Ինչպես թեթեւացնել ատամի ցավը տնային պայմաններում․ 5 խորհուրդ
Քչերը կարող են երկար դիմանալ ատամի սուր ցավին: Բայց ի՞նչ անել, եթե ատամնաբույժի ընդունելությանը պետք է սպասել մի քանի ժամ, կամ նույնիսկ՝ մի քանի օր:
Ցավազրկող ընդունեք
Առաջին հերթին ցավազրկող, օրինակ՝ իբուպրոֆեն կամ պարացետամոլ ընդունեք: Բայց պետք է հիշել, որ նույնիսկ եթե ցավն անտանելի է, ոչ մի դեպքում չի կարելի չարաշահել դեղամիջոցները: Պարացետամոլի օրական չափաբաժինը չպետք է գերազանցի 4000 մգ-ը (4 գ): Իսկ չարաշահման դեպքում այս դեղամիջոցը կարող է առաջացնել լյարդի ծանր անբավարարություն՝ ընդհուպ մինչեւ լյարդի լիակատար ախտահարում՝ մահվան ելքով:
Հիշեք նաեւ, որ ցավազրկող դեղահաբը չի կարելի դնել անմիջապես լնդերի վրա, քանի որ այն կարող է այրել լնդերը եւ խորացնել ձեր տառապանքները:
Այտին սառը թրջոց դրեք
Սառը թրջոցը հատկապես արդյունավետ է ատամների վնասվածքների դեպքում: Ավելի լավ է օգտագործել տոպրակով սառեցված ոլոռ կամ բանջարեղեն, որը սառնությունն ավելի երկար կպահի, քան սառը ջրով թրջած սրբիչը:
Բերանը ողողեք գոլ աղաջրով
Այս ողողումները հեշտ միջոց են բերանի խոռոչն արագ ախտահանելու եւ ատամների միջեւ խրված սննդի մասնիկները հեռացնելու համար: Համարվում է, որ փոքր քանակությամբ աղը նվազեցնում է բորբոքումը: Լուծույթը պատրաստելու համար մի բաժակ գոլ ջրին 1/2 թեյի գդալ աղ խառնեք:
Բերանը ողողեք ջրածնի պերօքսիդի լուծույթով
Ջրածնի պերօքսիդը կարող է նվազեցնել ցավի զգացողությունը, վերացնել բորբոքումը եւ նվազեցնել լնդերի արյունահոսությունը: Լուծույթ պատրաստելու համար անհրաժեշտ է 3%-անոց հեղուկ պերօքսիդը խառնել գոլ ջրի հետ՝ 50-50 հարաբերակցությամբ: Ողողելուց հետո անպայման թքեք լուծույթը, այն կուլ մի տվեք: