«Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության մեկ ընտանիքի բռնապետություն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ձերբակալություններ «ապօրինի զենք պահելու մեղադրանքով», ձերբակալություններ և կալանավորումներ, որոնց հիմքում, ըստ տարբեր փորձագետների կարծիքների, տարակարծությունն ու քննադատությունն է՝ ուղղված գործող իշխանություններին: Ինչպե՞ս է դատական համակարգն արձագանքում այս ամենին և արդյո՞ք տեղի ունեցողը բռնապետության նախանշաններ են: «Փաստն» այս թեմաների մասին զրուցել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» իրավապաշտպան ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանի հետ:
 
-Պարո՛ն Իշխանյան, վերջին շրջանում մի շարք ձերբակալություններ եղան՝ «ապօրինի զենք պահելու» մեղադրանքով: Ունենք բազմաթիվ դեպքեր, երբ մարդիկ անազատության մեջ են հայտնվում քաղաքական և, առհասարակ, երկրի ապագայի վերաբերյալ կարծիք արտահայտելու համար: Սա գործող իշխանությունների վախերի դրսևորմա՞ն, թե՞ մարդկանց բողոքը զսպելու տարբերակ է:
 
-Չնայած վարչապետ կոչեցյալի գրպանային իրավապահ համակարգին բացարձակապես չեմ վստահում, այնուամենայնիվ, ձեռնպահ կմնամ «ապօրինի զենք պահելու» մեղադրանքով ձերբակալություններին գնահատական տալ՝ համոզված լինելով, որ այդ հոդվածն, իհարկե, յուրայիններին չի վերաբերում։ Ինչ վերաբերում է քաղաքական հայացքների համար և երկրի ապագայով մտահոգված քաղաքացիներին, ինչպես նաև վրեժխնդրության մոլուցքով տարված՝ վարչապետ կոչեցյալի հրահանգով մեղադրանք առաջադրելուն և կալանավորելուն, ապա դա նորություն չէ, այն սկսվեց 2018 թ.-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից անմիջապես հետո։ Դրա ամենավառ ապացույցն է վարչապետ-ՀՔԾ պետ-ԱԱԾ տնօրեն եռակողմ հեռախոսային խոսակցությունը։ Հիշենք նաև Ռուբեն Վարդազարյան-Գագիկ Ջհանգիրյան գաղտնազերծված խոսակցությունը։ Սա վարչապետ կոչեցյալի կառավարման միակ ձևն է՝ ստեղծել վախի մթնոլորտ, ընդդիմադիրներին, անհնազանդներին և չհամակերպվողներին պատժել՝ ասֆալտին փռելով, կալանավորելով, խոշտանգելով։ Այս ամենը բռնապետական հակումներ ունեցող, միաժամանակ բարդույթավորված, վախկոտ մարդու հոգեբանություն է։
 
-Ապօրինի գույքի բռնագանձման թեման ևս շարունակում է ակտուալ մնալ: «Տեսարանների» ապահովման այս տարբերակը դեռ ազդեցություն ունի՞ հասարակության լայն շերտերի վրա և շեղո՞ւմ է նրա ուշադրությունն առկա վտանգավոր մարտահրավերներից:
 
-Ապօրինի գույքի բռնազավթումն, իմ կարծիքով, այս իշխանության ամենակասկածելի գործողությունն է։ Չեմ վիճում, որ նախորդ տարիներին իշխանության որոշ ներկայացուցիչներ տարբեր կոռուպցիոն գործունեությամբ հարստացել և ձեռք են բերել բազմաթիվ ինչպես անշարժ, այնպես էլ շարժական գույք։ Բայց նաև բացարձակապես չեմ վստահում վարչապետ կոչեցյալի գրպանային Հակակոռուպցիոն կոմիտեին և դատախազությանը։ Ապօրինի գույքի դեմ պայքարի լավագույն միջոցը համապատասխան հարկային քաղաքականություն վարելն է և, իհարկե, անձնական օրինակը։ Հարկային քաղաքականություն ասելով՝ նկատի ունեմ, որ որոշակի նվազագույն սեփականությունից սկսած, որը չնչին է հարկվում, հարկերը բարձրացվում են երկրաչափական պրոգրեսիայով՝ ավելի մեծ սեփականության պարագայում։ Իսկ այն, ինչ կատարվում է ապօրինի գույքի բռնագանձման անվան տակ, ընդամենը սեփականության վերաբաշխում է՝ հօգուտ յուրայինների։ «Ապօրինի գույքի բռնազավթման» բարձրագոչ անվան տակ տեղի են ունենում ամենաստվերային գործարքները, այսպես ասած, «նախկինների» գույքը նվիրաբերելով յուրայիններին։ Այստեղ առկա է նաև այլ հանգամանք։ Վարչապետ կոչեցյալը չի հանդուրժում իրեն անվերապահորեն չհնազանդվող հարուստներին՝ սարսափելով, որ նրանք կարող են ֆինանսավորել ընդդիմությանը։
 
-Ինչպե՞ս է դատական համակարգն արձագանքում տեղի ունեցողին, կարողանո՞ւմ է առանց կաշկանդվելու տարբեր գործերով վճիռներ կայացնել:
 
-Այս 6 տարվա ընթացքում ջախջախվեց դատական համակարգը։ Արդարադատության նախարարության և ԲԴԽ-ի «ջանքերով» համակարգից հեռացվեցին համարյա բոլոր անկախ դատավորները։ Դժվարանում եմ ասել՝ արդյոք համակարգում դեռևս մնացե՞լ են վարչապետ կոչեցյալին անհնազանդ դատավորներ։ Եթե այո, ապա նրանց թվաքանակը կարելի է ձեռքի մատների վրա հաշվել։ Բայց նույնիսկ վարչապետ կոչեցյալին հնազանդ դատավորները, ընդդիմադիր գործիչներին պատվերով կալանքի որոշումներ տալով, ամեն դեպքում խուսափում են այդ շինծու քրեական գործերով դատավճիռ կայացնել՝ անընդհատ ձգձգելով դատական նիստերը։
 
-Ներկայիս քաղաքական համակարգը շատերը բռնապետություն են կոչում: Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր երկրում, տեղավորվո՞ւմ է բռնապետության ձևակերպման մեջ:
 
-Հայաստանը երբեք չի եղել ժողովրդավարական երկիր։ Քաղաքական եզրույթով, Հայաստանը եղել է թույլ ավտորիտար պետություն։ 2018 թ.-ի ստի և կեղծիքի հեղափոխությունից հետո Հայաստանը անցում կատարեց ավտորիտարիզմից դեպի հեղափոխաբռնապետական համակարգի։ Ինչպես ժողովրդավարությունը, ավտորիտարիզմը, այնպես էլ բռնապետությունն ունեն իրենց յուրահատկությունները։ Հայաստանում հաստատվում է առանց որևէ գաղափարախոսության (ձախակողմյան, ազգայնական, կրոնական) մեկ ընտանիքի բռնապետություն։ Հայաստանը, պետական բյուջեն այդ ընտանիքը համարում է իր սեփականությունը։ Նա կարող է Հայաստանի տարածքից հողեր վաճառել, պետական բյուջեն ծախսել ընտանիքի կարիքների և վայելքների համար՝ կառավարական առանձնատների շքեղ նորոգումներ, սպասարկող շքեղ ավտոմեքենաներ, ընտանյոք ճանապարհորդություններ, ընտանիքի անվտանգության ապահովում՝ հազարավոր ոստիկաններով և դիպուկահարներով:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
Այսօր երեկոյան լեռնային շրջաններում սպասվում է ձյուն Պաշտոնանկությունների գիշերային շքերթը շարունակվելու է Սասուն Խաչատրյանը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնից ազատման դիմում է գրել․ պաշտոնական Զոհ և վիրավորներ․ Արթիկ-Պեմզաշեն ավտոճանապարհին բախվել են «GAZ» և «Opel» մակնիշների ավտոմեքենաները Իմ ողջ գործունեությունն իրականացրել եմ այն տրամաբանության մեջ, որ եթե նույնիսկ չեմ կարող օգնել, պետք է իմ պետությանը չխանգարեմ, իմ պետությանը չվնասեմ․ Մհեր Ավետիսյան Ազգային պետությունը չի խզում կապերը սփյուռքահայ կառույցների հետ, կուսակցական տարբերություններ չի դնում․ «Հայաքվե» Ոչ ոք իրավունք չունի միայն 100 դրամանոցներ պահանջելու․ Հրայր Կամենդատյան Դոլարն ու ռուբլին թանկացել են․ փոխարժեքն՝ այսօր Նեթանյահուի առանձնատան բակում լուսարձակող արկեր են ընկել Լյուբով Ուսպենսկայայի անհետացած դուստրը վերադարձել է մոր մոտ Գազայի հատվածին իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 35 մարդ «Ինչպես էինք մատաղ անում Իջևանի խաչում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Լատվիայի դեմ խաղում Կոնվերս Բանկը հերթական անգամ «STP Excellence Award 2023» պատվավոր մրցանակակիրն է Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 17-ին «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում հաղթեց Վրաստանը, Հայաստանը 8-րդն է Տեղի է ունեցել Փաշինյանի և Թրամփի հեռախոսազրույցը․ քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում վերջին տարիներին տեղի ունեցած զարգացումները Երբ տուն գնացի, վերջնական որոշում կայացրի․ Պիկեն ասել է, որ «Բարսայի» փոխարեն կարող էր այլ ակումբում հայտնվել Արագածոտնում տուֆով բարձված ԶԻԼ-ը կողաշրջվել է Իրանի ԱԳՆ-ն հերքել է Մասկի և ՄԱԿ-ում Իրանի մշտական ​​ներկայացուցչի «գաղտնի հանդիպման» լուրը
website by Sargssyan