Մորեխային “Ժանտախտ” Արևելյան Աֆրիկայում․ Սա 2020 Թվականն Է
Կորոնավիրուսի համաճարակին զուգահեռ՝ Արևելյան Աֆրիկայում մեծ տեմպերով տարածվում է մարդկանց կյանքի և ապրուստի միջոցների համար ևս մեկ սպառնալիք՝ մորեխները։ 2019 թվականը, որն այս տարածաշրջանի համար դարձավ բացառիկ խոնավ տարի, մորեխների համար ստեղծեց նպաստավոր պայմաններ՝ տարածվելու և բազմանալու։ Այժմ արոտավայրերում ու գյուղատնտեսական հողատարածքներում տարածված մորեխները ոչնչացնում են բերքը՝ զրկելով մարդկանց ոչ միայն իրենց ապրուստի միջոցներից, այլև ուղղակիորեն վտանգ հանդիսանալով նրանց կյանքի համար։ Այսպես կոչված մորեխի ժանտախտը (the locust plague) տարածվել է Քենիայից մինչև Եթովպիա ու Եմեն և նույնիսկ՝ Հյուսիսային Հնդկաստանի որոշ շրջաններ։
Ըստ ծագումով քենիացի միջատաբան Դինո Մարտինսի, ստեղծված իրավիճակը, սովից և առաջացող տնտեսական ճգնաժամից զատ, պետք է ընդունել որպես բնության նախազգուշացում, փոխանցում է Sciencealert-ը։ «Այստեղ կա ավելի խորը հաղորդագրություն, և դա այն է, որ մենք փոխում ենք մեր միջավայրը»,- ասել է նա։ Ըստ Մարտինսի, էկոհամակարգերի քայքայումն ու ոչնչացումը, անտառահատումներն ու անապատների ընդլայնումը իդեալական պայմաններ են ստեղծում մորեխների ավելի ու ավելի շատ տարածման համար: Եվ զարմանալի չէ, որ այս կարճ ժամանակահատվածում՝ սկսած 2019 թվականից, Արևելյան Աֆրիկայում տարածված միլիարդավոր մորեխները այժմ դառնում են տրիլյոններ։
Տեղական իշխանությունները մորեխների դեմ պայքարում են ուղղաթիռների միջոցով, որտեղից թունաքիմիկատներ են բաց թողնում դրանց վրա։ Սակայն այս ճանապարհը մարդու և շրջակա միջավայրի առողջության համար ակնհայտ վնասակար է։ Մինչ այժմ այս տարածաշրջանում ավելի քան կես միլիոն հեկտար տարածք մշակել են թողնվել թունաքիմիկատներով, և ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) հրապարակած տվյալների այդպիսով հնարավոր է եղել փրկել գրեթե 8 միլիոն մարդու կարիքները բավարերելու համար անհրաժեշտ հացահատիկային մշակաբույսեր։
Սակայն մորեխների դեմ պայքարի այս մեթոդն իր հետ բերելու է սարսափելին․ թունաքիմիկատները վարակելու են այս տարածքները և ազդելու են տեղի կենսաբազմազանության վրա։ Մորեխների հետ միաժամանակ սատկում են նաև այլ միջատներ, օրինակ՝ մեղուները։
COVID-19-ին զուգահեռ, մորեխի ժանտախտն այս տարածաշրջանում կարող է աղետալի հետևանքներ ունենալ թե՛ բնակչության կենսաապահովման և թե՛ սննդամթերքի անվտանգության վրա:
Աֆրիկայից օվկիանոսով բաժանվող Արգենտինայում ևս մորեխները դարձել են սպառնալիք, և վտանգ կա, որ դրանք աստիճանաբար տարածվելու են դեպի Պարագվայ, Ուրուգվայ և Բրազիլիա: Ըստ փորձագետների, այս երևույթն անմիջական կապ ունի կլիմայի փոփոխության հետ։
Սա 2020 թվականն է․․․
Լուսանկարներն՝ ԱՅՍՏԵՂ