«Բարսելոնա»-ից հեռանալու Նեյմարի որոշումը կապված էր Մեսսիի հետ․ Նեյմարի հայր
«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարի հայրը՝ Նեյմար դա Սիլվա Սանտոսը, խոսել է որդու «Բարսելոնայից» հեռանալու որոշման իրական պատճառների մասին։
«ՊՍԺ տեղափոխվելն իր որոշումն էր, նա որոշեց փոխել ամեն ինչ: Այն ժամանակ մենք «Բարսելոնայում» բարդ իրավիճակի առաջ էինք կանգնած, քանի որ չգիտեինք, թե ինչ է մտածում մարզական ղեկավարությունը։
Թվում էր, թե ակումբը ցանկանում էր, որ Նեյմարը զբաղեցնի Մեսսիի տեղը, իսկ Նեյմարը դա չէր ուզում: Ես ուզում էի, որ իմ որդին մնար «Բարսելոնայում»։ Մինչև վերջին օրերը փորձում էինք նրան հետ պահել, որ չհեռանա։ Բայց նա հեռացավ, քանի որ չցանկացավ զբաղեցնել Մեսսիի դիրքը և լինել «Բարսայի» ամենամեծ աստղը»,- Նեյմար ավագի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Հիշեցնենք, որ Նեյմարը «Բարսելոնայից» ՊՍԺ է տեղափոխվել 2017 թվականին։ Բրազիլացու տրանսֆերը փարիզցիների համար արժեցել է 222 միլիոն եվրո։ Մինչ օրս այս տրանսֆերը համարվում է խոշորագույնը ֆուտբոլի պատմության մեջ։