Նոր որոշում. Մեքենայում դիմակ կրելու կանոնները փոխվել են
Պաշտպանիչ դիմակներն այսօրվանից արդեն դեղատներում ամենապահանջվածն են։ Պարետի որոշմամբ երկուշաբթիից դիմակների առկայությունը հանրային բաց տարածքներում պարտադիր է: Առանց դիմակ չի թույլատրվի առևտուր անելը, տրանսպորտ, մետրո, անգամ՝ մարզասրահ մտնելը։
Պաշտպանիչ դիմակները պարտադիր են նաև մանկապարտեզների, խանութների, գեղեցկության սրահների աշխատողների, վարորդների համար, դրանք 3 ժամը մեկ փոխելը՝ նույնպես: Բացառություն են հանրային սննդի վայրերը, որտեղ միայն անձնակազմն է պարտավոր մշտապես դիմակ կրել։
Ոստիկանության լրատվականի փոխանցմամբ՝ իրենք են հետևելու կանոնների պահպանմանը, խախտողների նկատմամբ էլ վարչական տուգանքներ կիրառելու՝ 100-250 հազար դրամի չափով։
«Եթե էդ իմ առողջությանն է վերաբերում, կպահպանեմ, բայց եթե պարետը որոշում է, էդ չեմ կարա պահպանեմ: Պարետը թող իրա առողջության մասին մտածի, ոչ թե մեր», — տաքսու վարորդ Արայիկը չի պատրաստվում դիմակ կրելու պարտադիր պահանջը պահպանել, պարացետամոլն էլ՝ դիմակով փոխարինել:
«Մի հատ դիմակ առնելու եմ գցեմ մեջը, անցնում են՝ դնեմ, կարող ա և չդնեմ էլ, ի՞նչ իմանամ՝ ոնց կստացվի: Ես չեմ գտնում իմաստը դրա, ես առավոտ, ցերեկ դեղը խմում գալիս եմ, մի հատ պարացետամոլ խմում եմ, գալիս եմ, ես զգում եմ, ինձ թվում ա էդ ա պաշտպանում, մնացածը չգիտեմ: Էդ 500 դրամը իմ տան մի օրվա հացն ա, էդ թղթի կտորին տամ, որ ի՞նչ», — ասաց վարորդը:
Դեղատուն մտած հաճախորդներից մեկը վրդովված էր՝ կորոնավիրուսը հաղթահարելու նրա առաջարկած դեղատոմսը՝ վարակից ընդհանրապես չխոսելն է:
«Ազատության» զրուցակիցը շենքում մաքրուհի է, ասաց՝ մինչև այս գործատուն դիմակ չի տվել, բայց ինքը գնել է՝ խոսակցությունների տեղիք չտալու համար։
Առավել մանրամասն՝Այստեղ
«Ժողովրդի ձեռքը փող չկա, էդ էլ 4 ժամը մեկ պետք է փոխես, ամեն մարդ չի կարա ամեն օր առնի մի երկու հատ», — ասաց նա:
Այսօր առանց դիմակի փողոցում առևտուր անող կինը փակ ու բաց տարածքներում պարտադիր կրելուն եզակի կողմ արտահայտվողներից էր․ «Մեր տարիքը ընենց ա, որ պիտի իրոք ենթարկվենք»:
Խանութների դռներին բազմաթիվ են ցուցանակները՝ մուտքը միայն ձեռնոցներով ու դիմակով: Կոսմետիկայի խանութի վաճառողուհի Ֆլորան ասում է՝ կողքի խանութը փակվելուց հետո գրառումը կյանքի են կոչում: Երկուշաբթիին վաղուց է պատրաստ՝ երբ միանգամից երկու դիմակ ձեռք բերեց։