Բեյրութում ուժեղ պայթյունից մահացել է Նազար Նաճարյանը
ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնում է, որ այս պահին նախնական տեղեկություն կա Լիբանանում պայթյունի հետևանքով ազգությամբ մեկ հայի զոհվելու մասին։ Այս մասին Նաղդալյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Լիբանանում ՀՀ դեսպանությունը կապի մեջ է Լիբանանի պատկան մարմինների և տեղի համայնքային կառույցների ղեկավարների հետ: Հայահոծ թաղամասերում, ինչպես ողջ Բեյրութում, ավերածությունները զգալի են։ Այս պահի դրությամբ նախնական տեղեկություն կա ազգությամբ մեկ հայի մահվան և մի քանիսի՝ տարբեր աստիճանի վնասվածքներ ունենալու մասին՝ հիմնականում տներում՝ ապակիների փշրվելուց»,- գրել է Նաղդալյանը։
Մամուլի խոսնակը հավելել է, որ պայթյունից մասնակիորեն վնասվել է նաև Լիբանանում ՀՀ դեսպանության շենքը:
Արևելք լրատվական կայքը հաղորդում է, որ զոհվածը Լիբանանի «Քաթաեբ» կուսակցության առաջնորդ Նազար Նաճարյանն է։