ՌԴ Կիսիլյովսկ քաղաքում հայ գործարարին պատկանող սրճարանում հայ և ռուս երիտասարդների ծեծկռտուքի ընթացքում մարդ է սպանվել

1in.am-ը գրում է․

Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Արթուր Խ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ:

1986 թվականին ծնված Արթուրը դեպքի կատարման պահին՝ 2013 թվականի ապրիլին, 27 տարեկան էր: Նրան մեղսագրված արարքները կատարվել են Ռուսաստանի Դաշնությունում: Ի սկզբանե Արթուրին մեղադրանք էր առաջադրվել ՌԴ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով:

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը: Գործի ընթացքն այնպիսին է եղել, որ Արթուր Խ.-ն մեկնել է Ռուսաստանից:

Նա հայտնաբերվել է Հայաստանում, ՌԴ-ից ուղարկվել են քրեական գործի նյութերը, նրան մեղսագրված արարքները համապատասխանեցվել են ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածներին: Արթուր Խ.-ին մեղադրանք էր առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության ու սպանության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ կետերով:

Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի ապրիլի լույս 28-ի գիշերը՝ ժամը 1-ն անց 30-ից մինչև 2-ը ՌԴ Կիսիլյովսկ քաղաքի Ստուդենչեսկայա 10 «ա» հասցեում գործող «Միրաժ» սրճարանի մոտ սրճարանի այցելուներ Ն. Դիբովի և քննությամբ չպարզված անձանց միջև տեղի է ունեցել ծեծկռտուք, որի ժամանակ Ն. Դիբովը իր տրավմատիկ ատրճանակից կրակել է օդ, սրճարանի տիրոջ՝ Հ. Սիմոնյանի հասցեին հնչեցրել է ֆիզիկական դատաստան տեսնելու սպառնալիքներ՝ այդպիսով ստեղծելով կոնֆլիկտային իրավիճակ:

Գիշերվա ժամը 3-ից 4-ն ընկած ժամանակահատվածում «Միրաժ» սրճարանի տեր Հ. Սիմոնյանի և այցելու Մ. Դավիդկովի միջև առաջացել է վիճաբանություն՝ նախորդ միջադեպի հետ կապված: Սիմոնյանն ու Դավիդկովը գնացել են սրճարանի հետնամաս՝ հարաբերություններ պարզելու:

Այնտեղ նույնպես ծեծկռտուք է եղել:

Արթուր Խ.-ն, իմանալով «Միրաժ» սրճարանում ծավալված վիճաբանության ու ծեծկռտուքի մասին, գնացել է սրճարան, այնտեղ վերցրել է Սիմոնյանին պատկանող և «Միրաժ» սրճարանում ոչ պատշաճ կերպով պահվող որսորդական հրացանը, գնացել է սրճարանի հետնամաս ու վիճաբանողներին վախեցնելու նպատակով անկանոն կրակոցներ է արձակել օդ: Մ. Դավիդկովը փորձել է Արթուրի ձեռքից վերցնել հրացանը, բայց Արթուրը վազելով գնացել է սրճարանի տիրոջ՝ Սիմոնյանի աշխատասենյակ: Այնտեղ Դավիդկովը հասել է նրան, փորձել է նրա ձեռքից խլել հրացանը:

Ըստ մեղադրանքի՝ «հանկարծակի առաջացած անձնական անբարյացակամ վերաբերմունքի հողի վրա» Արթուր Խ.-ն իր ձեռքին եղած հրացանից կրակոց է արձակել Դավիդկովի ուղղությամբ, սակայն Դավիդկովը կռացել է՝ նույն սենյակում գտնվող Վ. Կորնևի նախազգուշացնող բացականչությունը լսելով:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Խ.-ն, ցանկանալով սպանել Դավիդկովին, կրակոց է արձակել՝ հաշվի չառնելով, որ սենյակում՝ սահմանափակ տարածքում, երկուսից ավելի անձինք կան, նրանց կյանքի համար նույնպես վտանգ է առաջացել:

Կրակոցից հրազենային վնասվածք է ստացել Դավիդկովի հետևում կանգնած Կորնևը՝ նրան պատճառվել է աջ պլևրալ խոռոչ թափանցող՝ կրծքավանդակի հրազենային կոտորակային վնասվածք: Վնասվել են տուժողի աջ թոքի վերին հատվածը, կողերը: Ստացած վնասվածքներից Վ. Կորնևը մահացել է:

Այս մեղադրանքով գործը քննվել է ՌԴ Կեմերովոյի մարզային դատարանում, և Արթուր Խ.-ի նկատմամբ դատարանը 2014 թվականի ապրիլի 2-ին կայացրել է… արդարացման դատավճիռ:

Արդարացման դատավճիռը բողոքարկվել է, ՌԴ գերագույն դատարանի քրեական գործերով կոլեգիան 2014 թվականի հուլիսի 2-ին բեկանել է արդարացման դատավճիռը, գործն ուղարկել է նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության:

Այդ ընթացքում Արթուր Խ.-ն հեռացել էր ՌԴ-ից: Նրա նկատմամբ քրեական գործի վարույթը վերսկսվել է, ռուս իրավապահները դիմել են հայ գործընկերներին, քրեական գործը վարույթ է ընդունվել ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Խ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե դեպքի օրվա գիշերը իրենց ընկեր Ռոմանը զանգել է իրեն ու Էդգարին, խնդրել է գնալ «Միրաժ» սրճարան: Իրենք տաքսիով գնացել են: Սրճարանի տիրոջ եղբոր հետ խոսել և իմացել են, որ մի խումբ ռուսներ սրճարանի մոտ կռիվ են սարքել, հարձակվել են հայերի վրա, Դիբովը կրակել է:

Ըստ Արթուրի՝ դեպքի հաջորդ օրն ինքը պետք է գնար Տոմսկ՝ ատենախոսության պաշտպանության, այդ պատճառով ցանկացել է տուն գնալ, չմնալ սրճարանում: Բայց հայ տաքսիստը, ում ինքը դիմել է, ասել է, թե հաճախորդ ունի, կտանի, հետ կգա իր հետևից: Ինքը մտել է սրճարանի խոհանոց: Դրսից հայհոյանքի ձայներ է լսել, դուրս է եկել ու տեսել, որ հայերին ծեծում են: Հարձակվել են նաև իր վրա: Ինքը մտել է սրճարան, հարձակվողները մտել են իր հետևից: Ինքը գնացել է տնօրենի աշխատասենյակ, բայց իր վրա հարձակվողները շարունակել են հարձակումը, գարեջրի շշով հարվածել են իր գլխին: Ինքն ընկել է հատակին, ուշաթափվել է: Ուշքի է եկել ու տեսել, որ ինքն ընկած է հատակին, իրեն խփում են մի քանի հոգով: Ինքը հատակին ընկած զենք է նկատել, վերցրել է, փորձել է վեր կենալ ու պաշտպանվել: Դավիդկովը, ում ինքը չի ճանաչել, իր ձեռքից խլել է զենքը, և նրա կողմից զենքը խլելուց հետո կրակոցներ են հնչել: Կրակոցներից հետո բոլորը դուրս են եկել, ինքն էլ է դուրս եկել, դուրս գալիս տեսել է, որ գետնին ընկած մարդ կա: Մտել է խոհանոց, որ լվացվի՝ շշի հարվածի պատճառով իր գլխից արյուն էր գալիս: Այդ պահին սրճարան են մտել ոստիկանները: Իր ընկերները իրեն մեքենայով տարել են հիվանդանոց: Կիսիլյովսկի հիվանդանոցում իրեն չեն ընդունել՝ համապատասխան միջոցներ չունենալու պատճառով: Այլ քաղաքից են շտապօգնություն կանչել, իրեն տարել են Պրոկոպևսկ: Ինքը զանգել է Կեմերովո, այնտեղից իր բարեկամները եկել, իրեն տարել են Կեմերովո, ապա՝ Բարնաուլ: Իրեն տեսակցության է եկել ծանոթ աղջիկը՝ Օլգան, ոստիկանները նրան հետևել, իմացել են իր տեղն ու ձերբակալել են…

Արթուր Խ.-ն պնդել է, որ զենքը հատակից վերցրել էր՝ պաշտպանվելու, իրեն հարվածողներին մոտ չթողնելու համար, որևէ մեկին սպանելու դիտավորություն չի ունեցել, իսկ կրակոցները հնչել են այն բանից հետո, երբ Դավիդկովը իր ձեռքից խլել է զենքը…

Գործով տուժողի կարգավիճակ ունեցող Դավիդկովը պնդել է, թե ինքը գնացել է զենքը ձեռքին բարձրահասակ հայի հետևից, որ զենքը խլի: Տնօրենի աշխատասենյակում հարվածներ է հասցրել այդ հայի դեմքին ու գլխին՝ միաժամանակ բռնել է զենքից, որ խլի: Մի պահ բաց է թողել զենքը, շրջվել է, այդ ժամանակ Կորնևի բացականաչությունն է լսել՝ Մա՛քս, կռացի: Ինքը կռացել է, այդ ժամանակ հնչել է կրակոց, իր հետևում կանգնած Կորնևը մեջքի վրա ընկել է հատակին: Հետո ինքը նորից մոտեցել է զենքը ձեռքին հային, նրան գցել է արկղերի վրա, ցանկացել է խլել զենքը, իսկ նա զենքի փողն աշխատում էր ուղղել իր վրա ու սպանել իրեն: Ինքը զենքի փողը մի կողմ է տարել, այդ ժամանակ նորից կրակոց է հնչել, ինքը չի նկատել՝ որ ուղղությամբ է կրակվել, քանի որ այդ ժամանակ շարունակում էր ծեծել հային: Ներկա ռուսներից մեկն օգնել է այդ հայի ձեռքից զենքը խլելուն: Ինքը չի տեսել՝ հետո զենքն ուր է ընկել: Կրակոցներ արձակած հայը դուրս է եկել սենյակից, ինքը գնացել է նրա հետևից, բայց չի հասել նրան, վերադարձել է տնօրենի աշխատասենյակ, որտեղ ընկած էր Կորնևը, նրա կողքին կանգնած էր իր կինը: Կորնևը դեռ ողջ էր, նրան փորձել են արհեստական շնչառություն տալ: Որոշ ժամանակ հետո եկել է շտապօգնությունը…

Արթուր Խ.-ն հայտարարել է, թե Դավիդկովի ասածները չեն համապատասխանում իրականությանը:

Դատարանը արձանագրել է բազմաթիվ հակասություններ գործով տուժողներ՝ Դավիդկովի ու նրա կնոջ, ինչպես նաև վկաների ցուցմունքներում, այդ հակասությունների վրա նախաքննական մարմինը աչք է փակել:

Դատարանն արձանագրել է, որ Արթուր Խ.-ն հնարավորություն չի ունեցել հարցաքննելու իր դեմ ցուցմունքներ տված անձանց, բացի այդ, դեպքի վայրում իրադարձությունների ծավալման այն մեխանիզմը, որը նկարագրել են տուժողներ Դավիդկովները, դատարանը գնահատել է որպես ոչ արժանահավատ:

Դատարանը եզրահանգել է, որ գործի նախաքննության ընթացքում թույլ են տրվել օրենքի պահանջների էական խախտումներ:

Ամբաստանյալի մեղավորության մասին բոլոր չփարատվող կասկածները դատարանը մեկնաբանել է հօգուտ ամբաստանյալի: Դատարանն արձանագրել է՝ Արթուր Խ.-ի մասնակցությունը կատարված հանցագործությանը ապացուցված չէ, իսկ նոր ապացույցներ ձեռք բերելու հնարավորությունները սպառված են:

Դատարանը Արթուր Խ.-ին ճանաչել է անմեղ և արդարացրել է:

Նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին, վերացվել է:

Այս արդարացման դատավճռի դեմ վերաքննիչ բողոք էր բերել գործով մեղադրող դատախազը՝ պահանջելով բեկանել այն ու կայացնել մեղադրական դատավճիռ՝ Արթուր Խ.-ին մեղավոր ճանաչելով ծանրացուցիչ հանգամանքներում կատարված դիտավորյալ սպանության ու սպանության փորձի համար:

Վերաքննիչ քրեական դատարանում մեղադրող դատախազը, ներկայացնելով բողոքի հիմքերն ու հիմնավորումները, նշել է, թե ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը հիմնավոր ու պատճառաբանված չէ: Առաջին ատյանի դատարանը «յուրովի է մեկնաբանել մի շարք ներպետական ու միջազգային իրավանորմեր…», թույլ է տվել դատական սխալ՝ կիրառել է միջազգային պայմանագիր ու օրենքի դրույթ, որոնք ենթակա չէին կիրառման: Մասնավորապես՝ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը ղեկավարվել է 2002թվականի «Քիշնևի կոնվենցիայով», մինչդեռ ՌԴ կողմից այդ կոնվենցիան վավերացված չէ, հետևաբար այն կիրառելի չէ ՀՀ և ՌԴ միջև իրավական օգնության հարցերով: Նշված բնագավառում գործում է 1993 թ. Մինսկի կոնվենցիան: Ըստ մեղադրանքի կողմի՝ այս գործով ամբաստանյալին առաջադրված մեղադրանքը հիմնավորված է:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատական ակտում տեղ գտած եզրահանգումների կապակցությամբ «իրավական դիրքորոշում ներկայացնելու համար ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական համագործակցության վարչությունը դիմել է ՌԴ գլխավոր դատախազություն» և ստացել է պատասխան, որով անհամաձայնություն է հայտնվել արդարացման դատական ակտի դեմ: Նշվել է, որ քրեական գործը ՀՀ իրավասու մարմնին փոխանցելու հետ կապված՝ ՌԴ-ում կատարված գործողությունները բխել են ՌԴ օրենսդրությունից ու Մինսկի կոնվենցիայի պահանջներից: Համանման դիրքորոշում է հայտնել նաև ՀՀ գլխավոր դատախազության համապատասխան վարչությունը:

Ամբաստանյալ Արթուր Խ.-ն ու նրա շահերի պաշտպան Ա. Մխիթարյանն առարկեցին վերաքննիչ բողոքի դեմ՝ խնդրելով մերժել այն ու անփոփոխ թողնել առաջին ատյանի դատարանի արդարացման դատական ակտը:

Վերաքննիչ քրեական դատարանն արձանագրեց, որ առաջին ատյանի դատարանի կողմից հիմք ընդունված Քիշնևի կոնվենցիան ՌԴ-ն չի վավերացրել և այդ կոնվենցիայով նախատեսված պարտավորությունները չէր կարող ունենալ: ՀՀ և ՌԴ միջև քրեական գործերով իրավական օգնության հարցերով գործում է Մինսկի կոնվենցիան:

Վերաքննիչ դատարանն արձանագրեց, որ ի խախտումն Մինսկի կոնվենցիայով նախատեսված կարգի՝ ընդհանուր իրավասության դատարանը դատական նիստերի տեղի ու ժամանակի մասին գործով տուժողներին ու վկաներին պատշաճ չի ծանուցել, բավարարվել է դատարանի կողմից ուղղակիորեն վերջիններիս ծանուցագիր ուղարկելով, ապա դատական նիստի ժամանակ հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները:

Առաջին ատյանի դատարանը, ղեկավարվելով Քիշնևի կոնվենցիայով՝ թույլ է տվել դատական սխալ:

Վերաքննիչ քրեական դատարանը ոչ իրավաչափ ճանաչեց նաև առաջին ատյանի դատարանի հետևությունը՝ այս գործով ՀՀ-ում իրականացված նախաքննության վերաբերյալ՝ գործի վարույթը ՀՀ փոխանցվելու պահին եղել է նախաքննական փուլում, ՀՀ-ում պետք է շարունակվեր այդ փուլից՝ տվյալ երկրի օրենսդրությանը համապատասխան՝ համաձայն Մինսկի կոնվենցիայի:

Վերաքննիչ դատարանը ուշագրավ համարեց նաև, որ առաջին ատյանի դատարանը հիմք է ընդունել և քրեադատավարական նշանակություն է տվել քրեական գործի այն նյութերին, որոնք զետեղված են 1-6-րդ հատորներում, մինչդեռ այդ հատորներում զետեղված են «օտարալեզու փաստաթղթեր և ապացույցներ, որոնք առաջին ատյանի դատարանի կողմից սահմանված ընթացակարգերով չեն թարգմանվել»: Առաջին ատյանի դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Արթուր Խ.-ի արարքները ՀՀ օրեսդրությանը համապատասխանեցնելը, մինչդեռ Արթուր Խ.-ին նույն դատարանը արդարացրել է ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով, ոչ թե այն հոդվածներով, որով ՌԴ-ում մեղադրանք էր առաջադրվել: ՀՀ-ում կատարված նախաքննությունը ոչ իրավաչափ գնահատելով՝ առաջին ատյանի դատարանը արդարացման դատավճռի հիմքում դրել է հենց այդ նախաքննության շրջանակներում կատարված թարգմանությունները՝ տուժողների, վկաների ցուցմունքները, մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցները:

Վերաքննիչ քրեական դատարանը եզրահանգեց, որ ստորադաս դատարանի կողմից թույլ տրված դատական սխալների պայմաններում առարկայազուրկ է Արթուր Խ.-ի մեղավորության կամ անմեղության հարցերին անդրադառնալը:

Վերաքննիչ քրեական դատարանը՝ Լ. Աբգարյան, Ռ. Մխիթարյան, Ա. Դանիելյան կազմով, մեղադրանքի կողմի բողոքը բավարարեց մասնակիորեն՝ բեկանվեց Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած արդարացման դատական ակտը, գործն ուղարկվեց նույն դատարան՝ նոր քննության:

Վերաքննիչ դատարանը եզրահանգեց, որ տվյալ պահին բացակայում է Արթուր Խ.-ի նկատմամբ խափանման միջոց ընտրելու անհրաժեշտությունը: Առաջին ատյանի դատարանը գործը ստանալուց հետո կաշկանդված չէ ամբաստանյալի նկատմամբ խափանման միջոց ընտրելու նպատակահարմարությունը քննարկելու հնարավորությունից:

 

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Հայաստանը և Ուկրաինան պայմանավորվել են համատեղ աշխատել իրավապահ ոլորտում Սուրեն Ասատրյանը՝ Արտաշատի ավագանու թեկնածու Վլադիմիր Կարապետյանը մեկնաբանել է Արթուր Վանեցյանի հայտարարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրվել 850 վկայից միայն 3-4 մարդ է ինձ տեսել կամ ինձ հետ շփվել. Քոչարյանի խոսքը դատարանում Երեկվա տոտալ ճնշումները ՍԴ–ի հանդեպ ուղիղ մեսիջ էր այսօրվա դատավորին. Լեւոն Քոչարյան Որեւէ մեկը չփորձի ինձ կապել Միքայել Մինասյանի հետ․Վանեցյանը հրաժարականից հետո առաջին անգամ խոսեց (Տեսանյութ) Լևոն Գալստյանը դեմքի լուրջ արտահայտությամբ գիտակցաբար զրպարտում է պետականամեդներին ԲՀԿ պատգամավորները Լեռնանիստում մասնակցել են 11 մետրանոց մետաղական խաչի օծման արարողությանը Արմեն Սարգսյանի տիկնոջ հրավերով Հայաստան է ժամանել Քուվեյթի շեյխուհին
Ամենաընթերցված