ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, թե երբ կվերսկսվեն դասերը հանրակրթական դպրոցներում
Սովորողները կգնան դպրոց, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
«Այսօր պարետատան նիստի ժամանակ որոշում է կայացվել սեպտեմբերի 15-ից դասերը վերսկսել հանրակրթական դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական հաստատություններում, երաժշտական, արվեստի, գեղարվեստի դպրոցներում՝ առկա ուսուցմամբ և սանիտարահիգիենիկ կանոնների պահպանմամբ:
Բուհերի և մի շարք այլ ուսումնական հաստատությունների մասով որոշումները կկայացվեն առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում:
Պարետատունը, մեր մյուս գործընկերները և նախարարությունը համատեղ մշակել են բոլոր հարցերի մանրամասն ընթացակարգերը և ուղեցույցները, որոնք կհրապարակվեն և կտարածվեն առաջիկա օրերին: Խնդրում ենք այս հարցում հետևել բացառապես պաշտոնական լրահոսին՝ կառավարության, պարետատան, նախարարության և նախարարի էջերին:
Սիրելի ուսուցիչներ, ծնողներ և աշակերտներ, առաջիկա շաբաթներին մենք պետք է միասին ապահովենք ուսումնական տարվա հաջող մեկնարկը և բնականոն ընթացքը՝ հաշվի առնելով համավարակով պայմանավորված սահմանափակումները և բացառելով մեդիասադրանքները»: