Հազն անտեսելու հետևանքով բրիտանուհին զրկվել է ոտքերից ու ձախ ձեռքից
Մեծ Բրիտանիայի Հարավային Ուելս կոմսության 51-ամյա բնակչուհի Ջեյն Կարպենտերը զրկվել է ոտքերից, ձախ ձեռքից ու աջ ձեռքի չորս մատից հազի հետևանքով զարգացած արյան վարակման պատճառով, գրում է Daily Mail պարբերականը:
2016 թվականին կնոջ մոտ մշտական հազ է սկսվել, սակայն նա չի դիմել բժշկին՝ ենթադրելով, որ կբուժվի առանց կողմնակի միջամտության: Կարպենտերը միայն մեկ ամիս անց է հիվանդանոց գնացել, որտեղ նրա մոտ թոքաբորբ ու սուր սեպսիս է ախտորոշվել:
Կինն անմիջապես հոսպիտալացվել է ու տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք, քանի որ հիվանդության հետևանքով նրա ներքին օրգաններն աստիճանաբար դադարում էին աշխատել: Որոշ ժամանակ անց Կարպենտերը կոմայի մեջ է ընկել և գիտակցության է եկել միայն 9 շաբաթ անց:
Այդ ընթացքում կնոջ զարկերակային ճնշումը նվազել է՝ հասնելով վտանգավոր ցածր մակարդակի, իսկ արյունատար անոթներում սկսել են արյան մակարդուկներ առաջանալ, ինչի հետևանքով խանգարվել է վերջույթներում արյան շրջանառությունը: Լուրջ հետևանքներից խուսափելու համար բժիշկներն ստիպված են եղել անդամահատել կնոջ ոտքերը, ձախ ձեռքն ու աջ ձեռքի մատները:
«Ես կարծում է՝ դա պարզապես հազ էր, ուստի չէի ցանկանում աղմուկ բարձրացնել», - պատմել է կինը: Վիրահատությունից հետո Կարպենտերն ընկճախտի մեջ է ընկել, սակայն այժմ վրա վիճակը զգալիորեն բարելավվել է: Այժմ կինը դրամահավաքի միջոցով գումար է հավաքում պրոթեզների նոր հավաքածու ձեռք բերելու համար: