Ո՞ր կանանց են տղամարդիկ համարում գեղեցիկ
Տղամարդկանց մեծ մասը կնոջ մեջ գնահատում է անձնային որակները, քան արտաքին տեսքը:
Ահա այն հիմնական հատկանիշները, որոնք նրանք հրապուրիչ են համարում կանանց մեջ՝
- ինքնավստահություն եվ սեփական արժանապատվության զգացում
– կոկիկություն ու խնամվածություն
– խելք
– լսելու ընդունակություն
– խոսելու, զրույցը «պահելու» ընդունակություն
Եվ միայն այս հատկությունները թվարկելուց հետո է, որ նրանք սկսում են նկարագրել կնոջ արտաքինը՝ ոտքերի երկարությունը, դեմքի ձեւը, աչքերի եւ մազերի գույնը, հագուկապը եւ այլն…
Այստեղ արդեն տղամարդկանց նախապատվությունները հիրավի խիստ տարբեր են, եւ այս հարցը թերեւս նույնքան հին է, որքան հավի ու ձվի մասին վեճը:
Ինչեւէ, չնայած կարծիքների այս ամբողջ խառնաշփոթին՝ նորաձեւության ամսագրերը երբեմն «համարձակվում են» որոշ վիճակագրություն հրապարակել այն մասին, թե ո՞ր կանանց է հանրությունը (առանձնապես՝ տղամարդիկ) համարում առավել գեղեցիկ:
Օրինակ, գերմանական տաբլոիդներն անընդմեջ հրատարակում են բյուրգերների նախապատվությունների ռեյտինգները, որոնցում շոշափելի առավելությամբ առաջնահերթությունը տրվում է սպիտակամազ գեղեցկուհիներին: Նրանց տվյալների համաձայն 18-49 տարեկան 1015 տղամարդկանց 47%-ը նախընտրում է իր համար սիրուհի ընտրել շիկահերների շարքերից, եւ միայն 29%-ն է իր սիրուհու դերում թխահերի պատկերացնում: Այնուհանդերձ, երբ խոսքը շրջվում է ամուսնության ուղղությամբ, շիկահերների ու թխահերների շանսերը գրեթե հավասարվում են. հարցվածների 42%-ը քվեարկել է առաջինների, իսկ 41%-ը՝ երկրորդների օգտին:
«Շիկահերներն աստիճանաբար ավելի հազվագյուտ են դառնում ու տղամարդկանց վրա էրոտիկ ազդեցություն են ունենում, այնինչ մուգ մազեր ունեցող կանայք ջերմության ու անվտանգության զգացում են ներշնչում, ինչն էլ հենց փնտրում են տղամարդիկ, երբ կողմնորոշվում են ընտանիք կազմելու ուղղությամբ»,- համարում է բեռլինցի հոգեբան Կոնստանց Ֆակիխը: Իսկ ահա սեւահերներից ու կարմրահերներից գերմանացի տղամարդիկ զգուշանում են:
Միեվնույն ժամանակ, «միսս Ամերիկա» տիտղոսն արդեն որերորդ անգամ բաժին է ընկնում բացառապես սեւահեր կանանց: Եվ հարցն այստեղ ոչ այնքան մազերի գույնն է, որքան Մերիլին Մոնրոյի հետեւորդների մտավոր ունակությունների մասին ստեղծված կարծրատիպերը: Զարմանալին այն է, որ այս եվրոպացի տղամարդիկ մեծամասնաբար ամուսնանում են թխահերների ու սեւահերների հետ՝ համարելով, որ «սեւուկ» աղջիկներն ավելի լուրջ ու տնտեսվարող են:
Գիտական մեջբերում
Ի դեպ, գիտական հետազոտությունների արդյունքները եւս ապացուցում են, որ կանացի գեղեցկությունը պայմանավորված չէ գլխավորապես ֆիզիկական տվյալներով: Սակայն դրանք միեվնույն ժամանակ ժխտում են նաեւ հոգեկան կերտվածքի առաջնահերթությունը…
Անգլիական Սուրբ Էնդրյու Համալսարանի գիտնականները բացահայտել են, որ կնոջ գրավչությունը պայմանավորված է նրա օրգանիզմում պարունակվող էստրոգեն կանացի հորմոնի քանակությամբ: