Արաս Օզբիլիսը՝ խաղադաշտ կառուցելու, հավաքական չհրավիրվելու ու բակային ֆուտբոլի կարևորության մասին (ֆոտո)

Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի Ծարավ աղբյուր 55/8 հասցեում սեպտեմբերի 13-ին բացվել է բակային ֆուտբոլային խաղադաշտ, որի շինարարական աշխատանքները ֆինանսավորել է ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի և Երեւանի «Փյունիկի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: 30-ամյա ֆուտբոլիստը բնակվում է այդ բակում և խաղադաշտի բացման արարողությանը ներկա էր կնոջ ու 2 որդիների հետ:

NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Արաս Օզբիլիսը պատմեց, թե ինչպես է առաջացել խաղադաշտ կառուցելու գաղափարը և խոսեց բակային ֆուտբոլի կարևորության մասին:

«Այդ տարածքում երկար տարիներ կար խաղահրապարակ, բայց որոշվել էր, որ պետք է կառուցվի ֆուտբոլային խաղադաշտ, քանի որ երեխաները բակում ֆուտբոլ էին խաղում մեքենաների մոտ: Ես նույնպես ցանկացա ունենալ իմ ներդրումը և այս խաղադաշտը նվիրել մեր թաղամասին:

Բակային ֆուտբոլի առաջընթացը շատ կարևոր է ֆուտբոլի զարգացման համար: Ինքս ֆուտբոլ խաղալ սովորել եմ բակում: Հիշում եմ, որ մինչև գիշերվա ուշ ժամերը ֆուտբոլ էինք խաղում բակում: Նույնիսկ դպրոցի դասերից ու մարզումներից հետո շտապում էինք բակ՝ ֆուտբոլ խաղալու համար: Բակային ֆուտբոլում շատ բան կարող ես սովորել»,- նշեց Արաս Օզբիլիսը:

Արաս Օզբիլիսն ունի 2 որդի՝ Առաքելը և Լևոնը: Հարցին, թե արդյոք նա կցանկանար, որ որդիները գնային հոր ճանապարհով և դառնային ֆուտբոլիստ, կիսապաշտպանը նշեց հետևյալը.

«Դա իմ ուզելով չէ, առաջին հերթին նրանք պետք է ցանկանան: Ժամանակը ցույց կտա: Ավագ որդիս՝ Առաքելը, ավելի շատ սիրում է մեքենաներ և հեծանիվ, իսկ փոքր որդիս սիրում է գնդակով խաղալ: Եթե նրանք սիրեն, անպայման կտանեմ ֆուտբոլի մարզումների: Ամեն բան կախված է նրանց ցանկությունից»,- ասաց Օզբիլիսը:

Արաս Օզբիլիսը չցանկացավ նշել, թե որքան գումար է ծախսվել խաղադաշտի կառուցման համար. «Դա կարևոր չէ: Կարևորն այն է, որ երեխաներն ուրախացել են և հաճույք են ստանում: Երբ տեսնում ենք նրանց ժպիտը, դա ամեն ինչ է մեզ համար»:

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստն ազգային թիմից հրավեր չէր ստացել Ազգերի լիգայի մեկնարկային 2 տուրերի խաղերի համար: Օզբիլիսի խոսքով՝ այս պահին նա լավ մարզավիճակում է և միշտ պատրաստ է օգտակար լինել հավաքականին, սակայն չի զրուցել ազգային թիմի նորանշանակ գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի հետ և չգիտի հավաքական չհրավիրվելու պատճառը:

«Մինչև օրս ոչ մի անգամ չեմ զրուցել մարզիչի հետ: Լսել եմ, որ նա ասել է, որ ես պատրաստ չեմ, թեև հավաքականի հայտացուցակում կային խաղացողներ, որոնք ակումբ չունեն, բայց հրավիրվել են: Ամեն դեպքում, դա որոշում է մարզիչը և մենք՝ որպես ֆուտբոլիստ, չենք կարող որևէ բան փոխել: Միայն կարող եմ ասել, որ միշտ լավագույնն եմ ցանկանում Հայաստանի հավաքականին: Եթե թիմը կարող է հաջողության հասնել առանց ինձ, ոչ մի խնդիր չեմ տեսնում այդտեղ: Ես այս պահին լավ վիճակում եմ, բոլոր խաղերում էլ հանդես եմ գալիս 90 րոպե և ֆիզիկապես շատ լավ եմ զգում ինձ: Խաղից խաղ ավելի լավ մարզավիճակ եմ հավաքում: Հավաքական էին հրավիրվել ֆուտբոլիստներ, որոնք նույնիսկ մեկ խաղ չեն անցկացրել, բայց ես խնդիր չեմ տեսնում, ամեն բան մարզիչն է որոշում: Կարող եմ ասել, որ միշտ պատրաստ եմ օգտակար լինել հավաքականին»,- խոսքը եզրափակեց Արաս Օզբիլիսը:

Նշված բակում խաղադաշտ կառուցելու նախաձեռնությունը պատկանում էր «Ծարավ աղբյուր» համատիրությանը: Համատիրության նախագահ Էմիլ Սարգսյանը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ շինարարական աշխատանքների մեկնարկից հետո Արաս Օզբիլիսը հայտնել է օժանդակելու ցանկություն:

«Նախորդ տարի, երբ հաստատում էիք համատիրության՝ 2020 թվականի բյուջեն, կապիտալ ծախսերի մեջ ներառեցինք ֆուտբոլային խաղադաշտի կառուցումը: Գարնանը սկսեցինք նախապատրաստական աշխատանքները: Մինչև Արաս Օզբիլիսի՝ մեզ օգնելու ցանկություն հայտնելը համատիրությունը ծախսել էր 2 միլիոն 300 հազար դրամ: Հետո Արասի կինը մեր կառավարիչին հայտնեց, որ ֆուտբոլիստն իմացել է այդ մասին և ունի այդպիսի մտահղացում: Նա հայտնել էր, որ պատրաստ է այդ պահից սկսած բոլոր ծախսերը վերցնել իր վրա, կառուցել ֆուտբոլային խաղադաշտ և նվիրել մեր բակին: Դրանից հետո մենք հանդիպել ենք Արասի հետ, նրա շինարար ընկերը կատարել է հաշվարկներ և սկսել աշխատանքները, որոնք տևեցին մոտ 2 ամիս: Նախօրեին տեղի ունեցավ խաղադաշտի բացման արարողությունը, որը վարում էր մեր լավ ընկեր Էդուարդ Քալանթարյանը»,- նշեց Էմիլ Սարգսյանը:

Դավիթ Եղիազարյան

 

An exhibition dedicated to Charles Aznavour's centennial anniversary Yerevan, May 22 – July 22 Caring for nature, we have started with ourselves - Team Telecom Armenia Up to 10% cashback from GetTransfer with IDBank cards Amio Visa Signature Business card. When the opportunities are unlimited Up to 1% cashback when shopping on Wildberries with IDBank cards Ucom continues network modernization in regions of Armenia Co-founders of Galaxy Group of Companies Co-Hosts Business Breakfast to Strengthen Armenian-French Business Ties Leasing agreement and a number of advantages. Amio is in the Leasing Expo with a special offer International transfers from card to card with IDBank VISA cards Idplus Bonuses in Idram&IDBank Application Ucom has released a new package offer Ucom continues network modernization in regions of Armenia Idram and IDBank participated in the signing ceremony of the Declaration of Women's Empowerment Principles General Director of Ucom participated in Doing Digital Forum 2024 AraratBank: General Partner of Face-to-Face Regional Forum 4.017.648 Drams to My Forest Armenia: April Beneficiary of The Power of One Dram is 4090 Foundation Ucom continues to support green energy expansion in Armenia Spring brought so much profit. It is a profitable promotion at Amio Bank Director General of Ucom took part in a recruiting conference Ameriabank named the Best Bank in Armenia for 2024 by Global Finance magazine
website by Sargssyan