«Կառավարությունը զրո է իր ամբողջ էությամբ, գիտելիքներով, հմտություններով, մասնագիտական պատրաստվածությամբ և ցանկացած այլ բնութագրիչներով». Աուդիտորների պալատի նախագահ

Դրամի արժևորումը շարունակվում է, հակառակ գործընթացն է դոլարի պարագայում: Այս իրավիճակում գնաճը շարունակվում է ահռելի տեմպերով, մինչդեռ քաղաքացիները տարակուսած են՝ դոլարի արժեզրկումը չէ՞ր ենթադրում գնանկում: Մյուս կողմից՝ այս տատանումները մեծ վնաս են հասցնում արտահանողներին, վերջիններս ահազանգում են խնդիրների մասին, բայց բողոքները կարծես տեղ չեն հասնում: Պաշտոնական հանդիպումներ են կազմակերպվում, օրինակ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ, բայց գործնական քայլեր, կարծես թե, չկան: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանից նախ և առաջ հետաքրքրվեցինք ԿԲ-ն կիրառո՞ւմ է համապատասխան գործիքակազմ՝ դիմակայելու ստեղծված իրավիճակին և մեղմացնելու քաղաքացիների հոգսերը: Պարոն Սարգսյանի պատասխանը միանշանակ էր՝ իհարկե, ոչ: «Կենտրոնական բանկի մեկնաբանությունները վերջերս բավականին անլուրջ են դարձել: Եթե ժամանակին ԿԲ-ին կարողանում էինք նայել որպես պետական եզակի ադեկվատ կառույցներից մեկի, որի ասածների մեծամասնությունը ճշմարտություն էր, այժմ չենք կարող այդ կարծիքն արտահայտել: ԿԲ-ի միակ փաստարկը հետևյալն է՝ փորձում ենք զսպել ապագա և ներկայիս գնաճը՝ դրամի արժևորումը պահպանելով: Դա մի բառակապակցություն ու եզրույթ է, որը երբեք որևէ կողմ չի կարողանա հիմնավորել. ո՛չ ընդդիմախոսները կարող են հիմնավորել՝ ամեն դեպքում ապագա գնաճն այս քայլով զսպվեց, թե ոչ, ո՛չ էլ Կենտրոնական բանկը: Եթե ապագայում գնաճը պայմանականորեն եղավ 20 տոկոս, ԿԲ-ն ասելու է՝ եթե դրամի արժևորումը չլիներ, գնաճը կարող էր լինել 40 տոկոս: Սա ընդամենն օդում հնչեցրած միտք է, որը չունի հիմնավորում և բավականին անլուրջ է»,-Past.am-ի հետ զրույցում ասում է Սարգսյանը:

Վերջին շրջանում քաղաքացիներին հանգիստ չի տալիս հուլիսի 1-ից գործող «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքը: Չնայած իշխանությունները պնդում են, որ այս օրենքը կյանքի է կոչվել բացառապես քաղաքացիների իրավունքներն ու շահերը պաշտպանելու համար, բայց քաղաքացիներն ու տնտեսվարողներն այլ կարծիք ունեն: Օրենքը գործում է արդեն մեկ ամսից մի քիչ ավելի, դրա վերաբերյալ կանխատեսումները, վատ իմաստով, արդարացվա՞ծ են: «Վնասներ են կրում նախ դրամական միջոցները ստանալու ժամանակ, զրուցում ենք մարդկանց հետ, կան դեպքեր, երբ մարդիկ 10, նույնիսկ 15 օր հետո են գումարները ստանում, իսկ գումարի տնօրինումը բանկերի համար համարվում է ձրի փող, 15 օր բիզնեսի փողը պահում են իրենց մոտ, շրջանառում և տոկոսից ստանում են շահույթներ, իսկ բիզնեսը դրանից տուժում է, որովհետև պայմանագրային պարտավորությունների, կրեդիտորական պարտքերի մարում չի կարողանում կատարել: Կազմակերպությունները պարբերաբար բախվում են այլ խնդիրների ևս: Օրինակ՝ վերջերս մի քանի արձագանք ստացանք, որ փոստով նամակ ուղարկելու ժամանակ ասում են՝ գնացեք, փոխանցում կատարեք, հագեցված չեն տերմինալներով կամ իրազեկված չեն պատշաճ կերպով և կանխիկ վճարում չեն ընդունում, պատկերացնո՞ւմ եք՝ այդ 150-200 դրամները չեն ընդունում և բիզնեսի, նրա բնական աշխատանքի համար խոչընդոտներ ստեղծում: Տուրիստական հոսքերի համար են մեծ խնդիրներ առաջացել՝ կապված թանգարաններ և պատմամշակութային կենտրոններ այցելությունների հետ: Մուտքը վճարովի է, տուրիստական ընկերությունն օտարերկրյա զբոսաշրջիկներին ընդունելու դեպքում չի կարողանում կանխիկով վճարումները կատարել: Ստացվում է, որ մեր մշակույթն աշխարհում ճանաչելի դարձնելու փոխարեն խոչընդոտում ենք դրա տարածմանը: Կարծում եմ՝ սա շատ ավելի բացասական հետևանքներով քայլ է»,-հավելում է մեր զրուցակիցն՝ ընդգծելով, որ ներկայումս արդեն փաստարկված կարելի է պնդել՝ այս օրենքը չարիք է Հայաստանի տնտեսության համար և այս պայմաններում օրենքն անհապաղ պետք է չեղարկվի:

Մեր կյանքում դրական որևէ տեղաշարժ չի նկատվում: Եկամուտները չեն աճում, անգամ նվազում են, ծախսերն՝ ավելանում, սեփական մաշկի վրա ենք զգում, որ մեր կյանքը վաղուց արդեն բարեկեցիկ չէ, բայց իշխանությունները թվեր ու փաստեր են ներկայացնում, որոնց համաձայն ամեն ինչ այնքան էլ վատ չէ, դեռ մի բան էլ՝ հակառակը: «Դպրոցում սովորելուս տարիներին հինգ բալանոց համակարգն էր գործում, ամենացածր գնահատականը երկուսն էր: Կային սկզբունքային ուսուցիչներ, որոնք մեկ էին նշանակում: Հիմա ես կառավարությանը զրո եմ նշանակում, ոչ թե մեկ: Կառավարությունը զրո է իր ամբողջ էությամբ, գիտելիքներով, հմտություններով, մասնագիտական պատրաստվածությամբ և ցանկացած այլ բնութագրիչներով: Զրոյին այլ կերպ գնահատել, այլ բնութագիր տալ չենք կարող: Ինչ վերաբերում է նրանց հայտարարություններին, սովորաբար իրենք տորպեդահարում են տնտեսական աճը: Տնտեսագիտական համայնքից դեռևս չեմ հանդիպել նույնիսկ պրոիշխանական մասնագետի, որը կկարողանա այս տնտեսական աճը գովաբանել: Դեռ չեմ հանդիպել, գուցե կան: Տնտեսական աճի շոգեքարշը 30 տոկոսանոց ծառայությունների ոլորտն է, մի մասը ստեղծված IT կազմակերպություններն են, որոնք ՌԴ-ից տեղափոխվել են ՀՀ, սրանք տնտեսական աճի իմիտացիա են, ոչ թե տնտեսական աճ, մյուս մասը ռեստորանային և հյուրանոցային բիզնեսն է, տուրիստական ահռելի հոսք ունեցանք, նաև ուկրաինական պատերազմի հետ կապված, միևնույն ժամանակ ունենք զրո արդյունաբերություն և բացասական գյուղատնտեսություն, ունենք աղքատության նույն մակարդակը, անընդհատ ավելացող գնաճ և գործազրկության նույն մակարդակը: Տնտեսագիտության մեջ մակրո մակարդակում կան տնտեսությունը բնութագրող մի քանի ցուցանիշներ: Շատերը տնտեսությունը բնութագրելու համար ՀՆԱ-ն են վկայակոչում, բայց ինձ համար շատ ավելի կարևոր ցուցանիշներ կան գործազրկության, աղքատության և գնաճի մակարդակները և բանկային տոկոսադրույքները: Այս բոլոր ոլորտներում ունենք կամ բացասական տեղաշարժ, կամ ընդհանրապես տեղաշարժ չունենք, ունենք միայն կենտրոնամերձ հատվածներում սրճարանների և ռեստորանների շրջանառության որոշակի աճ, ընդ որում, այն իր հետևից չի քաշել տարել նվազագույնը խմիչքի, ծխախոտի և սննդի արդյունաբերությունը, նշանակում է, որ կառավարությունը խոսում է ուղղակի ոչնչի մասին»,-եզրափակում է Աուդիտորների պալատի նախագահը:

Լուսինե Առաքելյան

Զգուշացում. Մեղրիում կրակոցներ կլսվեն Ամերիաբանկն արժանացել է «Global Finance» ամսագրի «Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ամենանորարար թվային բանկ 2022» մրցանակին Նիկոլ Փաշինյանն այցելել է Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժին Ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության․ զորամասերում հայտարարվել է տագնապ Հանրապետության նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն Հայաստանի եւ Վրաստանի վարչապետները ներկա են գտնվել բարեկամության կամուրջի գործարկման արարողությանը Տարադրամի փոխարժեքն այսօր Վերջին անհետ կորածի մարմինը գտնելը շատ բարդ է լինելու. փնտրում ենք պայթյունի էպիկենտրոնում Պայթած շենքի վերեւի հարկերում է եղել հրավառ նյութերի պահեստ. ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն «Սուրմալու»-ի փլատակները` պայթյունից 5 օր անց. ԱԻՆ-ը 1 անհետ կորածի է փնտրում Ադամ Սահակյանի մայրը հրապարակել է Սուրմալուի պայթյունից զոհված` Սիրարփի Խաչատրյանի նամակը Մեր միակ նպատակը մի կտոր հաց ստեղծելն է. փողոցային առևտրականները` օրենքի նոր նախագծի մասին Նոր տեղեկություններ՝ Էջմիածնում տեղի ունեցած կրակոցներից ու սպանությունից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում տեղադրվեց խաչքար՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում անմահացած հերոսների «Բուլդոզերի» տակ հայտնաբերվել է տղամարդու դի Հրավտանգ նյութը վերջին հարկում է եղել, իսկ պայթյունը եղել է ներքևից. առևտրական Արևային մարտկոց, որը շրջվում է դեպի արևը Մեզ քննադատող մարդիկ գալիս էին ուղղակի սելֆի անելու. ԱԻՆ պաշտոնյա Երկար ժամանակով լույս չի լինելու Էջմիածնում սպանված երիտասարդի լուսանկարները
website by Sargssyan