Ո՞ւմ և ի՞նչ ուղերձ­ներ է հղում Փա­շի­նյա­նը

Կառավարությունում վարչապետ Փաշինյանի և «Սասնա ծռեր» կուսակցության առաջնորդներ Ժիրայր Սեֆիլյանի ու Գարեգին Չուքասզյանի՝ օրերս տեղի ունեցած հանդիպումը բուռն քննարկումների թեմա դարձավ:

Հիմնականում քննադատությունների տարափ սկսվեց Փաշինյանի հասցեին, թե վերջինս ընդունել է ահաբեկչական խմբավորման անդամներին:

Մի քիչ տարօրինակ էր, որ այդ հանդիպումը փաստող պաշտոնական հաղորդագրություն տարածվեց, քանի որ վարչապետը կարող էր հանդիպումը կազմակերպել հանրության աչքերից հեռու և, ըստ այդմ, խուսափել քննադատություների ալիքից, սակայն այդ հանդիպման հաջորդ օրը Ժիրայր Սեֆիլյանի հարցազրույցը լրատվամիջոցներից մեկին որոշ փակագծեր բացեց, և պարզ դարձավ՝ ինչ հարցեր է փորձում բարձրացնել վարչապետը նրանց միջոցով:

Սեֆիլյանն իր հարցազրույցում շոշափեց մի շարք զգայուն խնդիրներ, որոնցից առավել կոշտ գնահատականները վերաբերում էին Ռուսաստանի հետ հարաբերություններին: Նախ՝ նա նշեց, որ Կրեմլին ձեռնտու չէ վարչապետ Փաշինյանի պաշտոնավարումը, և դրա համար էլ Ռուսաստանը մեր երկիրը սոցիալապես ձախողման տանելու փորձեր է կատարում:

Այս հայտարարություններն առանց Փաշինյանի գիտության չէին կարող լինել:

Եթե դրանք արտահայտեին «Սասնա ծռերի» միակողմանի պատկերացումները, ապա դրանք առնվազն արձագանքի կարժանանային վարչապետի խոսնակի կողմից:

Ուստի Փաշինյանը «Սասնա ծռերի» ձեռքով ուղերձներ է հղում Մոսկվային՝ առավել բորբոքելով առանց այդ էլ խնդրահարույց հայռուսական հարաբերությունները:

Ուշագրավ է, որ այս հայտարարությունները հնչում են երկու կարևոր իրադարձություններից առաջ: Նախ՝ սեպտեմբերի 22-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, իսկ հոկտեմբերի 1-ին սպասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Երևան, ով մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:

Եթե Փաշինյանը ցանկանում է ԱՄՆ կատարելիք այցից մի քանի օր առաջ ամերիկյան կողմին ցույց տալ, թե ինքը կարող է նույնիսկ ռուսական կողմի համար ոչ հաճելի քայլերի գնալ, և դրանով աջակցություն է ակնկալում, ապա, կարճ ասած, նա մտնում է ԱՄՆ-ՌԴ հարաբերություններում առկա հակասությունների դաշտ, որը ցավոտ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար՝ հատկապես ներկայիս իրավիճակում, երբ Հայաստանի վրա ճնշումներ կան՝ կապված Սիրիա մարդասիրական զորախումբ ուղարկելու և խիստ պատժամիջոցների տակ ընկած Իրանի հետ հարաբերությունների հարցով:

Կորուստներից խուսափելու համար Հայաստանից պահանջվում է այնպիսի ճկունություն դրսևորել, որ ռուս-ամերիկյան հակասությունները չանդրադառնան Հայաստանի վրա, ավելին՝ հայ-ռուսական հարաբերություններում հարթվեն կնճռոտ հարցերը, իսկ հայամերիկյան հարաբերություններում միջպետական օրակարգ ձևավորվի, որը դեռևս չկա:

Սեֆիլյանի հարցազրույցում մյուս կարևոր ուղերձը ներքաղաքական շեշտադրում ուներ:

Այն վերաբերում էր հաջորդ տարի արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությանը: Դրա համար որպես հիմնավորում Սեֆիլյանի կողմից ներկայացվում էր այն հանգամանքը, թե իբր «Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում իրականում չունի մեծամասնություն, և այդ մեծամասնությունը հատուկ ծառայությունների ճնշման տակ կարող է քվեարկել Փաշինյանի պաշտոնանկության օգտին»:

Միգուցե այսպիսի հայտարարությամբ էլ Փաշինյանը փորձում է մեսիջ ուղարկել հենց խորհրդարանական մեծամասնությանը, զգուշացնել իշխանական պատգամավորներին, որ պետք է ամեն ջանք գործադրեն վարչապետի դիրքորոշումը պաշտպանելու համար, այլապես շատ հավանական է, որ իրենք հաջորդ տարի չլինեն խորհրդարանում:

Թերևս պատահական չեն մամուլում տարածվող այն տեղեկությունները, թե վարչապետը դժգոհ է «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչների աշխատանքից և անգամ ասել է, թե ներկա խորհրդարանը կցրի և նոր խորհրդարան կձևավորի:

Հ.Գ.-Քիչ չեն փորձագետները, որոնք համարում են, որ «Սասնա ծռերը» վտանգ են ներկայացնում հենց իշխանության համար:

Սակայն քանի որ Փաշինյանը նրանց «ֆորա» է տվել, նրանք իրենց արդեն թույլ են տալիս հայտարարություններ, որոնք ինքնին շատ խոսուն են:

«Ծռերն» արդեն բացահայտ դավաճաններ ու ենիչերիներ են որակում ոմանց, ավելին՝ կոչ են անում «ոստիկանությունը ենթարկել համակարգային փոփոխության և կրճատման, ոստիկանապետին և ամբողջ ղեկավար կազմին հեռացնել»:

Հետաքրքիր է՝ վարչապետն ու իր թիմի մյուս անդամները համամի՞տ են նման կարծիքների հետ:

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

դիտվել է 4 անգամ
Լրահոս
Գ.Ծառուկյանը Պետդումայում հանդիպել է Սերգեյ Նեվերովին և մասնակցել միջազգային համաժողովի «Տղա եղեք». Դերասան Գևորգ Գրիգորյանը համասեռամոլներին պետական մակարդակով «առաջ բրդելու» և իրականացվող մոտոերթի մասին Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը (Տեսանյութ) Տավուշում վիրավորված զինծառայողը տեղափոխվում է Երևան Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում ձյան տեսքով տեղումներ կլինեն ԱԱԾ-ն կալանավորել է Ոստիկանության Թումանյանի բաժնի պետին Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաների և մարզիկների հայտարարությունը Կարևորվում է թե՛ հայրենիքը պահող զինվորը, թե՛ Հայաստանի և թե՛ Սփյուռքի ուսանողը «Գ.Ծառուկյան» հիմնադրամը 4-րդ տարին անընդմեջ փոխանցում է լիբանանահայ ուսանողների վարձավճարները «Աթենք» մսամթերքի գործարանը ներմուծել է մարդկանց առողջությանը չափազանց վնասակար մսամթերք
Ամենաընթերցված