Համի-հոտի կորուստը բնորոշ չէ «դելտա» շտամին, որը գերակշռում է Հայաստանում․ նախարար
Հայաստանում այս պահին ընթանում է հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց, քանի որ գրանցվում է կորոնավիրուսային հիվանդության թվի աճ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ կորոնավիրուսով վարակվածների թվերն ավելանում են:
«Վերջերս խստացված հակահամաճարակային միջոցների կիրառման պահանջը հենց այդ թվերի աճի զսպմանն է միտված: Այս պահին հավելյալ հիվանդանոցային մահճակալների ծավալման գործընթաց է ընթանում, և հընթացս պետք է ավելացնենք մեր հզորությունները: Այժմ նկատվում է կորոնավիրուսային հիվանդության երիտասարդացում և ընթացքի ավելի կտրուկ վատթարացում, ինչը նշանակում է, որ կունենանք հոսպիտալացման ավելի երկար օրեր: Առկա մահճակալային ֆոնդի կիրառման առումով շատ ավելի կբարդացնի այս իրավիճակը: Արդեն այս պահին 1000-ից ավելի պացիենտներ ունենք, ովքեր օգտվում են հիվանդանոցային-բժշկական օգնությունից: Հիվանդության զարգացման պատկերը շատ ավելի կտրուկ է»,- նշեց Ավանեսյանը:
Նրա խոսքով՝ հիվանդության բուժման առումով շեշտակի փոփոխություններ չկան, և ամենագործուն միջոցը մնում է դրա կանխարգելումը: Ավանեսյանը շեշտեց նաև, որ ներկայում Հայաստանում շրջանառվող գերակշիռ շտամը «դելտա» շտամն է: