լիճը համատարած ճահճակալել է, ինչն այդպես չէր: Սա, իհարկե, շղթայաբար ազդեց Սևանում հանգիստ կազմակերպող կառույցների և անհատների գործունեության վրա: Նրանք ամեն տարի սպասում են ամռան գալուն, որպեսզի գումար աշխատեն, մինչդեռ զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է:

Այս իրավիճակում պատկան մարմինները արագ և ժամանակին որևէ հոդաբաշխ հայտարարությամբ հանդես չեկան, որպեսզի պարզ լինի հանրությանը և բիզնեսին, թե ինչ վտանգ է ներկայացնում Սևանում ստեղծված իրավիճակը, արժե՞, թե՞ չարժե այցելել, վտանգավո՞ր է, թե՞ ոչ: Արվածներն էլ բավականին «հետ ընկած էին» ու երբեմն նույնիսկ միմյանց հակասող:

Ի վերջո Սևանի տնտեսվարողները փակեցին մայրուղին և պահանջեցին կառավարությունից հայտարարել, որ Սևանում լողալը անվտանգ է: Մինչդեռ պատկան մարմինները բավարարվեցին միայն փաստը արձանագրելով և մեղադրելով նախորդ իշխանություններին՝ Սևանի այսօրվա վիճակի համար:

Սա անարդյունավետ և դանդաղկոտ կառավարման տիպիկ օրինակ է: Թեև Սևանը սկսել է ինքնամաքրվել, կառավարության և պատկան մարմինների ոչ օպերատիվ գործելաոճը հավանաբար ավելի մեծ վնաս է հասցրել հանրությանը և տնտեսվարողներին, քան ծաղկած ջրիմուռները:

Մեկ այլ օրինակ է էլեկտրակայանների խոշոր վթարը, որը շատերին հիշեցրեց հովհարային անջատումների ժամանակաշրջանը: Այս հարցում կառավարությունը համեմատաբար արագ արձագանքեց, մեկ օրվա ընթացքում կարծես կարգավորվեց ամեն ինչ:

Դա հնարավոր եղավ թերևս այն բանի շնորհիվ, որ այսօր տարածաշրջանի երկրները ձևավորել են էլեկտրաէներգետիկ հանգույց: Երբ մի տեղ վթար է լինում, հնարավոր է լինում միանալ հարևան երկրի ցանցերին և ապահովել էներգամատակարարումը:

Չնայած խնդրի արագ կարգավորմանը, միևնույն է, հանրության մեջ նստվածք թողեց, որ վերևներում չեն տիրապետում իրավիճակին, քանի որ նման հովհարային անջատումներ պատերազմի տարիներից հետո մարդիկ չէին հիշում:

Ամռան շոգ եղանակին մեծանում է հրդեհների վտանգը, և արդեն ականատես ենք եղել, որ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել:

Պատճառն ակնհայտ է. տարածքը չի ոռոգվում և խնամվում` ի տարբերություն նախորդ տարիների: Դա էլ մի օրինակ է, որ պատասխանատու մարմիններն ավելի շատ դեպքերին արձագանքողի, քան կանխարգելողի դերում են հանդես գալիս:

Առաջիկա օրերին կանխատեսվում է ջերմաստիճանի բարձրացում, հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: 2017թ.-ին Խոսրովի անտառում խոշոր հրդեհը դեռ թարմ է մեր հիշողություններում:

Այդ հրդեհը ցույց տվեց, որ սեփական ռեսուրսներով ի վիճակի չենք ոչ միայն կանխարգելել, այլև վերացնել աղետի հետևանքները: Միայն ռուսական կողմի տրամադրած ԻԼ-76 ինքնաթիռի շնորհիվ հնարավոր եղավ լիովին մարել հրդեհը:

Հիմա պարզ է դառնում, թե ինչու է վարչապետ Փաշինյանը նման օպերատիվ աշխատանքային շտաբ ձևավորում: Նա, ըստ երևույթին, արդեն գիտակցում է, որ սովորական ռեժիմով կառավարությունն ու պատկան մարմինները չեն կարողանում կատարել իրենց պարտականությունները:

Անհրաժեշտ է ձևավորել այնպիսի շտաբ, որը արտակարգ ռեժիմով կաշխատի: Պաշտոնական հաղորդագրության մեջ կարդում ենք, որ հանձնարարվել է վարչապետին պարբերաբար ներկայացնել տեղեկատվություն և ըստ անհրաժեշտության առաջարկություններ անել հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման և հետևանքների վերացման միջոցառումների մասին:

Թվում է, թե նման օպերատիվ շտաբի կարիք կարող է լինել միայն արտակարգ իրավիճակների հետ կապված: Սակայն բոլոր ոլորտներում կառավարությունն այսօր ունի օպերատիվ խմբերի ձևավորման կարիք: Անվերապահ չասենք, թե երկրում առկա է կառավարման բացարձակ ճգնաժամ, համենայն դեպս այս պահին, սակայն որ դրա միտումները հստակ երևում են, իսկ կառավարումը սոսկ իրավիճակային է, դանդաղ և հաճախ անարդյունավետ, անվիճելի է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը ներկա է գտնվել Հայաստանում Իտալիայի նախկին դեսպանի գրքի շնորհանդեսին Տավուշի մարզում Բաղանիս գյուզի մոտ շրջվել է զինծառայողների տեղափոխող բեռնատարը. Կա 11 վիրավոր ԹԵՍՏ. Ընտրեք բանալին, որով կբացեիք հին սունդուկը. ընտրությունը ձեր մասին ավելին կպատմի, քան սպասում եքԱյս տարի մեր մոլորակի համար շատ վատ տարի էր. Սուրենյանը` Ամազոնի այրվող անտառների մասին Յուվեցի Կարոյի սպանության և Կարամելի Հարութի ինքնասպանության քրգործերը կարճվել են Երևանում տեղի ունեցավ Կանադայի YEDI ինստիտուտի START-UP ծրագրի շնորհանդեսը (տեսանյութ) Նոր զարգացումներ «օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունից. սպանությունը օժանդակելու կասկածանքով 1 հոգի ձերբակալվել է, սպանություն կատարողին էլ որոնում են (Ֆոտոշարք, տեսանյութեր) ԲՀԿ-ն միշտ էլ առաջնորդվել է ժողովրդի ցանկությամբ, այդպես է նաև Ամուլսարի խնդրի դեպքում «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի պահեստներում բռնկված հրդեհը չի մարվում արդեն 3-րդ օրը Քիչ առաջ խորհրդակցություն անցկացրի «Ամուլսարի» հարցով, մասնակցում էր նաև «Լիդիանի» ներկայացուցիչը. Նիկոլ Փաշինյան
Ամենաընթերցված