Լևոն Ջուլֆալակյանը կարևորում է Եվրոպայի առաջնությունում արդար մրցակցությունը
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանը կարևորում է Եվրոպայի առաջնությունում արդար մրցակցությունը: «Մեր հավաքականն անցել է բոլոր պլանավորված ուսումնամարզական հավաքները: Եվրոպայի առաջնության կազմը ձևավորվել է այդ ամենից ելնելով: Մենք մարտական են տրամադրված Եվրոպայի առաջնությունից առաջ: Մեզ համար կարևոր է, որ արդար մրցակցություն լինի»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ շեշտեց Ջուլֆալակյանը:
Խոսելով Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասին, ով վնասվածք էր ստացել և բաց կթողնի Եվրոպայի առաջնությունը՝ ընտրանու մարզիչը փաստեց, որ մարզիկը սկսել է լիարժեք մարզվել: «Արթուրի առողջական վիճակը լիովին լավ է, հիմա պլանավորում ենք հետագա անելիքները»,-ասաց մասնագետը:
Անդրադառնալով Կարապետ Չալյանի բացակայությանը հավաքականում` Ջուլֆալակյանը տեղեկացրեց, որ մարզիկը ծնկի վնասվածք ունի:
Այս տարի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը կանցկացվի Բուխարեստում` ապրիլի 8-14-ը: Թիմը մրցավայր կմեկնի ապրիլի 10-ին: