Ի՞նչ փուլում է վիզաների ազատականացման գործընթացը․ մանրամասնել է նախարարը
Վիզանների ազատականացման տեսանկյունից տրվել է պաշտոնական մեկնարկը գործառնական փուլի։ Այս մասին Հանրային հեռուստաընկերության եթերում Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ընթացքում ասաց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը՝ անդրադառնալով վիզաների ազատականացման գործընթացին։
«Սա նշանակում է, որ երկու կողմերը ունեն բարձր հանձնառություն, որպեսզի մշակեն գործողությունների ծրագիր, որը թույլ կտա հասկանալ, թե որ ուղղությամբ ինչպիսի առաջընթաց կա և վիզաների ազատականացման բուն պրոցեսը երբ կարող ենք ակնկալել»,- ասաց նա։
Նախարարի խոսքով՝ այս հարցը կենտրոնանում է մի քանի հենասյուների վրա՝ հանրային անվտանգություն, անձնական տվյալների պաշտպանություն և այլն։
«Վիզաների ազատականացումը հնարավորություն է ՀՀ-ում տարբեր ոլորտներում ճիշտ ստանդարտներ ներդնել։ Շատ լավ փորձառություն ունենք, որ գործընկերները գնահատում են մինչ այս պահը իրականացված բարեփոխումները, սա է հիմք տվել զրույցների մակարդակից անցում կատարել գործնական փուլին»,- նշեց նա։