Ծիծեռնակաբերդի միջադեպի թիվ մեկ մեղավորը Փաշինյանն է
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում երեկ տեղի ունեցած միջադեպը վկայում է, թե ատելության ինչպիսի մթնոլորտ է տիրում Հայաստանում, և հանրության մի հատվածը ինչ վերաբերմունք ունի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ։ Հիշեցնենք՝ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, դստեր հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր գնացել, որտեղ նրան դիմավորել են «Նիկոլ դավաճան» և «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով։
Աննա Հակոբյանը անվրդով լսել և հեռացել էր։ Դրանից հետո գործող վարչախմբի կողմնակիցները, Ազգային ժողովի պատգամավորները վրդովմունքի խոսքեր էին գրում սոցիալական ցանցերում՝ վանկարկողներին մեղադրելով ցեղասպանությա զոհերի հիշատակը անարգելու, ինչպես և Փաշինյանի ընտանիքին քաղաքական շահարկումների մեջ ներքաշելու մեջ։
Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ սեփական ընտանիքին քաղաքական պայքարում առաջինը ներգրավել է Նիկոլ Փաշինյանը։ Իշխանությունը, իհարկե, հրաշալի գիտակցում է, թե հանրության մի մեծ հատված ինչ վերաբերմունք ունի ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև մյուս ՔՊ-ականների նկատմամբ, և, առնվազն, սեփական կնոջն ու դստերը թիկանպահների ուղեկցությամբ հանրային վայր ուղարկելով՝ Փաշինյանն ինքը պետք է գիտակցեր, որ այդ կերպ հարվածի տակ է դնում նրանց, առավել ևս, որ իշխանական բարիքներից օգտվում է ոչ միայն ինքը, այլև ընտանիքի անդամները, և նրանք էլ համապատասխանաբար հանրային պարսավանքի են արժանանալու։
Բնականաբար, ամենևին մտադրություն չունենք արդարացնելու երեխայի մոտ այդ վանկարկումները, բայց դրա առաջին և գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է։
Լիլիթ Մատինյան