Վարորդները կկարողանան ավտոպատահարն անձամբ գրանցել՝ օգտվելով հատուկ հավելվածից. Վահան Ավետիսյան

Ավտոապահովագրողների բյուրոն նախատեսում է այս տարվա ընթացքում վարորդների կողմից ինքնուրույն գրանցման համար բջջային հավելված ներդնել, որը հնարավորություն կտա պատահարի տարածքն ավելի արագ ազատել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի գործադիր տնօրեն Վահան Ավետիսյանը: «Այն թղթին, որ պետք է լրացնեն և մի քանի լուսանկարներն, փոխարինելու է բջջային հավելվածը: Մինչև 100 հազար դրամ վնասի դեպքում բջջային հավելվածի միջոցով ընդամենը նկարներ անելով՝ հնարավոր կլինի գրանցել պատահար: Սա նաև ավելի հավաստի տվյալներ է տալու, այն ուղղակի թույլ չի տա սխալներ անել»,- նշեց Վահան Ավետիսյանը: Նրա խոսքով՝ հավելվածի միջոցով հնարավոր կլինի 10 րոպեի ընթացքում պատահարը գրանցել և մեքենաները հեռացնել երթևեկելի գոտուց:

Վթարների հետևանքով առաջացող խցանումներից հնարավորինս խուսափելու համար բյուրոն և ոստիկանությունը քննարկում են նաև տվյալների հավաքագրումը չեղարկելու հարցը, եթե խաչմերուկը տեսաձայնագրվում է.

«Եթե խաչմերուկները տեսաձայնագրվում են, մեքենաները վթարի վայրից, անմիջապես պետք է հանվեն, որովհետև այդ ամբողջ տեսագրությունը փոխարինում է այն տվյալներին, որոնք ոստիկանները պետք է հավաքեն տեղում: 2019 թ.-ի հունվարի 1-ից մեր հաստատումը տվել ենք ճանապարհային ոստիկանությանը, որ տեսագրությունը բավարար է ԱՊՊԱ փորձագետների համար և այդ սխեմաները պետք չէ կազմել»,- ասաց նա:

- Պարոն Ավետիսյան, մեքենաների վթարի հետևանքով առաջացող խցանումների խնդիրը դեռևս առկա է, հատկապես երեկոյան ժամը 6-7-ի ընթացքում պատահար գրանցվելու դեպքում տվյալ տարածքի երթևեկությունը կաթվածահար է լինում: Մի քանի տարի առաջ բյուրոն առաջարկեց, որ մինչև 100 դրամ ծախսը չգերազանցելու պարագայում վարորդներն ինքնուրույն կարողանան արձանագրել դեպքը և հեռացնել մեքենաները տարածքից: 2018 թ.-ին որքա՞ն դեպք է առանց ԱՊՊԱ գործակալների արձանագրվել: Եթե կան 2019 թ.-ի տվյալները, խնդրում եմ նաև դրանք ներկայացնել:

- Իրականում մեզ մոտ հաշվառումը ոչ թե պատահարների քանակով է, այլ հատուցված դեպքերով է, բայց դրանք գրեթե նույնն են, չնչին է տարբերությունը: Վարորդների կողմից պարզեցված պատահարների միջոցով հատուցումների քանակը 34 455 է, իսկ ընդհանուր հատուցումների թիվը՝ 68 168: 2019-ի առաջին երկու ամիսներին պարզեցվածով հատուցումների քանակը կազմել է 6525՝ 13 310-ից: Այսինքն, այսօր պատահարների 50 տոկոսը գրանցվում է այդ պարզեցված համակարգերի միջոցով: Մենք այսօր ունենք պատահարների գրանցման երկու ռեժիմ՝ կամ ինքնուրույն են գրանցում վարորդները, կամ գրանցվում է ճանապարհային ոստիկանության կողմից: Մենք արդեն 2 տարի է պատահարների գրանցման գործընթացի հետ կապ չունենք, մենք ասում ենք՝ կա′մ վարորդներն են արագ գրանցում խցանումներից խուսափելու համար, կա′մ ՃՈ-ն: Այսինքն, ապահովագրական ընկերությունները դեպքի վայր գնալու պարտավորություն չունեն: Ուզում եմ շեշտել, որ դեռևս մնացել են գաղափարներ, որ այս խցանումները վերագրվում են ապահովագրական համակարգին, բայց ապահովագրական համակարգն արդեն 3 տարի է այդտեղ անելիք չունի: Արդեն 3 տարի է պատահարների հետևանքով առաջացող խցանումների վերացման, վթարի վայրն հնարավորինս արագ վերականգնելու գործառույթները կամ ՃՈ, կամ վարորդների ձեռքերում է:

Ժամանակին՝ 3 տարի առաջ, երբ տարեկան պատահարների քանակը 40 հազարի շրջանակում էր, մենք ունեինք դերերի բաշխում: Այսինքն, դեպքի վայրում իրավունքներ ունեին և ապահովագրական ընկերությունները, և ոստիկանները, բոլորի մասնակցությունը պարտադիր էր, դրա համար բավականին երկարատև պրոցես էր: Մենք արդեն 2 տարի է ունենք դերերի հստակ բաշխում՝ դեպքի վայրում անելիք ունի միայն ճանապարհային ոստիկանը կամ վարորդն ինքնուրույն: Պատահարների թիվը 40 հազարից դարձել է 68 հազար և այս տարվա 2 ամիսներին ևս 26 տոկոսով աճել է: Եթե այդքան փոփոխությունները չանեինք, մենք ահագին պրոբլեմներ կտեսնեինք: Մենք նախկինում ունեցել ենք, որ միջինում պատահարի գրանցումը տևել է 1 ժամից մինչև 2-3 ժամ: Այսօր ճանապարհային ոստիկանների միջոցով դեպքը արձանագրելը տևում է 20-40 րոպե, բայց դա նույնպես չի բավարարում մեզ:

- Վթարների աճը մեքենաների մեծաքանակ ներկրմա՞մբ է պայմանավորված:

- Ոչ, ապահովագրված ավտոմեքենաների քանակն առանձնապես չի աճել: Տարեկան 4-5 տոկոսի շրջանակներում է աճը Ներկրված մեծաքանակ ավտոմեքենաների մի մասը չի ապահովագրվում, նորից արտահանվում է: Այսինքն, պատահարների քանակի աճն իրականում պայմանավորված է վատ վարելու վարքագծով:

- Սկզբում վարորդների կողմից ինքնուրույն մեքենաները նկարելը և տարածքից հանելը վերաբերում էր մինչև 50 հազար դրամ ծախսին, հետո այն բարձացվեց՝ դառնալով 100 հազար դրամ: Հնարավո՞ր է, որ այս գումարը նորից բարձրացվի և դառնա 150 կամ 200 հազար դրամ:

- Մեխանիկորեն դա հնարավոր է բարձրացնել, բայց այն շատ վտանգավոր է: Եթե նախկինում մինչև 100 հազար դրամ հատուցումները պատահարների 40 %-ի շրջանակներում էին, հիմա դրանք 60 %-ին են մոտենում: Դա նշանակում է, որ մինչև 100 հազար դրամ համակարգն ամբողջությամբ վստահում ենք վարորդներին՝ ինչպես կորոշեն, դա վիճարկման ենթակա չէ: Հավատացնում եմ, որ դրանից բարձր թիվը ռիսկային է ապահովագրական ընկերությունների համար:

– Պատահարի տարածքն ավելի արագ ազատելու ուղղությամբ ի՞նչ նոր քայլեր են ձեռնարկվում, ի՞նչ մեխանիզմներ ենք նախատեսում ներդնել:

- Մենք մեր կողմից ունենք հետևյալ քայլերը՝ աջակցենք ճանապարհային ոստիկանությանը, որպեսզի իրենց կողմից դեպքի վայրում տվյալների հավաքագրումը, սխեման գծելը, մաքսիմալ ավտոմատացվի: Այսինքն, համակարգչային ծրագրեր, ավտոմատացում ինչ-որ պրոցեսների: Թեպետ, ՃՈ-ի կողմից տվյալների հավաքագրման արագությունը 3 անգամ մեծացել է վերջին տարիներին, բայց դա բոլորիս դեռ չի բավարարում: Երկրորդ տարբերակը՝ այն խաչմերուկները, որոնք տեսաձայնագրվում են, անմիջապես հանեն մեքենաները վթարի վայրից, որովհետև այդ ամբողջ տեսագրությունը փոխարինում է այն տվյալներին, որոնք ոստիկանները պետք է հավաքեն տեղում: 2019 թ.-ի հունվարի 1-ից մեր հաստատումը տվել ենք ճանապարհային ոստիկանությանը, որ տեսագրությունը բավարար է ԱՊՊԱ փորձագետների համար և այդ սխեմաները պետք չէ կազմել: Այսինքն, առաջին տարբերակ՝ ունենք այդ տվյալների հավաքագրման արագության մեծացում, երկրորդ տարբերակ՝ տվյալների հավաքագրման անհրաժեշտության բացակայություն, եթե խաչմերուկի ամբողջ տեսագրությունը երևում է: Եվ վերջապես 3-րդ տարբերակը, որն արդեն ԱՊՊԱ ոլորտում է, մենք վարորդների կողմից ինքնուրույն գրանցման համար նախատեսում ենք բջջային հավելվածի ներդնում: Այն թուղթը, որ պետք է լրացնեն և մի քանի լուսանկարներ անեն, այդ թղթին փոխարինում է բջջային հավելվածը:

- Ե՞րբ կներդրվեն այս երեք ծրագրերը:

- Առաջին երկու կետերի վերաբերյալ հարցադրումը պետք է անել ոստիկանությանը, որովհետև առաջինը վերաբերում է արագագործությանը՝ տեխնիկական և ծրագրային վերազինմանը, երկրորդը՝ երբ ՃՈ-ն դեպքի գրանցման հետ կապված ոչ թե փաստաթղթեր կկազմի, այլ տեսագրություն կփոխանցի մեզ: Երրորդն արդեն մեզ է վերաբերում և նախատեսում ենք այս տարվա ընթացքում ներդնել: Չեմ կարող հստակ ասել, բայց այս տարվա ընթացքում հաստատ կներդրվի,նախնական տվյալներով՝ սեպտեմբերից: :Այդ պատահարների պարզեցված գրանցմամբ Դա թույլ կտա մինչև 100 հազար դրամի չափով վնասի դեպքում պատահարն արձանագրել վարորդի կողմից ընդամենը նկարներ անելով:

- Հավելվածի ներդրումից հետո Ձեր հաշվարկներով որքա՞ն ժամանակում հնարավոր կլինի վթարի վայրից մեքենաները հանել:

- Այսօր, մեր գնահատականներով, թղթային տարբերակը կազմելը միջինում վարորդների մոտ տևում է 20 րոպե: Բջջային հավելվածը թույլ նույնն անել 10 րոպեի ընթացքում: Սա ընդամենը նոր տեխնիկական հնարավորություն է լինելու, որպեսզի թղթով չլրացնեն և լրացնեն բջջային հավելվածի միջոցով, որն ավելի հավաստի տվյալներ է տալու: Վարորդներն ավելի վստահ են լինելու, որ սխալ բան չեն լրացնի: Ներկայումս շատ դեպքերում վարորդները նույնիսկ խուսափում են այդ թուղթը լրացնելուց՝ մտածելով, որ ինչ-որ բան սխալ կանեն: Բջջային հավելվածն ուղղակի թույլ չի տա այդ սխալներն անել:

- Թղթային տարբերակը պահպանվելո՞ւ է, թե՞ ոչ, որովհետև հավելվածը կարող է խնդիրներ առաջացնել, օրինակ՝ տարեցների մոտ:

- Այո, իհարկե: Բյուրոյի քաղաքականությունը հետևյալն է՝ թե՛ պայմանագրերի կնքում, թե՛ հատուցումներ, թե՛ վթարների գրանցում, բոլոր տարբերակներում կմնան բոլոր հնարավոր օպցիաները:

Բայց մի կարևոր բան էլ նշեմ, որ կան ճանապարհային նշանների, երթևեկության կազմակերպման էական խնդիրներ: Սա ընդամենը հետևանք է, որ մեկ վթարը կարողանում է երթևեկությունը կանգնեցնել: Այդպիսի վթարներ քիչ պետք է լինեն, որ կարողանան երթևեկությունը կանգնեցնել: Այսինքն, խնդիրներն ավելի ցայտուն երևում է վթարի վրա՝ վթար եղավ և դրա հետևանքով խցանում է առաջանում, բայց այդ վթարը զբաղեցրեց մեկ գիծը, բա մնացած գծերն ինչո՞ւ են այդպես: Ինչպե՞ս անենք, որ մեզ մոտ երթևեկությունն այլ ձևով լինի: Մենք առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնենք խորքային պատճառներին, որովհետև եթե նույնիսկ վթարը գրանցեն 10 րոպեում, դա էլ է շատ, դա էլ է պրոբլեմ, դա էլ է մեր աչքին երևալու: Բոլորի աչքին տեսանելի է վթարի հետևանքով առաջացած խցանումը, բայց վթարն ամենավերջին ազդակն է:

– ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչեր և հավելավճարներ սահմանող բոնուս - մալուս համակարգի վերաբերյալ դժգոհություններ կան շատ վարորդների մոտ: Մասնավորապես, ո՞ր մալուսների տոկոսադրույքներն են բարձր, ինչպես նաև վարորդի մեղավորությամբ պատահարից հետո 4 տարի ժամանակ է պետք, որպեսզի վարորդը հավելավճարներ չտա: Այս ժամանակահատվածի կրճատման հնարավորություն չկա՞:

- Այստեղ կարևոր է մի սկզբունք իմանալ: Մենք ինչքան հավաքագրում ենք մալուսներ, այդքան վճարում ենք բոնուսներ: Մեր բոնուսային և մալուսային դասերի կառուցվածքը հետևյալն է՝ վարորդների մոտ 70 տոկոսը գտնվում է բոնուսային դասերում, 15 տոկոսը՝ մալուսային, և 17 տոկոսը՝ բազային: Բազայինը նրանք են, ովքեր, ոչ բոնուս են ստանում, ոչ մալուս: Հիմա տեսեք, 15-ի և 68-ի տարբերությունը որքան է, 4 անգամից ավելի: Այսինքն, այս մալուսներն ինչքան ավելի որ հավաքում ենք, ինչքան ավելի վճարվում է, դա պետք է բավարարի, որ մնացած 70 տոկոսին բոնուսներ տանք: Հիմա, որ դուք հարցնում եք արդյոք շատ չէ՞ 4 տարին, եթե կրճատենք դարձնենք 2 տարի, դա պետք է անենք ի հաշիվ բոնուսների, դրա տոկոսների իջեցման: Այսօր բոնուս ստացողների մի մասը բողոքում է, ասում է՝ այդ բոնուսը քիչ է՝ տարեկան 3 տոկոս, ինչո՞ւ է բոնուսը 3 տոկոս, այն դեպքում, երբ մալուսը 16 տոկոսով է ավելանում: Բայց մենք 60 հազար վարորդից հավաքած գումարը բաշխում ենք 272 հազարի միջև: Ինչ էլ, որ քննարկենք, որ օրինակ մալուսը ոչ թե 4 տարում իջնի, այլ մեկ տարում իջնի, կամ տոկոսները իջնեն, պետք է անենք հավասարակշռության մեջ, այսինքն, բոնուսներից ինչ-որ բան կրճատելով: Հարցը պետք է դիտել ընդհանուր կոնտեքստի մեջ: Իմ անձնական կարծիքով՝ մալուսները շատ ավելի շատ պետք է լինեն: Այսօր մալուսի առավելագույն տոկոսը 200-250 տոկոսն է, այսինքն, ապահովագրավճարը կրկնապատկվում կամ 2.5 անգամ է շատանում: Կան վարորդներ, որոնց մասով տեղին է նույնիսկ 5-10 անգամ ավելացված ապահովագրավճարը:

- Դիտարկվո՞ւմ է մալուսների տոկոսավճարների բարձրացման տարբերակը, որ ավելի շատ վթարի մեղավոր վարորդներն ավելի շատ ապահովագրավճար վճարեն:

- Այո, քննարկումներ կան, և բնականաբար, եթե բարձրացում լինի, դա իր հերթին ինչ-որ չափով պետք է անդրադառնա նաև բոնուսների վրա: Կարճ ասած, բոնուս-մալուս համակարգի ապահովագրական համակարգը շահույթի նպատակ չի հետապնդում, նպատակ ունի խրախուսելու կարգապահությունը և կանխարգելելու զեղծարարությունները, չխրախուսելու վատ վարքագիծը:

- Ապահովագրական կառույցները Հայաստանում կատարված ապահովագրություններից որքա՞ն շահույթ են ստանում:

- Մենք վերլուծություններ չենք կարող անել, թե կոնկրետ ինչքան շահույթ ունեն հենց ԱՊՊԱ-ից, որովհետև այդպիսի առանձնացված հաշվառում չկա: Մենք ունենք հատուցումների մակարդակի տվյալները՝ ԱՊՊԱ համակարգի ներդրման պահից սկսած: Օրինակ՝ 2018 թ.-ին հավաքագրված գումարների 72.7 տոկոսը հատուցումներին է ուղղվել, 2019 թ.-ի առաջին 2 ամիսներին՝ 75.1 տոկոսը: Մյուս 25 տոկոսը ապահովագրական ընկերությունների ծախսերն են, աշխատանքի կազմակերպումը և այլն: Ապահովագրական ընկերություններն իրականում այս 72, 75 տոկոս մակարդակի պայմաններում բավականին սուղ իրավիճակում են հայտնվել:

– Վարորդները նաև դժգոհում են, որ քիչ գումարի տրամադրման կամ ՃՏՊ մասնակից վարորդներից մեկի անհամաձայնությունից հետո բողոքարկման գործընթացը բավականին երկար է ձգվում, նույնիսկ ամիսներ: Կա՞ն արդյոք նման երևույթներ և ավելի հեշտացնելու անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք:

- Ժամանակին եղել են այդպիսի երկար ժամկետներ, բայց արդեն 3 տարի է վնասի բողոքարկումը 7 օր է, 7 օրվա ընթացքում վարորդները ստանում են կրկնակի փորձաքննության արդյունքները: Պատճառի փորձաքննությունը նույնպես 7 օրվա ընթացքում է: Կան դեպքեր, որ հետքաբանություն են պատվիրում, դա 2 շաբաթ է: Նման երկար ժամկետներ չկան, կարող են առանձին դեպքեր լինել, ինչ-որ մի ընկերություն թերանա, ապահովագրված չենք այդպիսի խնդիրներից, բայց համատարած այդպիսի երևույթներ չկան:

 


Հեղինակ Հակոբ Ասլանյան

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan