«Լուսանկարներում ցույց ենք տվել իմ բնական տեսքը». Լիա Զախարյանի նոր ֆոտոշարքն ու մայրիկից հեռու ապրելու պատճառը
Առավել մանրամասն ՝այստեղ
Դերասանուհի Լիա Զախարյանը նոր ֆոտոշարք ունի, որը տրամադրել է Tert.am Life-ին ու պատմել, որ այս լուսանկարներով փորձել են ցույց տալ մարդու բնական վիճակն ու դիմախաղը: Տարբեր երեկույթների, նախագծերի ու ֆոտոշարքերի ժամանակ շպարված, գուցե, նաև կերպարանափոխված ներկայանալուց հետո դերասանուհին որոշել է լսարանին ցույց տալ իր բնական վիճակը:
«Ֆոտոշարքն իրականացրել ենք լուսանկարիչ Վահե Ստեպի և դիմահարդար Լյուսի Հովհաննիսյանի հետ: Վերջինս շատ նուրբ ու բնական դիմահարդարում ստացավ, ինչը շատ կարևոր է: Հաճախ մենք էկրաններին երևում ենք այնպիսի գրիմով, որը մեզ անճանաչելիորեն փոխում է, կերպարն է այդպես պահանջում, սակայն էկրանից այն կողմ, կարծում եմ, շատ կարևոր է բնական ներկայանալը: Այս անգամ ցույց ենք տվել իմ բնական տեսքը, շատ քիչ միջամտություն ենք արել, չենք օգտագործել այնքան թարթչաներկ, որը կփոխի հայացքս, հոնքերի վրա որոշակի թերություններ կային, սակայն թողել ենք բնական վիճակով, չեն օգտագործել սնգույր այտոսկրերն ընդգծելու համար, պարզապես տոնային քսուկների միջոցով փորձել ենք խաղալ լույսի հետ, Վահեն էլ շատ քիչ ֆոտոշոփ է արել»,- ասաց Լիան ու հավելեց, որ վարսահարդարի էլ չի դիմել, ինքնուրույն է հարդարել մազերը:
Նա նշեց, որ փոքր-ինչ բարդ էր ներկայանալ այսպիսի ֆոտոշարքով, որտեղ միակ շեշտադրումն իր դիմախաղն ու հայացքն էին:
«Ինձ համար մի քիչ դժվար էր, սակայն Վահեն ու Լյուսին ինձ շատ էին օգնում, որպեսզի չլարվեմ ու կարողանանք լավ լուսանկարներ ստանալ: Արդյունքն ինձ շատ է դուր եկել: Կարծում եմ՝ բնական է»,- ասաց Լիան:
Այս օրերին դերասանուհին Մոսկվայում է, ուր մեկնել է մասնագիտական վարպետության դասի մասնակցելու և իր մայրիկին հանդիպելու նպատակով:
2 տարի է՝ Լիայի մայրիկն աշխատանքի բերումով Մոսկվայում է, ինչից դերասանուհին շատ է տխրում, իր տարեդարձի օրն էլ ասել էր, որ իր համար լավագույն նվերը կլիներ մայրիկի ներկայությունը:
«Շուտով 1 տարի կդառնար, ինչ չէի տեսել մայրիկիս: Չեմ կարողանում համակերպվել նրանից հեռու լինելու փաստի հետ, շատ եմ կարոտում: Ծննդիցս մեկ ամիս անց եկա իր մոտ՝ այդ բացը լրացնելու և իր ներկայությունը զգալու: Այնքան եմ կարոտել, որ հրաժարվեցի նույնիսկ առանձին անկողնում քնել: Ուզում եմ անընդհատ զգալ իր բույրն ու ջերմությունը: Ինձ համար շատ դժվար է առանց իրեն, սակայն հանգամանքներն այսպես են դասավորվել»,- ասաց դերասանուհին:
Լիան նշեց, որ Մոսկվայում նաև գործնական ծրագրեր ունի: «Իմ սիրելի հեռուստաընկերություններից մեկում վարպետության դասի և փոքրիկ նկարահանման կմասնակցեմ: Բացի այդ, այստեղ ֆոտոշարք ունեմ, որն իրականացնելու եմ ռուսաստանաբնակ հայ լուսանկարչի հետ: Ինձ հետ աշխատող թիմի անդամները ռուսներ են լինելու: Կարծում եմ՝ հետաքրքիր արդյունք կունենանք, որը լսարանին կներկայացնեմ մոտ մեկ շաբաթից»,- եզրափակեց նա: