Բոլորը ցնցված էին: Ծնողներն օգնել էին իրենց տղային` բռնի ուժով տիրել առևանգված աղջկան
Մեղադրյալի աթոռին հայտնվել էին ոչ միայն առևանգված աղջկան բռնաբարող տղան, այլև այդ հանցագործության մեջ նրան օժանդակող հայրը, մայրը, եղբայրն ու քույրը: Նրանք իրենց պատիժը ստացել են, սակայն հետաքրքիրը դեպքի բարոյական կողմն է:
Տղան սիրահարվում է մի աղջկա և միշտ մերժվում: Ամիսներ շարունակ հետապնդում է աղջկան, սակայն աղջիկն անդրդվելի է` չի սիրում, չի ուզում ամուսնանալ նրա հետ և վերջ:
Այն տարիներին, գյուղերում ընդունված էր «աղջիկ փախցնելը»: Երբ նույն օրը, «թարմ հետքերով» աղջկան չէին հայտնաբերում, ապա «տարած, ետ բերած» աղջկան ոչ ոք կնության չէր վերցնում: Փախցնելով, հաճախ տանում էին իրենց հարազատների տուն` մեկ ուրիշ գյուղ: Ընդհանրապես, մեկ օրվա ընթացում, միլիցիայի աշխատակիցներին չէր հաջողվում գտնել: Այդ ընթացքում առևանգիչները` տղան ու նրա հարազատները, կարողանում էին աղջկան համոզել և համաձայնության մասին ստորագրություն վերցնելով ներկայացնել միլիցիա: Այդ ժամանակ աղջկա հարազատները հանգստանում էին և հետապնդումները դադարեցվում:
«Սովորույթի» համաձայն, ընկերների խորհրդով և անմիջական օգնությամբ, տղային հաջողվում է բռնի ուժով փախցնել աղջկան և տանել մեկ ուրիշ գյուղ` հորաքրոջ տուն: Մեկ ամբողջ օր, հարազատներով չեն կարողանում համոզել աղջկան: Խուճապի մեջ են ընկնում, երբ լուրեր են հասնում, թե աղջկա ծնողներն ու միլիցիայի աշխատակիցները գիտեն աղջկա գտնվելու վայրն ու գալիս են: Տղայի ծնողներն որոշում են տեղափոխվել իրենց տուն: Ծնողները տղային ու առևանգված աղջկան փակում են մի սենյակում, մտածելով, որ բռնաբարվելուց հետո, աղջիկը կտա իր համաձայնությունը: Այդ ընթացքում, տղային միայնակ չի հաջողվում բռնի ուժով տիրել աղջկան: Այդ ժամանակ օգնության են հասնում տղայի հայրն ու մայրը, քույրն ու եղբայրը: Նրանք բռնում են աղջկա ձեռքերից ու ոտքերից, իսկ տղան իր հարազատների ներկայությամբ և աջակցությամբ, վերջապես կարողանում է բռնաբարել առևանգած աղջկան:
-Թեկուզ պատվազրկված, միևնույն է, ես ձեր տղայի հետ չեմ ամուսնանա, նույնիսկ բռնաբարվելուց հետո, -ասում է աղջիկը:
Իսկ առավոտյան, աղջկա ծնողների ուղեկցությամբ, հայտնվում են միլիցիայի աշխատակիցներն ու ձեռբակալում ընտանիքի անդամներին:
Գյուղի անունը չեմ գրում: Հնարավոր է այդ գյուղաբնակներից կարդան և հիշեն: