Մի շարք արգելքներ դուրս կգան. մի շարք կավելանան. Պարետի նոր որոշումների մասին. պարզվում է արդեն կարող ենք…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարետատան նիստից հետո փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հետ հանդես է եկել ճեպազրույցով:
Վարչապետը նշել է, որ նոր տիպի կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը շարունակվում է բարելավվել և հունիսի 4-ից հետո առաջին անգամ կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը պակաս է 8000-ից: Նիկոլ Փաշինյանն ավելացրել է, որ այս ցուցանիշներով երկիրը մոտենում է մայիսի վերջին և հունիսի առաջին շաբաթվա սկզբի թվերի մակարդակին: Վարչապետի խոսքով՝ համավարակի թվերի նվազումը քաղաքացիների մոտ ձևավորել է այն կարծիքը, որ իրավիճակն այլևս հաղթահարված է, սակայն դա ամենևին այդպես չէ:
«Նախորդ օրն ունեցել ենք 288 նոր դեպք, սա համեմատած հուլիսի թվերի հետ անհամեմատ քիչ է, բայց դեռևս հսկայական թիվ է և կարող ենք ասել, որ համաճարակային վիճակը ՀՀ-ում շարունակում է մնալ բարդ, և եթե մեր արձագանքը չլինի պատշաճ ու ավելի մեծ ջանքեր չգործադրենք, կարող ենք իրավիճակը հետ գլորել դեպի հուլիսի առաջին շաբաթվա իրավիճակին, որը համաճարակի պիկն էր: Մենք գտնվում ենք այն նույն վտանգների հանդիման, ինչը կար մայիսին»,- նշել է վարչապետը:
Առավել մանրամասն՝Այստեղ
Նիկոլ Փաշինյանի խոսքով` վերջին շրջանում լավ ցուցանիշի գրանցումը պահպանելու համար պետք է շարունակել ավելի խիստ պահպանել կանոնները:
«Մեր հակահամաճարակային կանոնների մեջ անկյունաքարային նշանակություն ունի դիմակի պարտադիր կրումը բաց և փակ տարածքներում, և պետք է խստորեն հետևենք այս կանոններին: Բացի հորդորներից, վարչական մեթոդներ են կիրառվելու և ոստիկանությունը հետևելու է, որ քաղաքացիները պահպանեն կանոնները: Մենք ստացել ենք հնարավորություն այս իրավիճակը հաղթահարելու համար»,- շեշտել է վարչապետը:
Փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանն իր հերթին նշել է, որ Հայաստանում արտակարգ դրությունը, որի ժամկետը լրանալու էր օգոստոսի 12-ին, կերկարաձգվի ևս մեկ ամսով։ Ավինյանն ընդգծել է, որ մի շարք արգելքներ կմեղմացվեն։ «Մասնավորապես վերանայվելու է օտարերկրյա քաղաքացիների մուտքի հարցը, ապրանքների արտահանման սահմանափակումները, հանրահավաքներ անցկացնելու, հանրային միջոցառումների անցկացման հարցը»,- ասել է նա։ Ավինյանը հավելել է, որ պարետատունն առաջնային ուշադրություն է դարձնում հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա:
«Պարետատունը կենտրոնացած է եղել տարբեր ոլորտներում կառավարման ծրագրեր մշակելու վրա՝ հաշվի առնելով, որ ուսումնական տարին մոտենում է, առաջնային ուշադրություն է դարձվել հանրակրթության և բարձրագույն կրթության ոլորտների վրա: Արդեն իսկ ունենք մշակված մոդելներ՝ համաճարակային իրավիճակից կախված, թե ինչ մոդելով ենք վերաբացում հանրակրթական օջախներն ու բուհերը»,- ասել է փոխվարչապետը՝ ավելացնելով, որ պարետատան օգոստոսի 5-ի նիստում տեղի է ունեցել առաջին քննարկումը: «Մինչև օգոստոսի 10-ը մենք արդեն վերջնական ծրագիր կներկայացնենք: Նմանատիպ ծրագրային մոդելներ մշակվել են նաև այլ ոլորտների համար»,- ասել է Տիգրան Ավինյանը:
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն էլ համոզմունք է հայտնել, որ բոլորի ջանքերն արդյունք են տալիս և Հայաստանում առկա է կայունացման գնացող համաճարակային իրավիճակ: «Մենք իրական շանս ունենք՝ եթե ոչ զրոյացնելու, ապա այնքան նվազեցնելու դեպքերի թիվը, որ կորոնավիրուսն այլևս հանրային առողջապահական խնդիր չլինի», – ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ներկայումս ծանր վիճակում է 300, ծայրահեղ ծանր՝ 68 քաղաքացի, թոքերի օդափոխության սարքերին միացված է 24 քաղաքացի:
Նախարարը հիշեցրել է, որ որոշ ժամանակ առաջ՝ ամենավատ օրերին, ծայրահեղ ծանր և ծանր վիճակում գտնվող հիվանդների թիվը հասել էր 650-ի, իսկ թոքերի օդափոխության սարքերին միացված էր 50 քաղաքացի: «Սա կարևոր է նրանով, որ արձանագրվում է մահացության նվազող ցուցանիշ, որը մեր միջոցառումների հիմնական նպատակն էր: Մենք միշտ շեշտում էինք, որ արձանագրված ցանկացած 100 դեպքի պարագայում, անկախ նրանից, թե որքան լավ կբուժենք, ինչքան շուտ կհայտնաբերենք, նշանակելու էր երկու մահ: Բնականաբար ցածր թվերը նշանակելու էին փոքր թվով մահեր: Հույս ունենք, այդ թիվը մի օր հասնելու է զրոյի»,-ընդգծել է նախարարը:
Ներկայումս կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ զբաղվող 20 բուժհաստատությունների թիվը հասցվել է 15-ի: Եվս 2-ը մոտ օրերին կվերադառնան իրենց հիմնական աշխատանքին: