ՀՀ վաստակավոր արտիստներ Արմեն Մարությանի ու Ալլա Վարդանյանի վթարից զոհված դստեր ընտանիքի լուսանկարները
Առաջին աշխարհամարտի ավարտից 2 տարի անց Թուրքիայի սուլթանական կառավարության և պատերազմում հաղթած պետությունների՝ այդ թվում Հայաստանի միջև 1920թ. օգոստոսի 10-ին Փարիզի Սևր արվարձանում կնքվեց հաշտության պայմանագիր, ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքը պետք է կազմեր 160 հազար քկմ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինտիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը նշեց, որ 100 տարի անց էլ պայմանագիրը մնում է ուժի մեջ և ենթակա է կյանքի կոչման:
«Հայաստանի կողմից այդ պայմանագիրը նախապես պատվիրված հատուկ ոսկե գրչով ստորագրեց Հայաստանի Հանրապետության պատվիրակության ղեկավար Ավետիս Ահարոնյանը: Կարևոր է, որ պատերազմում հաղթանակած երկրներն ի դեմս Անտանտի, արձանագրում էին հայ ժողովրդի իրավունքն իր պատմական հայրենիքի նկատմամբ, այն հայրենիքի, որտեղ մի քանի տարի առաջ տեղի էր ունեցել Ցեղասպանություն և հայրենազրկում, և Հայաստանի Հանրապետությունը, որպես Անտանտի դաշնակից երկիր, տարածաշրջանում դառնալու էր ընդարձակ և ուժեղ պետություններից մեկը՝ 160 հազար քկմ տարածքով: Մոտ երկու տասնյակ երկրներ իրենց ստորագրությունն էին դրել այդ փաստաթղթի տակ, իսկ գաղութային համակարգի փլուզվելուց հետո արդեն տասնյակ նոր երկրներ առաջացան, որոնք դարձան Սևրի դաշնագրի մասնակից, իրենց հերթին ևս փաստելով հայ ժողովրդի իրավունքները՝ Արևմտյան Հայատանի նկատմամբ»,- ասաց Մելքոնյանը:
Նա նշեց, որ այն տեսակետը, թե Սևրի պայմանագիրը չի վավերացվել այն կնքող երկրների, այդ թվում Հայաստանի կողմից, ինչը նշանակում է, որ կորցրել է իր ուժը, իրականությանը չի համապատասխանում:
«Սևրի դաշնագիրը չի վավերացվել այն կնքող երկրների կողմից, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության, որովհետև սկսվեց թուրք-հայկական պատերազմը 1920թ. սեպտեմբերի վերջին և ավարտվեց Հայաստանի ցավալի պարտությամբ՝ դեկտեմբերի 3-ին Ալեքսանդրապոլի պայմանագրով: Այդ իմաստով որոշ պատմաբաններ պնդում են, թե այն իրավական ուժ չունի, բայց խնդիրն այստեղ այլ է: Պայմանագրի 6-րդ հատվածի 88-93-րդ հոդվածներն ամբողջապես վերաբերում են Հայաստանին: 89-րդ կետի համաձայն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնը պետք է գծեր թուրք-հայկական սահմանը, որն իր մեջ պետք է ներառեր Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս և Վան նահանգների մեծագույն մասը, այսինքն՝ Հայաստանը պետք է ունենար ծովային ելք: Սակայն, այն կյանքի չկոչվեց, որովհետև, ցավալիորեն, 2020թ. աշնանը միջազգային իրավիճակը կտրուկ փոխվեց, խորհրդային Ռուսաստանը կարողացավ քաղաքացիական պատերազմից դուրս գալ և Անտանտի երկրների՝ նախկին իր դաշնակիցների դեմ թշնական մթնոլորտում, ստիպված մերձեցավ Սևրի պայմանագրի դեմ պայքարող Թուրքիայի հետ և այդ ընդհանուր հակաանտանտյան ճակատի հիմքի վրա տեղի ունեցավ խորհրդաքեմալական մերձեցումը»,- նշեց Պատմության ինստիտուտի տնօրենը:
Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի մերձեցումը հանգեցրեց նրան, որ Արևելքի մուսուլման ժողովուրդների համագումարից հետո 1920թ. սեպտեմբերի սկզբին Ռուսաստանը համաձայնություն տվեց Թուրքիային՝ հարձակվելու Հայաստանի Հանրապետության վրա և թուրքական զորքերով խորհրդայնացնելու Հայաստանը, սակայն սա ևս պատճառ չդարձավ Սևրի հաշտության պայմանագրի չեղարկման համար:
«Սևրի դաշնագրի 89-րդ հոդվածը իրավարար վճիռ էր: Այն պետք է ուժի մեջ մտներ, առանց վավերացման: Թուրքիան պարտավոր էր անմիջապես անվերապահորեն ընդունելու այդ փաստաթուղթը, որովհետև իրավարար վճիռը չի ենթադրում անպայմանորեն վավերացում այս կամ այն երկրի կողմից: Հենց ներկայացման պահից` 1920թ. նոյեմբերի 22-ից մինչև օրս միջազգային իրավունքի տեսանկյունից այն շարունակում է մնալ ուժի մեջ և, դե-յուրե, հայ-թուրքական սահմանը հանդիսանում է ոչ թե այսօրվա Ախուրյան-Արաքս գիծը, այլ իրականում Տրապիզոն, Էրզրում, Բիթլիս, Վան նահանգների մեծագույն մասը ներառող սահմանը՝ Արևմտյան Հայաստանի 90 հազար քկմ տարածքով և 70 հազար քկմ Արևելյան Հայաստանի՝ Հայաստանի Հանրապետության տարածքով ներառյալ»,- ասաց Մելքոնյանը:
Աշոտ Մելքոնյանի խոսքով՝ Սևրի պայմանագրի ուժի մեջ լինելը փաստում է նաև այն, որ նախկին Անտանտի երկրներն այսօր էլ այդ փաստաթուղթն իրենց այս կամ այն շահի համար օգտագործում են Թուրքիայի իշխանությունների դեմ:
«Պատահական չէ, որ Անտանտի երկրները ժամանակ առ ժամանակ Թուրքիայի հետ վատ միջպետական հարաբերությունների պարագայում, հանում են օրակարգ այս փաստաթուղթը, հիշեցնում, որ այսօրվա դե-ֆակտո գոյություն ունեցող հայ-թուրքական սահմանը, իրավական առումով, վավերական չէ, այլ վավերական է Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով նախատեսված թուրք-հայկական սահմանը»,- նշեց Աշոտ Մելքոնյանը:
Անդրադառնալով այն կարծիքին, թե Սևրի հաշտության պայմանագիրը կնքման օրվանից 100 տարի անց կորցնում է իր վավերականությունը, Մելքոնյանը հայտնեց, որ սա ևս թյուր կարծիք է, քանի որ պայմանագիրը ստորագրած կողմերից որևէ մեկը չի հայտարարել Սևրի դաշնագրի առոչինչ դառնալու վերաբերյալ:
«Իրավարար վճռի ժամկետի վերաբերյալ այդ փաստաթղթում որևէ բան նշված չէ, որևէ նոր փաստաթուղթ չի ընդունվել, որևէ կողմ, այդ թվում նաև չվավերացրած երկրներից որևէ մեկը չի հայտարարել Սևրի դաշնագրի առ ոչինչ դառնալու վերաբերյալ, այնպես որ 100 տարի անց այն նույնպես արդիական է»,- ասաց Մելքոնյանը:
Առավել մանրամասն՝Այստեղ