Հրաչ Մուրադյան. Ես եմ կտրել աղջկաս պորտալարը
Starnews-ն արդեն տեղեկացրել է, որ հաղորդվար Հրաչ Մուրադյանն օրերս դուստր է ունեցել: Միան ծնվել է ԱՄՆ-ում, քանի որ Հրաչի կինը՝ Անաշեհ Խոդավերդին, այնտեղ է ապրում:
Հրաչ Մուրադյանը դստեր ծնվելու առիթով խոսել է Tert.am.life-ի հետ:
Հաղորդավարը նկատել է, որ հիմա իր գրաֆիկի մենեջ երը 1 շաբաթական Միան է։
Հրաչը պատմել է, որ դստեր ծննդի շրջանում պատասխանատվության մեծ վախ է հաղթահարել, այնպիսին, որպիսին կյանքի 37 տարվա ընթացքում երբևէ չի զգացել։
«Դու հասկանում ես, որ ինչ-որ մեկի կյանքի համար պատասխանատու ես։ Որքան էլ տարօրինակ է՝ աղջիկս ամեն ինչ ինքն է որոշել․ ժամանակից ուշ ծնվեց, ժամանակն ինքն է կառավարում՝ ոչինչ հաշվի չառնելով,– ասաց նորաթուխ հայրիկը, ապա պատմեց, որ ներկա է եղել կնոջ ծննդաբերության ընթացքին։ –Այն, ինչ հիմա պատմում եմ, միայն շատ մտերիմ մարդիկ գիտեն։ Ծննդաբերության վերջին րոպեներին որոշեցին, որ պետք է կեսարյան հատում անեն։ Կինս անակնկալի եկավ, հոգեբանորեն աշխատում էի իր հետ, որպեսզի իր համար հեշտ լինի։ Իր հետ եղել եմ նաև վիրահատարանում։ Ես եմ կտրել աղջկաս պորտալարը։ Աննկարագրելի զգացողություն է․ ես ահավոր վախենում եմ արյունից, ոչ թե վախենում եմ, այլ ուշագնաց եմ լինում։ Մեր ընկերներն ասում էին, որ շատ հաճելի ավանդույթ է, երբ պորտալարն ինքդ ես կտրում, չէի կարողանում բացատրել, որ արյունից ուղղակի կարող եմ ուշագնաց լինել և Youtube–ի հերոս դառնալ, որովհետև կինս հերոսի պես պայքարեց, իսկ ես ուշագնաց եղա։ Կինս զգուշացրել էր բժշկին վախիս մասին, բայց երբ բժիշկը հարցրեց՝ ուզո՞ւմ եմ կտրել աղջկաս պորտալարը, ահռելի ուժ իջավ վրաս։ Ինձ ամենակարող էի զգում, կարծես, նախկին կյանքիցս ոչինչ մնացած չլիներ, և ես արեցի դա»։
Հաղորդավարը պատմել է, որ հաջորդիվ սկսվել է հաճելի փորձության երկրորդ փուլը, երբ նորածին բալիկը 3 ժամ մնացել է իր խնամքին։
«Մամային տարան, երեխային 3 ժամ թողեցին ինձ մոտ։ Չէի պատկերացնում՝ ինչ եմ անելու: Կինս շատ մեծ գրականություն է կարդացել երեխայի խնամքի մասին, շատ տեղեկացված է, պատրաստ էր դրան, բայց կյանքի առաջին ժամերին Միան մնաց իմ խնամքին։ Ոտքերս աշխարհից կտրված ստանձնեցի խնամքը։ Ինձ հետ էր բուժքույրը, որի հետ առաջին անգամ լողացրեցինք աղջկաս։ Չգիտեմ՝ Հայաստանում ինչպես է, ինչ-որ բաներ գուցե տարբեր են, ինձ ասացին՝ ճկույթդ պիտի մտցնես երեխայի բերանը, քանի որ նա մարդու մաշկ է ուզում է զգալ։ Չէի հասկանում ուրախանա՞մ, թե՞ պահի պատասխանատվությունը գիտակցեմ»,– պատմեց նա ու հիշեց, որ դա իրենց առաջին հանդիպումն էր, քանի որ COVID-19-ով պայմանավորված իրեն նույնիսկ ուլտրաձայնային ստուգումներին թույլ չէին տվել ներկա լինել։