«Մեր բարի, կիրթ ու ստեղծագործ աղջիկ․․․»․ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը հայտնի խմբավար էր
«Մեր բարի, քնքուշ, իմ կիրթ ու ստեղծագործ, պրպտող ու հոգատար աղջիկ... Տոմ ջան, քո պուպուշ ընտանիքով միասին պիտի հրեշտակներ դառնայիք: Լույսերի մեջ տեղափոխվեք։ (Երանի էդքան ֆանտաստիկ, հետաքրքիր ու հիշվող ակնթարթներ ապրած չլինեի կողքիդ)»,- այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է կոմպոզիտոր և երաժշտական մեկնաբան, Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցի տնօրեն Նաիրա Դիվանյանը՝ իր ցավը հայտնելով գործընկերոջ՝ Թամարա Մարությանի մահվան բոթի կապակցությամբ։
Դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դուստրը՝ Թամարա Մարությանը, խմբավար էր Երևանի Հ.Դանիելյանի անվան արվեստի դպրոցում։
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ ավտովթարի հետևանքով մահացել է Արմեն Մարությանի և Ալլա Սահակյանի դստեր ընտանիքը՝ Թամարա Մարությանը, նրա ամուսինն ու 2 երեխան։ Երեկ՝ օգոստոսի 9-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Օգոստոսի 9-ին, Ժամը 16:00-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 182-րդ կմ հատվածում բախվել են «Mercedes» մակնիշի բեռնատարը և Toyota մակնիշի ավտոմեքենան: Վթարի հետևանքով 4 հոգի տեղում մահացել են: Toyota-ն վարել է Երևան քաղաքի բնակիչ՝ 49-ամյա Միհրան Գյուլզադյանը, իսկ Mercedes-ը վարել է Արարատի մարզի Նորամարգ գյուղի բնակիչ՝ 61-ամյա Աշոտ Գևորգյանը։ Վթարի հետևանքով տեղում մահացել են Toyota-ի վարորդ Միհրան Գյուլզադյանը, ուղևորներ՝ վարորդի կինը, Երևանի բնակիչ, 37-ամյա Թամարա Մարությանը և նրանց երեխաները՝ 15-ամյա Նարեկ և 9-ամյա Արմեն Գյուլզադյանները։
Առավել մանրամասն՝Այստեղ